6 կետ, թե ինչ ՉՊԵՏՔ Է անի Փաշինյանը․ Դավիթ Շահնազարյանը՝ «Համազգային 6 կոնսենսուսների» մասին. Ankakh.com
Քաղաքական գործիչ, Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Դավիթ Շահնազարյանն Անկախ-ի խնդրանքով մեկնաբանել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարած «Համազգային 6 կոնսենսուսները»։
Շահնազարյանի խոսքով՝ բոլոր այս կետերը կարծես հենց իրեն՝ Փաշինյանին են վերաբերում և արձանագրում, թե ինչ ՉՊԵՏՔ Է անի Փաշինյանը, որն անում է և ծրագրում է անել։ Իսկ թե ինչո՞ւ այս կետերի մասին խոսվեց հիմա, Շահնազարյանի կարծիքով՝ կա մի քանի պատճառ․ գլխավոր պատճառն այն է, որ Արցախի բանակցային գործընթացը մտնում է վճռական փուլ, և Փաշինյանը փորձում է շեղել հանրության ուշադրությունը։ Նրա համոզմամբ՝ ընթանում է իրավական համաձայնագրի ստորագրման գործընթաց, ինչը, սակայն, գաղտնի է պահվում։ Ըստ Շահնազարյանի՝ այս հայտարարությամբ Փաշինյանը փորձում է նաև ազդել Արցախի ընտրությունների վրա։
Անդրադառնալով «Կոնսենսուս 1»-ին, որտեղ Փաշինյանը խոսում է ներհայկական որևէ հարցի լուծման գործիքակազմից բռնությունը բացառելու անհրաժեշտության մասին և ավելացնում, թե կա մի բացառություն՝ «օրինական ուժի կիրառումը», Դավիթ Շահնազարյանն ասում է․
-Բռնությունը Հայաստանում վերջին երկու տարում իրականացվում է բացառապես իշխանությունների կողմից։ Փաշինյանն ինքը հենց բռնությամբ է եկել իշխանության՝ խախտելով բազմաթիվ օրենքներ։ Իսկ վերջին օրերին մենք տեսնում ենք նաև, թե ինչ բռնություններ է կատարում ոստիկանությունը, և դա ունի հստակ քաղաքական նպատակներ։ Մենք տեսնում ենք բռնություն դատական համակարգի և Սահմանադրական դատարանի ու դատարանի նախագահի նկատմամբ: Նաև ուզում եմ նշել հոգեբանական բռնությունները, որ սանձազերծել է իշխանությունը հասարակության այն հատվածի վրա, որը չի ընդունում իր, այսպես կոչված, «մեսիա» լինելը, այն խուլիգանական, հայհոյանքով համեմված հոգեբանական բռնությունը, որը Փաշինյանն այսօր ավելի է ընդլայնում, քանի որ քաղաքական որևէ փաստարկ չունի բոլոր այն քննադատությունների դեմ, որ իր հասցեին հնչում են և դառնում արդեն համատարած։ Բռնությունը պետական կառույցների նկատմամբ, էլ չեմ խոսում ՀՀ անվտանգության կառույցների դեմ սանձազերծված բռնությունները։ Այնպես որ, այս կետն իրեն է վերաբերում, և որ ասում է՝ բացառություն է միայն «օրինական ուժի կիրառումը», ինքն այս բոլոր բռնություններն էլ համարում է օրինական։ Առհասարակ, ինքը կարծում է, որ օրենքն էլ է ինքը, Սահմանադրությունն էլ է ինքը, հայ ժողովուրդն էլ է ինքը։
«Կոնսենսուս 2»-ը, որտեղ Փաշինյանը խոսում է ժողովրդի և նրա ազատ կամարտահայտության միջոցով իշխանության ձևավորման մասին և անդրադառնում Արցախում սպասվող նախագահական և խորհրդարանական ընտրություններին՝ հայտարարելով, թե Հայաստանի Հանրապետությունը պետք է հանդես գա և հանդես կգա որպես Արցախի ժողովրդի ազատ կամարտահայտման և այդ կամարտահայտման միջոցով լեգիտիմ իշխանության ձևավորման երաշխավոր, Դավիթ Շահնազարյանին հիշեցնում է 2018-ի արտահերթ ընտրությունները։
-Ես ասել եմ ու ասում եմ՝ այդ ընտրությունների արդյունքները չեմ ընդունում։ Դա ժողովրդի ընտրությունը չէր, դա ամբոխի հաղթանակն էր քաղաքացու նկատմամբ։ Ուզում եմ նաև հիշեցնել, որ մարդկության պատմության մեջ ամենադաժան հանցագործությունները կատարվել են ժողովրդի անունից, հանուն ժողովրդի և ժողովրդի աջակցությամբ։ Այս կետում Փաշինյանն ուղղակիորեն հայտարարում է նաև, որ շատ ավելի ակտիվ է շարունակելու խառնվել Արցախի ներքաղաքական կյանքին և այն ամբողջովին իր կառավարման տակ է վերցնելու։ Սա հերթական հարվածն է Արցախի սուբյեկտայնությանը և ըստ էության՝ միտքը հետևյալն է․ եթե իմ ուզած արդյունքը չեղավ, լեգիտիմությունն ու ոչ լեգիտիմությունը ես եմ որոշելու։ Իսկ Արցախի ընտրություններն ունեն կենսական նշանակություն ոչ միայն Արցախի, այլև Հայաստանի համար։ Ընդհանրապես, այն ամենն, ինչ անում է Փաշինյանը, ուղղված է Արցախի դեմ՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը ադրբեջանական սցենարով լուծելու համար։ Հատկապես Ժնևը բացահայտումն էր այդ ամենի։ Բայց Փաշինյանը թող իմանա, որ Արցախում իրավիճակ է փոխվում և՝ ո՛չ հոգուտ իրեն։
«Կոնսենսուս 3» կետին, որտեղ Փաշինյանը հայտարարում է, թե բոլոր այն ուժերը, որոնք մեր երկրում հանդես կգան որպես օտարերկրյա շահերի ներկայացուցիչ, պիտի արժանանան և կարժանանան հայ ժողովրդի և նրա լեգիտիմ ներկայացուցիչ Հայաստանի կառավարության ամենակոշտ հակազդեցությանը, Դավիթ Շահնազարյանը կրկին հակադարձում է՝ հիշեցնելով, որ առաջինը հենց Փաշինյանն էր, որ Արցախ գործուղեց դրսից կառավարվող կազմակերպությունների։
-Այն բարքերը, որ Փաշինյանն իր հետ բերել է իշխանության, փորձում է նաև տեղափոխել Արցախ և տրոհել Արցախի հասարակությունը։ Թիվ մեկ օտար ուժ ներգրավողը հենց ինքն է։ Իրեն հենց օտար ուժերն են բերել իշխանության, և ինքն այդ ուժերի կամակատարն է։ Արևմուտքից և Սորոսի հիմնադրամից ֆինանսավորվող ուժերն այսօր իշխանության մեջ բաժնեմաս ունեն, և նրանց մեծ մասի գործունեությունն ուղղակիորեն ուղղված է մեր պետականությանը, մեր անվտանգությանն ու Արցախին։ Բայց այստեղ մի վտանգավոր միտք էլ է օգտագործում Փաշինյանը․ «հայ ժողովրդի և նրա լեգիտիմ ներկայացուցիչ Հայաստանի կառավարություն»։ Փաստորեն, նա արդեն խոսում է ողջ հայ ժողովրդի անունից, հասկանո՞ւմ եք, ողջ աշխարհի հայության անունից։
Անդրադառնալով «Կոնսենսուս 4»-ին, որտեղ Փաշինյանը խոսում է Արցախն ու Հայաստանը կոռուպցիայից զերծ պահելու և կոռուպցիոն գործունեության արդյունքում պետությանը և ժողովրդին հասցված նյութական վնասները վերականգնելու մասին՝ Շահնազարյանն ասում է․
-Այսպես կոչված կոռուպցիայի դեմ պայքարը, որը հռչակել է Նիկոլ Փաշինյանը, քաղաքական ընդդիմախոսների դեմ քրեական հետապնդում իրականացնելն է և անձնական հարստացումը։ Կոռուպցիոն բոլոր նախկին սխեմաները գործում են, մենաշնորհները գործում են, և ավելացել են նոր սխեմաներ։ Մի քանիսը թվարկեմ․ օրինակ Հայաստանում երբևէ չէր եղել, որ «տենդեր» հայտարարվեր և հայտարարվելուց հետո պայմանները փոխվեին։ Կամ նրա տիկնոջ հիմնադրամները, որոնք ուղղակի «ռեկետ» են անում։ Այսպես կոչված պարգևավճարները, երբ մեր գումարներն անօրինական ձևով պետբյուջեից գողանում են իրենց թիմի անդամների բարեկեցությունը բարձրացնելու համար։ Հիմա կոռուպցիան մի այլ մակարդակի է հասել։
Նիկոլ Փաշինյանի հայտարարած «Կոնսենսուս 5» կետում խոսվում է իրավունքի և օրենքի գերակայության, օրենքի առաջ բոլորի հավասարության, ինչպես նաև «արտաքին կամ ներքին ազդեցությունների տրվող դատարանների» մասին, որոնց գոյությունը, ըստ Փաշինյանի սպառնալիք է ազգային անվտանգությանը։ Շահնազարյանը կարծում է, որ Հայաստանը երբեք այնքան հեռու չի եղել իրավական պետություն լինելուց, որքան այսօր։
– Ինչ-որ անհասկանալի սահմանումով օրենք են ընդունում քրեական ենթամշակույթի վերաբերյալ, մյուս կողմից «փռել ասֆալտին», «ծեփել պատին», «կռուտիտ», այս ամենը՝ սկսած «դուխովից», Փաշինյանի բառապաշարն է։ Քրեական, փողոցային լեքսիկան ինքը բերել է քաղաքականություն ու լինելով գործադիր իշխանության ղեկավար՝ դա է պրոպագանդում։ Ինչ վերաբերում է այս կետում ակնարկվող «արտաքին կամ ներքին ազդեցությունների տրվող դատարաններին», կարծում եմ՝ Փաշինյանը մտահոգված է այն արձագանքներից, որոնք գալիս են Եվրոպայից։ Նա մտահոգված է նաև, թե Ռոբերտ Քոչարյանի գործով ՄԻԵԴ-ից ինչ որոշում կգա։ Բայց ես կարծում եմ, որ եթե անգամ ՄԻԵԴ-ից ամենախիստ որոշումն էլ գա, Փաշինյանը, օգտվելով դրսի որոշ ուժերի՝ իրեն պաշտպանելու հակվածությունից, որն ունի քաղաքական և Արցախի հարցում իր զիջումներն արդարացնելու պատճառներ, պարզապես կարող է այդ որոշումը հաշվի չառնել։
«Կոնսենսուս 6»-ը, որտեղ ասվում է, թե Արցախի հարցի կարգավորման բանակցային գործընթացի նպատակը պետք է լինի Արցախի ժողովրդի ինքնորոշման և անվտանգության համար մղված Արցախյան ազատամարտի արդյունքների պաշտպանությունը, և որ որևէ լուծում կարող է ընդունելի դիտվել միայն Հայաստանում և Արցախում ժողովրդական հավանության դեպքում, Դավիթ Շահնազարյանի համար ամենավտանգավորն է․
-Դա ցույց է տալիս, որ Նիկոլ Փաշինյանը չի էլ հասկացել, թե Արցախի ազատամարտն ինչի համար է։ Փաշինյանի համար անընդունելի է այն ամենը, ինչ տեղի է ունեցել Հայաստանում իր իշխանության գալուց առաջ։ Փաշինյանը կենսաբանական ատելություն ունի բոլոր այն անձանց, այն կառույցների հանդեպ, որոնք ներդրում ունեն թե՛ Արցախի Հանրապետության և թե՛ Հայաստանի Հանրապետության կայացման գործում։ Դրա համար էլ անունը դրել է «նոր Հայաստան»։ Խոսում է ինքնորոշման իրավունքի մասին, բայց ամեն քայլափոխի ջախջախում է ինքնորոշման իրավունքը։ Այն, որ ասում է, թե կարգավորումը պետք է ընդունելի լինի Հայաստանի, Արցախի ու Ադրբեջանի համար, սա արդեն ինքնորոշման իրավունքից ոտնահարում է։ Ասում է, թե լուծումը պետք է ընդունելի լինի Հայաստանում և Արցախում ժողովրդական հավանության դեպքում։ Ո՞վ է այդ ժողովուրդը։ Հայաստանում ասում է՝ ժողովուրդը ես եմ, վաղը, եթե Աստված չանի, Արցախում լինի իր դրածոն, նա կգնա, կհանդիպի «ադրբեջանական համայնքի» հետ (որին Փաշինյանն արդեն միջազգային ստատուս է տալիս) և կասի, որ ինչ-որ Փաշինյանն անում է, ճիշտ է անում, և ահա իրենց ուզած անհեթեթությունները հանրային կարծիքի ներքո, ժողովրդի անունից առաջ կտանեն։ Սա է այս ուղերձի նպատակը։