Աշխարհի բնակչության երկու երրորդը կորոնավիրուսով վարակման սպառնալիքի տակ է. համաճարակաբան
Հոնկոնգցի ականավոր համաճարակաբան Գեբրիել Լյանը կարծիք է հայտնել, որ Երկիր մոլորակի բնակչության երկու երրորդը կարող է նոր կորոնավիրուսով վարակման սպառնալիքի տակ հայտնվել, եթե այն չհաջողվի վերահսկողության տակ առնել։
Բրիտանական The Guardian թերթում հրապարակված հարցազրույցում նա ասել է, որ փորձագետների մեծ մասը հակված է կարծելու, որ յուրաքանչյուր վարակված կարող է վիրուսը փոխանցել եւս առնվազն երկու մարդու, այսինքն՝ ախտահարվածության ցուցանիշը կարող է կազմել 60 – 80 տոկոս:
Լյանի խոսքով՝ այժմ հիմնական խնդիրներն են վիրուսի տարածման մասշտաբները որոշելն է, ինչպես նաեւ պարզելը, թե արդյոք Չինաստանում ձեռնարկված միջոցներն իրոք արդյունքներ են տալիս: «Երկրի բնակչության 60 – 80 տոկոսը կվարակվի արդյոք: Գուցե՝ ոչ: Գուցե դա տեղի ունենա ալիքաձեւ: Գուցե մահաբեր վախճանների քանակը նվազի»,- ասել է թերթի զրուցակիցը:
«Ենթադրենք (կորոնավիրուսի համաճարակի դեմ պայքարի – խմբ.) Չինաստանի միջոցներն աշխատեն,- շարունակել է նա:- Բայց որքա՞ն երկար կարելի է փակ պահել դպրոցները: Որքա՞ն երկար կարելի է արգելափակել մի ամբողջ քաղաք»: Լյանը համաշխարհային մակարդակի փորձագետներից մեկն է կորոնավիրուսային համաճարակների ոլորտում: 2002 – 2003 թվականներին նա բրիտանացի գործընկերների հետ աշխատել է ոչ տիպական թոքաբորբի համաճարակի կասեցման բնագավառում, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: