Բաժիններ՝

ՀՀ առողջապահության նախարարն ընդունել է ՄԱԿ-ի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի միացյալ ծրագրի ներկայացուցիչներին

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն ընդունել է ՄԱԿ-ի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի միացյալ ծրագրի հայաստանյան գրասենյակի նորանշանակ ղեկավար Ռոզա Բաբայանին և ՄԱԿ-ի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի միացյալ ծրագրի տարածաշրջանային գրասենյակի ռազմավարական տեղեկատվության խորհրդատու Լև Զոհրաբյանին:

Ինչպես տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից, նախարարը շնորհավորել է ՄԱԿ-ի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի միացյալ ծրագրի հայաստանյան գրասենյակի ղեկավարին և մաղթել բեղմնավոր գործունեություն:

Լև Զոհրաբյանը ներկայացրել է այն ծրագրերը, որոնք ներկայումս աջակցություն են ստանում ՄԱԿ-ի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի միացյալ ծրագրի կողմից Հայաստանում: Միաժամանակ, քննարկվել են այս ոլորտում Հայաստանի կողմից իրականացվող ծրագրերը, այդ թվում` ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի միացումը «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցին:

«Լև Զոհրաբյանը նշել է, որ նրանք աջակցում և ողջունում են այդ քայլը, և շեշտել, որ ծառայությունների մատուցման օպտիմալացումը առողջապահության նախարարության իրավասությունների շրջանակներում է:

«Շնորհակալ եմ, որ գնահատվում են մեր քայլերը: Մենք հաստատակամ ենք և պետք է առաջ գնանք: Հարկավոր է ունենալ ՁԻԱՀ-ի դեմ պայքարի ավելի լավ համակարգ և առհասարակ, վարակիչ բոլոր հիվանդությունների առումով», – ասել է Արսեն Թորոսյանը:

«Այստեղ հարցը ոչ միայն ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կենտրոնի օպտիմալացման մասին է, այլև բոլոր գործընթացների: Թեստավորումը կարճ ժամանակահատված է տևում, բուժումն արդեն պետք է տեղափոխել առաջնային օղակ, այնտեղ, որտեղ վարակաբաններն են նստած»,- ասել է Զոհրաբյանը, հավելելով, որ անհրաժեշտության դեպքում կաջակցեն, թե տեխնիկական, թե գործնական ուղղություններով»,- նշված է հաղորդագրության մեջ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս