Ի՞նչ ասել է՝ «քաղաքական…»
Երկու հազար տարուց ավելի է, մարդկության փիլիսոփայական և պատմական միտքը գտնվում է հասարակական հարաբերությունների կարգավորման լավագույն ձևի փնտրտուքի մեջ: Մարդկության պատմության ընթացքում բազմաթիվ ու բազմապիսի հասարակարգեր են փոփոխվել:
Պետություններում հասարակական հարաբերությունների կարգավորման նույնքան և ավելի շատ կառուցակարգեր են սահմանվել ու կիրառվել: Անտիկ աշխարհի փիլիսոփաներից մինչև ժամանակակից քաղաքագիտական մտքի հանրահայտ ներկայացուցիչները անթիվ-անհամար բարձրարժեք աշխատություններ են հրապարակել:
Անցյալ դարի 80-ականներից սկսեցին համոզել, որ պոստմոդեռնիզմի դարաշրջանում հասարակական հարաբերությունները կարգավորող համակարգերն ու միջոցները կորցրել են իրենց որոշակիությունն ու հստակությունը, և քաղաքականությունը հարկադրական շփման ձևը թելադրողից վերածվել է անձի ընտրության ազատությունն ապահովող միջոցի: Ավելի հակիրճ եթե ձևակերպենք, ասել է թե` վերջնական արդյունքում քաղաքական պատասխանատվությունից անցում է կատարվել կատարյալ անպատասխանատվությանը: Մասամբ, հնարավոր է, այդպես էր` հատկապես աշխարհում լայն տարածում ստացած քաղաքական ամբոխավարության գերակայության պայմաններում: Սակայն ևս մի կարճ ժամանակահատված, և քաղաքական ամբոխավարությունը կարծես կրկին ավարտում է պատմական ու քաղաքակրթական զարգացման կարճատև հատվածի իրեն հատկացված ողջամիտ ժամանակաշրջանը, և բնականորեն իր տեղն է զիջում ռացիոնալ, ստեղծագործ, կայուն և երկարատև շրջանին: Սա ևս մեկ անգամ հաստատում է հնագույն այն բնորոշումը, ըստ որի՝ քաղաքականությունը մարդկային հարաբերությունների կարգավորման մի ոլորտ է, որը պատասխանատու է սոցիալական կարգի պահպանման և հասարակական հարաբերությունների կառավարման համար:
«Պատասխանատու է…», այն չի կարող լինել անպատասխանատու` սա է առանցքային բովանդակային ծանրաբեռնվածությունը:
Վերջինս էլ հիմնավորվում է նրանով, որ շատ ավելի ընդհանրական ձևակերպմամբ` քաղաքականությունը` նպատակի և դրան հասնելու միջոցների և մեթոդների ամբողջությունն է: Իսկ նպատակի գոյությունը և դրա սահմանումն ինքնին ենթադրում է պատասխանատվության ահռելի չափաբաժին:
Պարզապես հիշենք վերը նշվածը և սահմանափակվենք այսքանով: Նաև` մի կողմ թողնենք արդյունավետ քաղաքական համակարգի բնութագրման հարցը, մանավանդ որ, այն խիստ գիտական ու մասնագիտական է, և դրա մասին այս փուլում ոչ մասնագետ արտահայտվողների և լուծումներ առաջարկողների պակաս կարծես թե չկա:
Նույն համատեքստում ուշադրության արժանի է այս ամբողջի մեկ այլ շատ կարևոր և բնորոշ տարր` «քաղաքական» կոչվող «խոսքի», կամ «հայտարարության» լայն կիրառում ստացած մշակույթը և «քաղաքական» կոչվող որոշումների ընդունման նույնպես լայն կիրառում ստացած գործելակերպը:
Պոստմոդեռնիզմի գոյությանը զուգահեռ՝ երբ քաղաքականությունը հարկադրական շփման ձև թելադրողից վերածվել է անձի ընտրության ազատությունն ապահովող միջոցի, դրան ուղեկցող քաղաքական անպատասխանատվության բարդույթը ձևախեղել և ամբողջովին խճողել են «քաղաքական» բառի իմաստն ու բովանդակությունը, նրա ամենագլխավոր առանցքի` պատասխանատվության տարրը:
Բանն այն է, որ հանրության համար այդպես էլ մինչև վերջ չի հստակեցվել և չի պարզաբանվել (համենայն դեպս` հանրային ընկալման համար մատչելի դարձել) այն, թե ի՞նչ ասել է՝ «քաղաքական հայտարարություն», և ինչ ասել է` «քաղաքական որոշում»: Չի ընդգծվել այն սահմանը, կարմիր գիծը, պատնեշը, որտեղ ավարտվում է «քաղաքական» ասածը, և սկսվում է զուտ մասնագիտականը: Նաև` այն, թե` արդյո՞ք գոյություն ունի այդպիսի սահման, նշաձող կամ պատնեշ: Չի պարզաբանվել, թե որքանով է արդյունավետ, գործուն, ընդունելի և հիմնավոր այն «քաղաքական հայտարարությունը» կամ «քաղաքական որոշումը», որն ամրապնդված չէ գիտական ու մասնագիտական անհերքելի փաստարկներով:
Հավանաբար սա է պատճառը, որ առօրյա կյանքում ընդունելի և ընկալելի սովորություն է դարձել այն, որ բացառապես բոլոր հարցերը կարելի է քննարկել և դրանց վերաբերյալ հայտարարություններ անել բանականությունից հեռացած և զուտ հուզական ֆոնի վրա` առանց որևէ մասնագիտական հիմնավորման և առանց որևէ շոշափելի և հասկանալի անհերքելի փաստերի: Ավելին, արդեն երկրորդ արարով` կարելի է, և թույլատրված է իրողությունների վերաբերյալ հայտարարել ցանկացած բան, երբեմն` կատարյալ անհեթեթություն, նույնիսկ` հայհոյանքի, սպառնալիքի և անեծքի աստիճանի վիրավորական խոսք, և… Եվ չկրել ոչ մի պատասխանատվություն (քաղաքական, բարոյական կամ իրավական) միայն այն հիմնավորմամբ, որ դա եղել է «քաղաքական հայտարարություն»: Բանը հասել է նրան, որ ցանկացած շարքային քաղաքացի իրեն թույլ է տալիս հանրային հարթակներում տարածել տարաբնույթ սուտ, կեղծիք, բանսարկություն, զրպարտանք, և իր համար, որպես իրավական (բարոյականի մասին նշելն այս պարագայում անիմաստ է) պաշտպանության «վահան»՝ ընտրում է «…այս պահին ես քաղաքական հայտարարություն եմ անում …» անհասկանալի և զավեշտի հասնող արտահայտությունը:
Իրականում պարզ տրամաբանությունը ենթադրում է, որ ցանկացած «քաղաքական հայտարարություն» պետք է լինի ամենալուրջ, ամենահավասարակշռված, ամենագրագետ, ամենաբանական և մասնագիտորեն (ինչո՞ւ ոչ` նաև գիտականորեն) հիմնավորված խոսքը: Այն պետք է լինի անհերքելի և ընդհանրացնող, և քննություն բռնի բոլոր առումներով: Հակառակ պարագայում, լավագույն դեպքում` այն վերածվում է պարզապես կարծիքի, առօրյայում` անհետևանք և անբովանդակ խոսքի, իսկ վատագույն դեպքում` խաբեբայության, ձեռնածության (մանիպուլյացիայի), կամ, որ առավել վտանգավոր է` բռնության կոչի:
Նույնը, իսկ միգուցե առավել, նշվածը վերաբերում է «քաղաքական որոշում» ասածին: Վերջինս եթե հստակ և մասնագիտորեն հիմնավորված չէ, ապա առաջին հայացքից վերածվում է կամայական, այսրոպեական խնդիրների լուծմանն ուղղված գործողության` իր մշուշոտ և անկանխատեսելի հետևանքներով (հանրության առնվազն ոչ այնքան իրազեկ լայն հատվածի համար):
Օրինակ` ինչպե՞ս կընկալվի այն, որ` մի գործիչ «քաղաքական հայտարարություն» տարածի ոչ թե հասարակական հարաբերությունները կարգավորող որևէ ոլորտի (իրավական, տնտեսական, սոցիալական և այլն), այլ, ասենք` քիմիայի, ֆիզիկայի, կենսաբանության կամ բնական այլ գիտություններին վերաբերող հարցերում: Ավելին` «քաղաքական որոշում» ընդունվի, ասենք` երկրի ձգողականության հետ կապված, և այն հայտարարվի այլևս գոյություն չունեցող իրողություն: Զավե՞շտ է… Անխտիր բոլորը կասեն` բնականաբար, այո:
Իսկ կարո՞ղ ենք վստահաբար պնդել, որ տնտեսագիտությունն ու իրավագիտությունն այն գիտություններն են և այն մասնագիտական ոլորտներն են, որոնց դեպքում կարելի է և թույլատրված է արհամարհել դրանց հիմունքները, պոստուլատները, օրենքներն ու օրինաչափությունները:
Այս ամենն ընդհանրացնելով՝ տրամաբանական հարց է ծագում: Իսկ որտե՞ղ է այն սահմանը, կարմիր գիծը, պատնեշը, որտեղ ավարտվում է «քաղաքական» ասածը, և սկսվում է զուտ մասնագիտականը:
Դժվար է գտնել այդ սահմանը, որովհետև այն պարզապես չկա, և այն չի կարող լինել մի պարզ պատճառով: Բանն այն է, որ «քաղաքական…»-ը , որքան էլ այն ձևախեղվի, որակազրկվի և իմաստազրկվի, միևնույն է, դա այն ընդհանրացնողն է, այն ուրվագծողն է, որը ծնվում է բացառապես մասնագիտական եզրահանգումներից և գիտական հիմնավորումներից: Եվ որքան էլ փորձենք դրա շուրջը պտտվել ու խուսափել, միևնույն է` քաղաքական նպատակների իրականացման արդյունքները պետք է նյութականանան: Իսկ նյութականացումն անհնարին է, եթե «քաղաքական…» ասածի մտահղացումից մինչև նրա վերջնական արդյունքին հասնելը չի ուղեկցվում և միահյուսված չէ մասնագիտականի, իսկ ժամանակակից աշխարհում` բացառապես գիտականի հետ:
Այնպես որ, հարգելի հայրենակիցներ`
լսե’ք գիտնականներին, լսե’ք մասնագետներին…
ԿԱՐԵՆ ՃՇՄԱՐԻՏՅԱՆ
ՀՀ էկոնոմիկայի նախկին նախարար