«Եթե հիմա սկսեմ պատմել, թե հեղափոխության օրերին այս կաբինետում քննարկման ժամանակ ինչ էին ասում ու ինչով էին զբաղված, այդ մարդիկ կարող է դիմեն ինքնասպանության». Էդմոն Մարուքյանը՝ իշխանությանը

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն այսօր լրագրողների հետ ճեպազրույցում՝ խոսելով Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեից, անդրադարձավ նաև «Իմ քայլը» խմբակցության որոշ պատգամավորների այն կարծիքներին, որ հանրաքվեի հետ կապված չպետք է ընկնեն «տառակերության» հետևից, եթե այդպես անեին 2018  թվականին, ապա հեղափոխություն չէին անի, և ինչպես երկու տարի առաջ Էդմոն Մարուքյանն իր «ձեռքերը լվաց» և չշարունակեց ճանապարհը Փաշինյանի հետ, այնպես էլ այսօր է անում:

«Եթե ես հիմա սկսեմ պատմել, թե հեղափոխության օրերին նման բան ասողներից ով ինչ է ասել և ինչով է զբաղված եղել այս կաբինետում քննարկման ժամանակ, այդ մարդիկ կարող է դիմեն ինքնասպանության, իսկ ես չեմ ուզում ինքնասպանության  դրդելու հոդվածով դատվեմ: Իսկ մնացածի մասով կասեմ հետևյալը, որ իշխանության ներկայացուցիչները սխալ են մեկնաբանում, ասում են՝ օրենք, դատարան-մատարան չկա ժողովրդի դեմ: Եթե մի բան մի անգամ արել են, ու իրենց մոտ ստացվել է, ապա դա չի նշանակում, որ դրանից հետո ով ինչ ասի, պետք է այդ ամենը օրինակ բերեն»,- ասաց Էդմոն Մարուքյանը:

Նա ընդգծեց, որ երկու տարի առաջ իրենք իրենց «ձեռքերը չեն լվացել»:

«Այսօր  քննարկում էին, որ պատգամավորները կարող են անարգել գնալ կալանավայրեր, և այդ ֆոնին Մանե Թանդիլյանը հիշեց, որ գնացել էր Փաշինյանի և Սասուն Միքայելյանի հետևից ոստիկանություն, և չէին թողնում ներս մտնել»,- եզրափակեց Էդմոն Մարուքյանը:

Տեսանյութեր

Լրահոս