«650.000 ձայն հավաքելը հեշտ գործ չէ». Հովիկ Աղազարյան
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը չի հիշում, թե ով է ընդդիմությունից ասել, որ Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն ծայրից ծայր հակասահմանադրական է: Երբ լրագրողները նրան հիշեցրին, որ նման տեսակետ է հայտնել «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը, Աղազարյանը նկատեց՝ իր համեստ իրավական գիտելիքներով հանդերձ՝ չի կարող կիսել Մարուքյանի տեսակետը:
«Մենք չենք ասել, որ այս հանրաքվեն ժողովուրդն է ուզել, այլ ասել ենք, որ ժողովուրդը հեղափոխություն է արել, որը պետք է իրականանա ամբողջությամբ: Մենք այստեղ որոշակի խնդիրներ ունենք և չենք ուզում, որ Ազգային ժողովն իր վրա վերցնի այդ կարևորագույն հարցերից մեկի վերաբերյալ որոշում կայացնելը, ուստի որոշել է դիմել ժողովրդին, որպեսզի նա իրացնի իր իշխանությունը: Հանրաքվեից ավելի բարձր իրավական ակտ ես չեմ պատկերացնում»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց Հովիկ Աղազարյանը:
Նրա խոսքով՝ ավելի լավ է լրագրողները գրեն, թե ինչ համարձակ քայլի են գնում իշխանությունները, քանի որ 650.000 ձայն հավաքելը հեշտ գործ չէ, հետևաբար՝ այդ ամենի պատասխանատվությունը վերցնում ու հանձնում են ժողովրդի դատին:
«Թեև չեմ կարծում, որ այդ ձայների առումով դժվարություն կունենանք, որովհետև մեր մարդկային և քաղաքական պոտենցիալը բավարարում է, որպեսզի ժողովրդին ճիշտ ներկայանանք, եթե այդքան ձայն չլինի, ապա Սահմանադրական փոփոխություններ չեն լինելու»,- շեշտեց նա:
Հիշեցնենք, որ Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն տեղի կունենա ապրիլի 5-ին:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում