Գեղարքունիքի ճանապարհների դժվարանցանելի հատվածներում իրականացվում են մաքրման աշխատանքներ
Գեղարքունիքի մարզում փետրվարի 11-ի առավոտվա դրությամբ դեռեւս դժվարանցանելի ճանապարհներ կան, որոնց մաքրման եւ մշակման ուղղությամբ կատարվում են համապատասխան աշխատանքներ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց մարզպետարանի քաղաքաշինության վարչության տրանսպորտի եւ ճանապարհաշինության բաժնի վարիչ Գեւորգ Խաչատրյանը, ճանապարհների մաքրման աշխատանքները հիմնականում ընթանում են Վարդենիսի տարածաշրջանի հինգ տարբեր ուղղություններում եւ Վարդենյաց լեռնանցքում:
Ճանապարհաշինարարների ջանքերով փետրվարի 10-ի ընթացքում հաջողվել է Վարդենիսի տարածքում 14 դժվարանցանելի ուղղություններից 9-ում ապահովել տրանսպորտային երթեւեկությունը: «Փետրվարի 11-ի առավոտյան ժամերի դրությամբ դժվարանցանելի են մնում Վարդենիսի տարածաշրջանի Այրք, Ախպրաձոր, Կախակն, Կութ, Ազատ բնակավայրեր տանող ճանապարհները: Մաքրման աշխատանքներն այժմ ընթանում են ամբողջ ծավալով ու բոլոր ուղղություններում՝ բացառությամբ Այրքի, որտեղ մաքրող տեխնիկան տեղ կհասցվի կեսօրից հետո: Ամենայն հավանականությամբ, փետրվարի 11-ի երեկոյան ժամերից արդեն Գեղարքունիքի մարզի բոլոր ճանապարհների անցանելիությունն ապահովված կլինի: Վարդենյաց լեռնանցքում նույնպես ապահովվել է ճանապարհի անցանելիությունը, իսկ այժմ ընթանում են ձյան շերտի մաքրման ու լայնացման աշխատանքներ: Մարզի մնացած հատվածներում ճանապարհները, որոնք հիմնականում պատված են մերկասառույցով, մշակվում են աղով ու ավազով: Վարդենիսի տարածքում ու Վարդենյաց լեռնանցքում ձյան շերտը կես մետրի է հասնում՝ չհաշված բքի արդյունքում կուտակածը»,- իրավիճակը ներկայացրեց Գեւորգ Խաչատրյանը:
Խոսրով Խլղաթյան