Բաժիններ՝

Վանաձոր քաղաքի 57-ամյա բնակչի սպանության գործով բացահայտվել է առերևույթ հանցագործություն կատարած իրական անձը

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում իրականացված մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել է Վանաձոր քաղաքի 57-ամյա բնակչի առերևույթ սպանություն կատարած իրական անձի ինքնությունը:

Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ 2020 թվականի փետրվարի 5-ին Վանաձոր քաղաքի բնակչուհին իրենց պատկանող տնակում հայտնաբերել էր ամուսնու դին՝ բռնության հետքերով, ինչի մասին հայտնել էր ոստիկանությունը։

Դեպքի առթիվ հարուցված քրեական գործով իրականացված բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությամբ պարզվել է, որ իրականում առերևույթ սպանությունը կատարել է ոչ թե 20-ամյա երիտասարդը, ով ձերբակալվել էր առերևույթ սպանությունը կատարելու կասկածանքով, այլ` նույն քաղաքի 32-ամյա բնակիչը, ով որպես վկա իր ցուցմունքում 20-ամյա երիտասարդին մեղադրել էր նշված սպանությունը կատարելու մեջ, այնուհետև` դիմել փախուստի։

Որոշում է կայացվել 20-ամյա երիտասարդի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին՝ հանցագործության դեպքի բացակայության հիմքով, իսկ 32-ամյա տղամարդուն` ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ (սպանություն) և 333-րդ (սուտ մատնություն) հոդվածների հատկանիշներով որպես մեղադրյալ ներգրավելու մասին, նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, և հայտարարվել հետախուզում:

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս