Պապիկյանի՝ «մենակ մնալու» իրավունքի բացահայտումը՝ հանրային գերակա շահ
«Հրապարակ» թերթը տեղեկություն էր հրապարակել ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի կենսագրությունից, ով նաև «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նախագահն է և այժմ նաև սահմանադրական հանրաքվեի «Այո»-ի շտաբի ղեկավարը: Ըստ լրատվամիջոցի, զինծառայության ժամանակ նա իր հրամանատարին դանակով խփել է և քրեական գործ է հարուցվել այդ առիթով։ Ս.Պապիկյանին մեղադրանք է առաջադրվել Ռուսաստանի Դաշնության քրեական օրենսգրքի 334-րդ հոդվածի 2-րդ մասի Բ կետով և 334-րդ հոդվածի առաջին մասով։ Նա պատիժը կրել է «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում, ապա մոտ մեկ տարի անց՝ 2007թ. փետրվարի 23-ին ազատ է արձակվել համաներումով։
Հրապարակմանն ի պատասխան Սուրեն Պապիկյանը ֆեյսբուքյան ուղիղ միացմամբ հայտարարել է.
«ՀՀ օրենսդրությամբ, եթե որևէ դատվածություն մարված է, տվյալ անձը դատված չի համարվում… Իմ արարքը ոչ կանոնադրային հարաբերություններին մասնակցություն է, համաներմամբ ազատ եմ արձակվել, դրանով համարվել է մարված իմ դատվածությունը: Դա եղել է 13-14 տարի առաջ: Կյանքի մի էտապ է, որը ես փակված եմ համարում»,- ասել է նա:
Պապիկյանը հայտարարել է, որ անձնական կյանքի մասին այդ գաղտնի ինֆորմացիան գաղտնի ինֆորմացիա է, որը ոստիկանության հատուկ բաժնում է պահվում. «Այսինքն՝ այս ինֆորմացիայի հասանելիությունը կարող է լինել միայն իրավապահ համակարգի բարձր պաշտոնյաների և տվյալ անձի համաձայնությամբ որևէ մեկին տրամադրելով: Սա նշանակում է, որ տարբեր բարձրաստիճան պաշտոնյաներ փոխանակ զբաղված լինեին հետհեղափոխական շրջանում Հայաստանի Հանրապետությունը թալանող, հայ ժողովրդին տարիներ շարունակ ունեզրկող, անարգողներին ու նրանց կատարած հանցագործությունները բացահայտելու գործին՝ զբաղված են եղել ՀՀ պետական պաշտոնյայի, իրենց գործընկերների նկատմամբ կոմպրոմատների փաթեթներ ձևավորելով: Սա անընդունելի է: Եվ տվյալ անձինք այսօր խոսում են պատվից, խոսում են սպայի պատվից: Ընդհանրապես ՀՀ-ում այս հանգամանքը իսպառ պետք է արմատախիլ արվի: Ես դիմում եմ ԱԱԾ պետին, Ոստիկանության պետին և խնդրում եմ պարզել, թե ում ձեռքով ու ինչպես է իմ անձնական կյանքին վերաբերող գաղտնի ինֆորմացիան դարձել իրենց կողմից տարբեր լրատվականների միջոցով իմ անունը մրոտելու առիթ»,- ասել է նա՝ իրավապահ մարմիններին առաջարկելով իր այդ հայտարարությունը դիտարկել որպես դիմում, իսկ ցանկության դեպքում կարող է մոտենալ նաև բաժին և գրավոր դիմում ներկայացնել:
Այսքանը հրապարակման և պաշտոնյայի հայտարարության մասին:
Որո՞նք են խնդրո առարկայի իրավական կողմերը
Նախ՝ ակնհայտ է, որ հակասահմանադրական նախագծին գլխավոր «Այո» ասողը, մեղմ ասած, պատկերացնում չունի՝ ինչ ասել է՝ անձնական կյանքի իրավունք, և ինչպես է դա իրացվում։
Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 8-րդ հոդվածի համաձայն՝ «յուրաքանչյուր անձ ունի իր անձնական և ընտանեկան կյանքի, բնակարանի անձեռնմխելիության և նամակագրության գաղտնիության իրավունք»։ Կամ, ինչպես մասնագիտական գրականության մեջ ընդունված է անվանել՝ «մենակ մնալու» իրավունք։
Ի դեպ, անձնական կյանքի գաղտնիությանն առնչվող դատական առաջին վճիռը կայացվել է 1881թ․ Միչիգանի Գերագույն դատարանի կողմից։ Դատարանը պարտավորեցրեց անձին վճարել փոխհատուցում կնոջ ծննդաբերությանը ներկա լինելու համար, քանի որ կինն իր բնակարանի անձեռնմխելիության իրավունք ուներ։
Այս համատեքստում շատ կարևոր է անդրադառնալ երեք հիմնական իրավական կանոնի՝ հանրության օրինական շահ, հանրային և մասնավոր անձ և, այսպես կոչված, գաղտնիության իրավունքը լրատվամիջոցներում։ Մասնավորապես, անձի մասնավոր կյանքը լուսաբանելիս լրագրողները պետք է պահպանեն հավասարակշռություն տեղեկատվության ազատության և անձի անձնական կյանքի անձեռնմխելիության իրավունք ունենալու իրավական ակնկալիքի միջև, և նման հավասարակշռություն չպահպանելը կարող է իրավաչափ լինել միայն, եթե կա հանրային գերակա շահ, ընդ որում, այդ շահը ավելի գերակա է, քան պատճառվելիք վնասը։
Ըստ էության, իմ գնահատմամբ, խնդրո առարկա հրապարակումը որևէ վնաս չի հասցրել Սուրեն Պապիկյանին, այն պարզապես հանրայնացրել է նախարարի կյանքից մի դրվագ, որը նրա կողմից, այսպես ասած, խնամքով թաքցվում էր։
Հանրային հեռուստառադիոընկերությունների վարքագծի կանոնագրքի 6-րդ հոդվածը հանցագործության կամ հակասոցիալական վարքին առնչվող հարցերը համարում է օրինական հանրային շահ, և ըստ էության այս հրապարակումն էլ տեղավորվում է նման պահանջի տրամաբանության մեջ։
Ըստ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի ՝ «հանրային անձինք են համարվում հանրային պաշտոններ զբաղեցնողները և/կամ հանրային ռեսուրսներ օգտագործողները, և, ավելի լայն իմաստով, բոլոր նրանք, ովքեր հանրային կյանքում որոշակի դեր ունեն թե՛ քաղաքականության մեջ, թե՛ տնտեսության մեջ, թե՛ արվեստում, թե՛ սոցիալական ոլորտում, թե՛ սպորտի կամ ցանկացած այլ բնագավառում»: Իսկ, օրինակ, ըստ ՄԻԵԴ-ի՝ «պետք է տարբերակել մասնավոր անձանց հանրային համատեքստում գործող անձանցից, քաղաքական կամ հասարակական գործիչներից: Համապատասխանաբար, մինչդեռ հանրությանը անհայտ անձը կարող է պահանջել անձնական կյանքի գաղտնիության իրավունքի հատուկ պաշտպանություն, նույնը վերաբերելի չէ հանրային անձանց»։ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) Մեծ Պալատը ՖՈՆ ՀԱՆՆՈՎԵՐՆ ԸՆԴԴԵՄ ԳԵՐՄԱՆԻԱՅԻ ԳՈՐԾ-ով (թիվ 2) (գանգատներ թիվ 40660/08 և 60641/08) հստակ սահմանում է, որ Հասարակական գործիչները պարտավորություն ունեն հանդուրժելու ավելին, քանի որ նրանք իրենց դնում են ուշադրության կենտրոնում՝ համաձայնություն տալով հանրային քննարկման առարկա լինել, առնվազն այն հարցերի շուրջ, որոնք ազդում են իրենց հասարակական պարտականությունների վրա, քանի որ գործունեության բնույթից ելնելով՝ հանրային անձանց նկատմամբ հասարակական հետաքրքրությունը բարձր է։
Այսպիսով, ամբողջացնելով ասվածը, պետք է նշեմ, որ խնդրո առարկա հրապարակումը որևէ կերպ չէր կարող հատվել անձնական կյանքի պաշտպանության իրավական ռեժիմի հետ, և ըստ էության հանրային շահը և/կամ տեղեկատվության բացահայտման իրավական ակնկալիքը գործում է։
Թե ի՞նչ նպատակով է Պապիկյանը դիմել իրավապահ մարմիններին՝ անհասկանալի է, սակայն, եթե այն տեղավորելու լինենք սատանայի հետ կապի բացահայտման ուղղությամբ տարվող աշխատանքների շուրջ ԱԱԾ-ին տրված հանձնարարականի տրամաբանության մեջ, ապա գուցեև պատկերն ամբողջանա։
Ռոբերտ Հայրապետյան
իրավաբան