Բաժիններ՝

ՌԴ ԱԳՆ-ն հայտնել է, թե երբ կարելի կլինի խոսել Վրաստանի հետ ավիահաղորդակցության մասին

Վրաստանի եւ Ռուսաստանի միջեւ ավիահաղորդակցության վերսկսման մասին կարելի կլինի խոսել Թբիլիսիի ռուսատյացության արշավի դադարեցումից եւ ռուսաստանցիների անվտանգության համար որեւիցե սպառնալիքի վերացումից հետո: Այդ մասին ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳ փոխնախարար Անդրեյ Ռուդենկոն:

Ինչպես հիշեցրել է Ռուդենկոն, Ռուսաստանի Դաշնության տարածքից Վրաստանի տարածք քաղաքացիների օդային փոխադրումներ իրականացնելու վերաբերյալ ռուսական ավիաընկերությունների համար 2019 թվականի հուլիսին սահմանված արգելքը ժամանակավոր հարկադրական միջոց է, որին Մոսկվան ստիպված էր դիմել ի պատասխան կոշտ հակառուսական սադրանքի, որը Թբիլիսիում իրականացվեց 2019 թվականի հունիսին ուղղափառության միջազգային խորհրդաժողովի ժամանակ:

«Դրա չեղարկման մասին կարելի կլինի խոսել այն բանից հետո, երբ դրա համար ստեղծվեն անհրաժեշտ պայմաններ: Ամենից առաջ խոսքը Վրաստանում իրադրության կայունացման, ռուսատյացության արշավի դադարեցման եւ մեր քաղաքացիների անվտանգության համար որեւիցե սպառնալիքի վերացման մասին է»,-ասել է Ռուդենկոն:
Ավելի վաղ Վրաստանի վարչապետի՝ ՌԴ-ի հետ կապերի հարցերով հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեն հայտարարել է, որ Վրաստանը կողջունի Ռուսաստանի հետ ուղիղ ավիաչվերթների վերսկսումը, հավելելով, որ զբոսաշրջիկների անվտանգության տեսակետից ոչ մի խնդիր գոյություն չունի:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս