ՀՀ նախագահի հետ ի՞նչ պայմանավորվածության մասին էր նշում վարչապետ Փաշինյանը. մեկնաբանել են նախագահի աշխատակազմից

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը փետրվարի 6-ին ԱԺ արտահերթ նիստում ՀՀ Սահմանադրության փոփոխությունների նախագծի մասին իր ելույթում հայտարարել էր. «Ի դեպ, ուզում եմ ասել, որ մենք ՍԴ ճգնաժամի լուծման հարցով քննարկումներ ենք ունեցել Հանրապետության նախագահի հետ և համոզվել, որ նա համաձայն է տվյալ իրավիճակը հանրաքվեով լուծելու առաջարկվող բանաձևի հետ, ինչի մասին, կարծում եմ՝ ինքը կհայտարարի: Ահա, ուրեմն, Սահմանադրական դատարանի հարգելի անդամներ, դուք կարող եք հրաժարական ներկայացնել մինչև Հանրապետության նախագահի կողմից տվյալ որոշման ստորագրումը և դրանով մեծ ծառայություն մատուցած կլինեք Հայաստանի Հանրապետությանը և նրա ժողովրդին»:

168.am-ն այս առնչությամբ մի քանի հարցեր էր հղել  ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին՝ մասնավորապես ճշտելու՝

1. Ի՞նչ համաձայնության և պայմանավորվածության մասին է նշում Ն. Փաշինյանը:

2. Դեռևս ծանոթ չլինելով Սահմանադրության փոփոխությունների առաջարկվող նախագծին՝ ինչի՞ մասին է եղել քննարկումը, ինչի՞ն է տրվել համաձայնություն, և ինչպե՞ս է հնարավոր եղել եզրակացնել, որ տվյալ իրավիճակը կարող է հանրաքվեով լուծվել:

Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից ստացանք պատասխանները, որտեղ, սակայն, հստակ չի նշվում, թե ինչին է տրվել համաձայնություն, եթե դեռևս չէր շրջանառվել Սահմանադրության փոփոխությունների նախագիծը, փոխարենը՝ արձանագրված էր ՀՀ նախագահի ընդհանրական մոտեցումները քննարկվող իրավական հարցերի վերաբերյալ.

«Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը և վարչապետ Նիկոլ Փաշինյանը փետրվարի 4-ին կայացած  հերթական աշխատանքային հանդիպմանը քննարկել են երկրի ընթացիկ օրակարգին և զարգացմանը վերաբերող տարբեր խնդիրներ, այդ թվում՝  անդրադարձել երկրի պետական ինստիտուտների կայացմանը և հակակշիռների ու փոխզսպումների ճշգրիտ և գործուն համակարգի ստեղծմանն առնչվող հարցերի:

Հանրապետության նախագահը, ինչպես բազմիցս, վերստին ընդգծել է պետական և հասարակական կյանքին առնչվող կարևորագույն որոշումները կայացնելիս ժողովրդի կարծիքը հաշվի առնելու կարևորությունը: Այդ թեմային Հանրապետության նախագահն անդրադարձել է նաև օրերս «Շանթ» հեռուստաընկերությանը, «Առավոտ» օրաթերթին և «Մեդիամաքս» գործակալությանը տված հարցազրույցում՝ մեկ անգամ ևս արտահայտելով  իր սկզբունքային դիրքորոշումը կարևորագույն որոշումները ժողովրդի անմիջական կամարտահայտությամբ՝ հանրաքվեով որոշելու նպատակահարմարության և անհրաժեշտության մասին»:

Հիշեցնենք, սակայն, որ Սահմանադրական փոփոխությունները հանրաքվեի դնելու նախագիծն Ազգային ժողովն ընդունել է փետրվարի 6-ին արտահերթ նիստում: Իսկ ՀՀ նախագահն ու ՀՀ վարչապետը հանդիպել են փետրվարի 4-ին:

Տեսանյութեր

Լրահոս