Չինաստանում կորոնավիրուսից ապաքինվածների բաժինն արդեն հասել է 8,2 տոկոսի
Չինաստանում նոր տիպի կորոնավիրուսի հարուցած թոքաբորբից ապաքինվածների բաժինն արդեն հասել է 8,2 տոկոսի, ինչը վկայում է այն մասին, որ բուժումն սկսում է արդյունքներ տալ: Այդ մասին Պակինում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է ՉԺՀ-ի առողջապահության պետական կոմիտեի ներկայացուցիչ Մի Ֆենը։
«Հուբեյի նահանգի Ուհանում եւ ամբողջ երկրում ապաքինվածների բաժինն զգալիորեն աճել է, այսօրվա դրությամբ նրանց թիվն ամբողջ երկրում կազմում է բոլոր վարակվածների 8,2 տոկոսը, համեմատության համար՝ հունվարի 27-ին այդ ցուցանիշը 1,3 տոկոս էր»,-ասել է Մի Ֆենը: Նա նաեւ հայտնել է, որ Հուբեյի նահանգում այդ թիվը 6,1 տոկոս է՝ հունվարի 27-ի 1,7 տոկոսի դիմաց, իսկ Ուհանում՝ 6,2 տոկոս՝ համապատասխանաբար 2,6 տոկոսի դիմաց: Նրա խոսքով՝ «Դա վկայում է, որ բուժումը եւ հիվանդացածներին ցուցաբերվող բուժօգնութունն աստիճանաբար արդյունքներ են տալիս»:
Չինաստանում հատուկ հավելված են գործարկել կորոնավիրուսով վարակվածների հետ հնարավոր շփումն ստուգելու համար. յուրաքանչյուրն, ով անհանգստանում է, թե կարող է ինչ-որ տեղ վիրուսով վարակված լինել, կարող է ստուգել, թե վարակման դեպքեր արձանագրվել են արդյոք այդ շենքում, գնացքում, ինքնաթիռում կամ ավտոբուսում, որոնցով ինքը ճամփորդել է վերջին 14 օրը: Հավելվածը մշակվել է ՉԺՀ-ի Առողջապահության պետական կոմիտեի, Չինաստանի էլեկտրոնիկայի գիտատեխնիկական կորպորացիայի (CETC) եւ ՉԺՀ-ի Պետխորհրդի հետ համատեղ: Այն դեպքում, եթե օգտատերը հայտնաբերի, որ վարակման հավանականություն այնուամենայնիվ կա, խորհուրդ է տրվում մնալ տանը եւ անհապաղ կապվել բժշկական հիմնարկների հետ: Նոր չինական կորոնավիրուսի հարուցած թոքաբորբի համար առավելագույն ինկուբացիոն շրջանը՝ այսինքն՝ վարակումից մինչեւ հիվանդության ախտանիշների դրսեւորումը, կարող է հասնել 24 օրվա: Այդ մասին գրել է Sina-ն՝ վկայակոչելով medRxiv.org-ում հրապարակված գիտական հոդվածի պրեպրինտը:
«ՉԺՀ-ի 31 նահանգներում եւ մունիցիպալիտետներում նոր տիպի կորոնավիրուսով (2019-nCoV) վարակման 1099 դեպքերի հետահայաց հետազոտումը հայտնաբերել է, որ ախտահարման դեպքում ինկուբացիոն շրջանը միջին հաշվով կազմում է երեք օր, առավել երկարատեւ դեպքը 24 օր է»,- գրում է Sina-ն: Ավելի վաղ հաղորդվել էր, որ առավելագույն ինկուբացիոն շրջանը կազմում է շուրջ երկու շաբաթ: Թոքաբորբը, որն առաջացնում է նոր տիպի կորոնավիրուսը, մյուս համանման հիվանդություններից սկզբունքորեն տարբերվում է նրանով, որ դեռ հիվանդության գաղտնի ընթացքի ժամանակ դրա կրողն արդեն կարող է վարակել շրջապատողներին, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: