
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել Իրանի նախագահին և հոգևոր առաջնորդին

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանիին և Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ Սեյյեդ Ալի Խամենեիին՝ Իսլամական հեղափոխության հաղթանակի 41-րդ տարեդարձի կապակցությամբ:
ՀՀ վարչապետի՝ ԻԻՀ նախագահին ուղղված շնորհավորական ուղերձում ասված է.
«Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Իրանի բարեկամ ժողովրդին Իսլամական հեղափոխության հաղթանակի 41-րդ տարեդարձի կապակցությամբ:
Մեր ժողովուրդների միջև դարավոր բարեկամությունն ու պատմական ավանդույթները ամուր հիմք են հայ-իրանական անխափան հարաբերությունների շարունակական առաջընթացի համար։
Համոզված եմ, որ Իրան կատարած իմ այցի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների, ինչպես նաև համատեղ ծրագրերի լիակատար իրագործումը կնպաստեն երկկողմ հարաբերությունների ընդլայնմանը՝ ի շահ երկու ժողովուրդների:
Օգտվելով առիթից՝ հրավիրում եմ Ձեզ այցելելու Հայաստան Ձեզ հարմար ժամանակ:
Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և հաջողություն, իսկ Իրանի բարեկամ ժողովրդին՝ բարեկեցություն և խաղաղություն»:
Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ Սեյյեդ Ալի Խամենեիին ուղղված շնորհավորական ուղերձում նշված է.
«Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Իրանի բարեկամ ժողովրդին Իսլամական հեղափոխության հաղթանակի 41-րդ տարեդարձի կապակցությամբ:
Համոզված եմ, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը կշարունակի զարգացման ուղին՝ արձանագրելով նորանոր հաջողություններ և ձեռքբերումներ:
Դարերի խորքից եկող հայ-իրանական հարաբերությունները, հիմնված մեր ժողովուրդների միջև անխախտ բարեկամության ու փոխադարձ հարգանքի վրա, երկկողմ գործակցության ընդլայնման առհավատչյան են։
Հայաստանը շահագրգռված է բարեկամ Իրանի հետ առաջ մղելու ընդգրկուն երկկողմ օրակարգ` ի նպաստ մեր ժողովուրդների բարօրության ու առաջընթացի:
Ձերդ Վսեմությանը մաղթում եմ քաջառողջություն և արևշատություն, իսկ Իրանի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և բարգավաճում»: