«Հայաստանում ունե՞նք համապատասխան բժշկական մեկուսարաններ, որում հնարավոր կլինի պահել մարդկանց». Վիրուսաբանը՝ նոր կորոնավիրուսի դեմ պայքարի մասին

Չինաստանում նոր կորոնավիրուսից (2019-nCoV) մահացածների թիվը շարունակում է աճել: Փետրվարի 10-ի ժամը 24։00-ի դրությամբ՝ մահացածների թիվը հասել է 1016-ի: Հիվանդությունից բուժվածների թիվը 3996 է. փոխանցում է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը:

Մեծ Բրիտանիայի կառավարությունը կորոնավիրուսը հայտարարել է սպառնալիք, երկրում արդեն կան թվով 8 վարակվածներ, այդ թվում՝ մեկ բուժաշխատող:

«Ինտերֆաքսի» հաղորդմամբ՝ համաճարակի հետ կապված, Ռուսաստանում վերահսկողության ներքո է գտնվում ավելի քան 20 հազար մարդ: Ըստ «Ռոսպոտրեբնադզոր»-ի՝ 20.000-ից 6000-ը Չինաստանի քաղաքացիներ են:

Հայաստանի առողջապահության նախարարության տվյալներով` հունվարի 27-ից մինչև փետրվարի 5-ը Հայաստան է ժամանել 859 անձ, որոնց նկատմամբ սահմանվել է հսկողություն՝ ըստ բնակության վայրի:

«Ձեռնարկված միջոցառումների արդյունքում մինչ օրս կորոնավիրուսային վարակին բնորոշ կասկածելի ախտանշաններ ունեցող 40 պացիենտ է հոսպիտալացվել, որոնցից 26-ը դուրս է գրվել (դուրսգրումները շարունակվում են), 14 պացիենտ դեռևս հոսպիտալացված է: Բոլորը ստացել և ստանում են ախտանշանային բուժում, անհրաժեշտության դեպքում կազմակերպվում են լաբորատոր հետազոտությունները: Արդյունքում` եզակի դեպքերում հայտնաբերվել են գրիպի Ա տեսակի հարուցիչներ, ռինովիրուսներ, իսկ նոր կորոնավիրուսի հետազոտության արդյունքները եղել են բացասական»,- փետրվարի 5-ին տեղեկացրել են ՀՀ առողջապահության նախարարությունից:

Հարկ է նշել, որ Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից Հայաստանին կտրամադրվի լաբորատոր թեստերի նոր խմբաքանակ:

Նախարարությունից ևս մեկ անգամ հիշեցնում են, որ Առողջապահության համաշխարհային կազմակերպության համաձայն՝ վարակը փոխանցվում է օդակաթիլային և կոնտակտային (սերտ շփման) ճանապարհով՝ մարդուց՝ մարդ, իսկ Չինաստանում՝ նաև կենդանիներից՝ մարդուն: Ավելին՝ մրգերի կամ ծանրոցների մակերեսների վրա հարուցիչը չի կարող երկար գոյատևել և հանդիսանալ վարակի տարածման աղբյուր:

Կենսաբանական գիտությունների թեկնածու, ՀՀ ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի գիտաշխատող, վիրուսաբան Հովակիմ Զաքարյանի հետ զրուցել ենք կորոնավիրուսի և գրիպի ընդհանրությունների, ձեռնարկվող միջոցառումների և այլ հարցերի շուրջ:

Կորոնավիրուսը, գրիպի վիրուսի նման, վարակում է շնչուղիները

Կորոնավիրուսը լրիվ այլ ընտանիքի պատկանող վիրուս է, բայց գրիպի վիրուսի հետ ունի որոշ ընհանրություններ։ Այն, գրիպի վիրուսի նման, վարակում է շնչուղիները։ Կլինիկական դրսևորումները նույնպես նման են՝ ջերմություն, հազ, ընդհանուր թուլություն, և այլն։ Սակայն, ի տարբերություն գրիպի վիրուսի, գոյություն չունեն հակավիրուսային դեղամիջոցներ կամ պատվաստանյութեր մարդու կորոնավիրուսների դեմ։

Պատճառը, թե ինչո՞ւ մինչև հիմա չկա շատ արդյունավետ դեղամիջոց կամ պատվաստանյութ

Մինչև դեկտեմբեր գոյություն ուներ մարդու կորոնավիրուսների վեց տեսակ։ Այդ վեց տեսակների մեջ մտնում են այնպիսի վտանգավոր տեսակներ, ինչպես SARS և MERS կորոնավիրուսները, որոնց դեպքում մահացության աստիճանը համապատասխանաբար՝ 10% և 40% է։ Սա շատ բարձր մահացության ցուցանիշ է վիրուսների համար։ Երկու վիրուսներն էլ բացահայտվել են 21-րդ դարում և տարիներ շարունակ բազմաթիվ գիտական խմբերի հետազոտությունների կենտրոնում են, այդ թվում՝ դեղամիջոցներ ստեղծելու նպատակով։ Բայց դեղամիջոց չլինելու պատճառը թաքնված է վիրուսի կենսաբանության մեջ։ Կորոնավիրուսները ՌՆԹ վիրուսներ են, այսինքն՝ իրենց ժառանգական ինֆորմացիան կոդավորված է ոչ թե՝ ԴՆԹ-ի (ինչպես բոլոր բույսերի և կենդանիների դեպքում), այլ՝ ՌՆԹ-ի մեջ։ Ի տարբերություն ԴՆԹ-ի, ՌՆԹ-ի մոլեկուլը շատ փոփոխական է։ Երբ վիրուսը վարակում է բջիջները և սկսում է ինքնավերարտադրվել, ստեղծելով հարյուրավոր վիրուսային նոր մասնիկներ, վիրուսային սերունդը բավական տարբերվում է «ծնողական» վիրուսից։ Նման բազմազանության պատճառով միշտ լինում են վիրուսային նոր մասնիկներ, որոնք ունեն կայունություն որևէ դեղամիջոցի նկատմամբ։ Արդյունքում՝ խոստումնալից դեղամիջոցները որոշ ժամանակ անց դառնում են անպիտան, քանի որ միջավայրում սկսում են գերակշռել տվյալ դեղամիջոցի դեմ կայունություն ունեցող վիրուսները։

Սա է պատճառը, թե ինչու մինչև հիմա չկա շատ արդյունավետ դեղամիջոց կամ պատվաստանյութ կորոնավիրուսի դեմ։

Շատ հավանական է, որ այս նոր կորոնավիրուսը մուտացիայի արդյունքում կարողացել է «թռչել» մեկ տիրոջից մյուսի վրա

Կորոնավիրուսների ընտանիքի բազմաթիվ ներկայացուցիչներ կան, որ վարակում են թռչուններին, խոշոր եղջերավոր անասուններին, կատուներին, չղջիկներին, և այլն։ Նորություն չէ, որ վիրուսները, հատկապես՝ ՌՆԹ գենոմ ունեցող, կարող են որոշակի մուտացիաների առկայության դեպքում անցնել մեկ տեսակից մյուսին։ Հավանաբար կհիշեք՝ տարիներ առաջ եղան դեպքեր, երբ թռչուններին վարակող գրիպի վիրուսի մի տեսակ վարակել էր նաև մարդկանց՝ թռչնագրիպը։ Կորոնավիրուսների դեպքում էլ SARS-ը մարդկանց անցել է չղջիկներից։ Շատ հավանական է, որ այս նոր կորոնավիրուսը նույնպես ունեցել է մեկ այլ տեր և մուտացիայի արդյունքում կարողացել է «թռչել» մեկ տիրոջից մյուսի վրա։

Հայաստանում ունե՞նք համապատասխան բժշկական մեկուսարաններ, որում հնարավոր կլինի պահել մարդկանց

Ջերմություն չափելն այն մինիմալ բանն է, որ պետք է անել, բայց դրա արդյունավետությունն էլ շատ մեծ չէ, քանի որ վիրուսի ինկուբացիոն շրջանը երկու շաբաթ է, երբ որևէ կլինիկական դրսևորում չկա։ Մարդը կարող է ունենալ վիրուս, անգամ տարածել, սակայն չունենալ որևէ ախտանշան։ Մեկուսացումը ճիշտ քայլ է, սակայն հարց է առաջանում․ Հայաստանում ունե՞նք համապատասխան բժշկական մեկուսարաններ, որում հնարավոր կլինի պահել մարդկանց և հետևել նրանց առողջական վիճակին։ Այս հարցը պետք է տալ նախարարության պատասխանատուներին։

Առաջնային օղակի կենտրոններում՝ պոլիկլինիկաներում, թե՛ սարքավորումներ, թե՛ մասնագետներ, որպես կանոն, չկան:

Կոմերցիոն թեստերը, գրեթե մեկ ամիս է, ինչ հասանելի են Հայաստանում: Դրանք թեստեր են, որոնք պահանջում են որոշակի լաբորատոր սարքավորումներ և, իհարկե, մասնագետներ։ Վստահ եմ, որ որոշ խոշոր հիվանդանոցներում թե՛ սարքավորումներ, թե՛ մասնագետներ կան, ուրիշ բան, որ առաջնային օղակի կենտրոններում՝ պոլիկլինիկաներում, դրանք, որպես կանոն, չկան։ Եվ սա լուրջ խնդիր է։

Տեսանյութեր

Լրահոս