Բաժիններ՝

Չինաստանում վիրուսի հարուցած թոքաբորբի զոհերի թիվը մեկ օրում ավելացել է 108-ով. նոր տվյալներ

Չինաստանում 2019-nCoV վիրուսի հարուցած թոքաբորբի զոհերի թիվը մեկ օրում ավելացել է 108-ով, ընդհանուր առմամբ մահացել է 1 016 մարդ, գրեթե 4 հազար հոգի ապաքինվել է: Ինչպես նշված է ՉԺՀ-ի Հիգիենայի եւ առողջապահության հարցերի պետական կոմիտեի կայքում փետրվարի 11-ին զետեղված հաղորդագրության մեջ, Չինաստանում վարակման դեպքերի թիվը գերազանցել է 42,6 հազարը:

«Փետրվարի 10-ի ժամը 24:00-ի (Երեւանի ժամանակով 20:00-ի) դրությամբ Չինաստանում նոր կորոնավիրուսի հարուցած թոքաբորբով հիվանդության հաստատված դեպքերի թիվը հասել է 42 հազար 638-ի, մահաբեր վախճանների քանակը կազմել է 1016, 3996 մարդ առողջացել է եւ դուրս գրվել հիվանդանոցից»,- ասված է հայտարարության մեջ:
Ընդհանուր առմամբ կորոնավիրուսով վարակման 70 հաստատված դեպք է արձանագրվել Հոնկոնգում (42 հիվանդացած, մեկը մահացել է), Մակաոյում (10 վարակված) եւ Տայվանում (18):
Մայրցամաքային Չինաստանի տարածքում կորոնավիրուսով վարակման առավել մեծ թվով դեպքեր են արձանագրվել Հուբեյի կենտրոնական նահանգում (31 հազար 738, նրանցից 974-ը մահացել

են), որտեղ հայտնաբերվել է բռնկման օջախը:
Փետրվարի 10-ին ՉԺՀ-ի նախագահ Սի Ցզինպինը հայտարարել է, որ Չինաստանը պատերազմ է հայտարարել կորոնավիրուսին: Նա ընդգծել է, որ երկրի բոլոր պետական հիմնարկությունները եւ կուսակցական մարմինները միավորել են ջանքերը վիրուսի ոչնչացման խնդիրը լուծելու համար:

Այդ նույն օրը հաշվարկվել է, որ մահացու կորոնավիրուսից համաշխարհային տնտեսության կորուստները կարող են կազմել շաբաթական 26 միլիարդ դոլար: Այսպիսով, վիրուսի ազդեցությունը կգերազանցի ԱՄՆ-ի եւ Չինաստանի առեւտրական պատերազմի հետեւանքները: Ամենից ավելի շատ կտուժեն Հոնկոնգը, ԱՄՆ-ը, Ճապոնիան, Հարավային Կորեան եւ Գերմանիան, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս