«Առաջին անգամ Արցախում սկսել են կիրառել հեղափոխական սցենարներ». Հրանտ Մելիք-Շահնազարյան
«Ոսկանապատ» վերլուծական կենտրոնի ղեկավար Հրանտ Մելիք-Շահնազարյանի խոսքով՝ 2020 թվականի քաղաքական օրակարգի հիմնական հարցն Արցախյան ընտրություններն են: «Արցախը՝ մեծ փոփոխությունների նախաշեմին: Արտաքին և ներքին անվտանգություն» անվամբ քննարկման ընթացքում Հրանտ Մելիք-Շահնազարյանը վստահեցրեց՝ Արցախում շատ կարևոր տարի է լինելու՝ թե՛ ներքաղաքական, թե՛ արտաքին զարգացումների առումով:
2020 թվականին Արցախում սպասվում են նախագահական ընտրություններ: Հենց այս տարի ուժի մեջ է մտնելու Արցախի նոր Սահմանադրությունը, որով երկրում փոխվելու է կառավարական համակարգը, դառնալու է նախագահական:
Մելիք-Շահնազարյանի խոսքով՝ զարգացումներն Արցախում այնպիսին չեն, ինչպես կարելի էր ենթադրել՝ սուր քննադատություն կա երկրի ներսում, հասարակությունը պառակտվել է:
«Առաջին անգամ Արցախում սկսել են կիրառվել այնպիսի տեխնոլոգիաներ, որոնք յուրահատուկ էին այն երկրներում, որտեղ, մեղմ ասած, իրականացվում է ոչ ժողովրդավարական կամ իշխանության ոչ տրամաբանական փոփոխման գործընթացներ: Խոսքս հեղափոխական սցենարների մասին է, երբ Արցախում ստեղծվում է այն ամենը, ինչ մենք տեսնում էինք Հայաստանում 2016-2017 թվականներից սկսած»,- ասաց Հրանտ Մելիք-Շահնազարյանը:
Նրա մեկնաբանությամբ՝ Արցախում կա այնտեղի «հաց բերողը», որը խնդիրներ է բարձրաձայնում և զոհի տեսքով է ներկայացվում հանրությանը, կան ծայրահեղական գնահատականներով հանդես եկող և նորաստեղծ կուսակցություններ, որոնք բոլորին քննադատում են ամենավերջին վիրավորանքներով, անպատասխանատվությամբ, կա երեխաների ներգրավում քաղաքական գործընթացների մեջ, կա հասարակությանը քայլերթի դուրս բերելու՝ «Գյումրիից Երևան գալու» սցենարներ, և կա Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաների ներգրավվածություն այդ գործընթացները կառավարելու հարցում:
«Գործընթացի շահառուները տարբեր մարդիկ են: Արայիկ Հարությունյան, Մասիս Մայիլյան, Սամվել Բաբայան, որն ամենաշատն է հետաքրքրված, որ զարգացումները չգնան ընտրություններով: Բայց կան նաև դիմադրության և մտահոգության լուրջ օջախներ, որոնց ամենացայտուն ղեկավարը Վիտալի Բալասանյանն է: Ակնհայտ է մի բան, որ նոր տեխնոլոգիաներն ընդդեմ Արցախի ավանդական ձևավորված մոտեցումների բախման կամ հակասության լուրջ գործընթացի սկիզբ է դրել, որն ակնհայտորեն առաջ է գնում վտանգավոր տեմպերով»,- նշեց Հրանտ Մելիք-Շահնազարյանը՝ հավելելով, որ, սրանից բացի, կան լուրջ մտահոգություններ Լեռնային Ղարաբաղի բանակցային գործընթացում: