«Իրավապահ մարմինները երևի սպասում են, որպեսզի մեկին գնդակահարեն, իրենք գնան ու ասեն, թե տաք հետքերով հանցագործությունը բացահայտեցին»
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի խոսքով՝ փետրվարի 6-ին տեղի ունեցած ԱԺ խորհրդի նիստից հետո երկրում բավականին մեծ ատելության գեներացիա է տեղի ունենում, որի հետևանք է նաև այն, որ ինքը և իրեն հարազատ մարդիկ ստանում են սպառնալիքներով լի նամակներ, որի վերաբերյալ գրառումներ է արել: Դրանից հետո, ըստ Մարուքյանի, որևէ իրավապահ մարմին իր հետ կապ չի հաստատել՝ հասկանալու համար, թե ինչ սպառնալիքների մասին է խոսքը:
«Պատկերացրեք, քաղաքական գործիչը հայտարարում է, որ ինքը սպառնալիքներ է ստանում, բայց զրո արձագանք իրավապահների կողմից, այսինքն՝ սա նորմալ է, ատելության գեներացիան որտեղի՞ց է՝ իշխանություններից է, իսկ իշխանությունն ինչո՞ւ պետք է արձագանքի: Ես Գլխավոր դատախազին հաղորդում եմ ներկայացրել, տեքստում գրել եմ նաև նամակի բովանդակությունը, որտեղ նշում են՝ զգուշացեք, շուտով գնդակները որոտալու են: Մյուս հատվածը հայհոյանքներ են, որոնց մասին չեմ ուզում ասել, գրողը ֆեյք չէ, եթե ֆեյք լիներ, մենք պարապ չենք՝ դրանցով զբաղվել, այս գրողի բոլոր տվյալներն ուղարկվել է Գլխավոր դատախազությանը: Իրավապահ մարմինները երևի սպասում են, որպեսզի մեկին գնդակահարեն, իրենք գնան ու ասեն, թե տաք հետքերով հանցագործությունը բացահայտեցին»,- այսօր խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Էդմոն Մարուքյանը:
Նա նաև տեղեկացրեց, որ ԱԺ խորհրդի նիստից հետո Կառավարությունը որոշել է աուդիտ անցկացնել Վանաձորի քաղաքապետարանում, և այդ աուդիտում հարցերից մեկը վերաբերում է նրան, որ պետք է ճշտեն, թե քաղաքապետարանում ովքեր են «Լուսավոր Հայաստան» կուսակցության անդամներ:
Էդմոն Մարուքյանը վստահ է, որ իջեցվել է հստակ քաղաքական պատվեր՝ ճշտելու՝ Վանաձորի հիմնակներում աշխատող ԼՀԿ-ի անդամներ կա՞ն, թե՞ ոչ:
«Մենք սպասում ենք պարզաբանումների, թե այդ ինչ աուդիտ է, որտեղ փնտրում են ԼՀԿ-ի անդամների»,- ասաց Էդմոն Մարուքյանը: