ԿԳՄՍ-ում չգիտեն՝ ինչով է զբաղված իրենց ներկայացուցիչը 2000-ից ավելի աշակերտ ունեցող դպրոցում
Արդեն տևական ժամանակ է՝ լարված իրավիճակ է Երևանի Նիկոլ Աղբալյանի անվան թիվ 19 դպրոցում։ Ըստ մամուլի հրապարակման՝ լարվածության պատճառը դպրոցի կառավարման խորհրդում ԿԳՄՍ ներկայացուցիչ Վահրամ Սողոմոնյանն է, ում վերաբերյալ շրջանառվում են լուրեր, որ նա Գերմանիայի դեսպանի օգնականն է, հանդիսանում է ԿԳՄՍ փոխնախարար Արևիկ Անափիոսյանի հովանավորյալը, ինչով էլ պայմանավորված՝ անում է այն, ինչ ցանկանում է:
Ասվում է նաև, այն, որ ինչն էլ իր սրտով չէ և, թեկուզ իր «սրտով եղածը» կանոնադրությունից դուրս է, գրավոր նամակի կամ բողոքագրի տեսքով ուղարկում է նախարարություն:
168.am-ը հրապարակման հետ կապված փորձեց տեղեկություններ ճշտել ԿԳՄՍ փոխնախարար Արևիկ Անափիոսյանից։
«Մամուլի այդ հրապարակմանը ծանոթ չեմ, բայց կասեմ նախ առաջինը՝ կառավարման խորհուրդների անդամների նշանակման հետ ես երբեք որևէ առնչություն չեմ ունեցել և չունեմ, նույնիսկ տեղյակ չեմ, որ Վահրամ Սողոմոնյանը այդ դպրոցի կառավարման խորհրդի անդամ է նշանակված։ Երկրորդ՝ Կառավարման խորհրդի անդամներն իրենք գործում են որպես անհատներ՝ առանց որևէ մեկի հետ որևէ բան համաձայնեցնելու»,- ասաց փոխախարարը։
Ճշտող հարցին՝ փաստորեն Վահրամ Սողոմոնյանի վրա իր ազդեցության մասին տեղեկությունը հերքո՞ւմ է, Արևիկ Անափիոսյանը պատասխանեց.
«Բացարձակ 0 է, ես Վահրամ Սողոմոնյանի վրա որևէ ազդեցություն չեմ կարող ունենալ։ Ես կապ չեմ ունեցել որևէ անդամի նշանակման հետ, նույնիսկ չեմ առաջարկել որևէ անդամի նշանակել, դա իմ լիազորություններից դուրս է»։
Բավականին տարակուսելի է այն հանգամանքը, որ փոխնախարար Անափիոսյանը տեղյակ չէ, թե ով է ԿԳՄՍ ներկայացուցիչը ավելի քան 2000 աշակերտ ունեցող Նիկոլ Աղբալյանի անվան դպրոցում, քանի որ նա առանցքային պաշտոն է զբաղեցնում կրթության ոլորտում և պետք է առնվազն իմանար իրենց ներկայացուցչի ով լինելն ու նրա առաքելությունը։
Նշենք, որ չնայած հերքումներին, Արևիկ Անափիոսյանը բավականին լավատեղյակ էր այն առումով, որ մեզ հուշեց՝ Վահրամ Սողոմոնյանն աշխատում է Գերմանիայի դեսպանատանը։
Քանի որ ԿԳՄՍ փոխնախարար Արևիկ Անափիոսյանը տեղեկություններ չուներ, թե ի՞նչ է անում իրենց նախարարության ներկայացուցիչը դպրոցի կառավարման խորհրդում, փորձեցինք տեղեկություններ ստանալ նաև Երևանի քաղաքապետարանի Հանրակրթության վարչությունից, քանի որ դպրոցը հիմնական է և գտնվում է քաղաքապետարանի ենթակայության տակ։
Երևանի քաղաքապետարանի Հանրակրթության վարչության պետ Աննա Ստեփանյանը մեզ հետ զրույցում Ն. Աղբալյանի անվան թիվ 19 հիմնական դպրոցի հետ կապված նշեց, որ, ինչպես բոլոր դպրոցների տնօրենները, այնպես էլ Նիկոլ Աղբալյանի անվան թիվ 19 հիմնական դպրոցի տնօրենը ներկայացրել է իր խոստումների հաշվետվությունը, դպրոցի զարգացման իր ծրագիրը, որն էլ քննարկվել են քաղաքապետարանում։
«Պետք է նշեմ, որ Նիկոլ Աղբալյանի անվան 19 հիմնական դպրոցի զարգացման ծրագրից պարզ է դառնում, որ բավականին մեծ աշխատանք է կատարվել դպրոցում»,- ասաց Ստեփանյանը՝ նշելով, որ Կառավարության սահմանած կարգի համաձայն՝ այժմ դպրոցի փոխտնօրենն է կատարում ժամանակավոր պաշտոնակատարի պարտականությունները՝ մինչ նոր տնօրենի համար մրցույթի անցկացումը։
Խոսելով դպրոցի կառավարման խորհրդի անդամ, ԿԳՄՍ ներկայացուցիչ Վահրամ Սողոմոնյանի գործունեության մասին՝ Ստեփանյանը նշեց. «Վահրամ Սողոմոնյանը ընտրված է՝ որպես նախարարություն ներկայացուցիչ, բայց անընդհատ ինձ հասած լուրերով՝ փորձում է ընդվզել և ինչ-որ նոր քայլեր ձեռնարկել, բայց չէ՞ որ խորհուրդը պետք է իր լիազորությունների շրջանակում գործի, և հենց այդտեղ է, որ այդ լիազորություններից դուրս գործունեության հետևանքով խորհրդի աշխատանքները խաթարվում են։
Իմ ունեցած տեղեկություններով՝ Վահրամ Սողոմոնյանն իր լիազորություններից դուրս առաջարկներ է արել, որոնց էլ ընդվզել են մյուս անդամները։ Գիտեմ, որ այդ խորհրդում տհաճ մթնոլորտ է»,- ասաց Ստեփանյանը՝ ընդգծելով, որ, եթե խորհրդի անդամների մեծամասնությունը դիմի քաղաքապետարանին, ապա իրենք կկարողանան այդ խնդրով դիմել ԿԳՄՍՆ-ին։
Նիկոլ Աղբալյանի անվան թիվ 19 դպրոցի կառավարման խորհրդում տիրող տհաճ մթնոլորտի մասին մեզ հետ զրույցում հաստատեց նաև տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Արմինե Գրիգորյանը։
«Երբ առաջին անգամ մասնակցում էի խորհրդի նիստին, տեսա, որ Վահրամ Սողոմոնյանի կողմից ճնշում է գործադրվում խորհրդի մյուս անդամների վրա։ Նա անում էր հարցադրումներ, որոնք օրակարգի հետ կապ չունեն, իսկ դա ստեղծում էր լարվածություն։ Խորհրդի կազմում կային մարդիկ, որոնք հակադրվում էին Սողոմոնյանի ասածներին, ինչին ի պատասխան էլ՝ Սողոմոնյանը պնդում էր, որ, եթե չհամաձայնեն կամ չանեն իր ասածով, ապա ինքը կբողոքի այլ տեղ, կգնա այլ ատյանների կբողոքի»,- ասաց ժամանակավոր պաշտոնակատարը։
Թեև և՛ դպրոցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարը, և՛ Երևանի քաղաքապետարանի Հանրակրթության վարչության պետը մեզ հետ զրույցում փաստեցին՝ Նիկոլ Աղբալյանի անվան թիվ 19 հիմնական դպրոցի կառավարման խորհրդում տհաճ մթնոլորտ է, սակայն ինքը՝ Սողոմոնյանը, դրա հետ համամիտ չէ, վստահեցնում է՝ խնդիրն այն է, որ ինքը հետևում է, որ խորհուրդը հետևի ընդամենը դպրոցի զարգացման ծրագրին։
«Նման բան չկա, ես խորհրդի անդամ եմ և պարտավոր եմ հետևել դպրոցի ֆիզիկական պայմաններին, կրթության որակին, իսկ ինչ վերաբերում է Արևիկ Անափիոսյանի հետ կապին, թե իբև նա իմ հովանավորն է, ապա նա եղել է Կրթական քաղաքացիական նախաձեռնությունից մինչև փոխնախարար դառնալը, իսկ այն մարդիկ, որ գրում են նման բաներ, առաջնորդվում են տանիք ունենալու մտայնությամբ, իսկ տանիքի մասին խոսք լինել չի կարող»,- ասաց Սողոմոնյանը։
Հարցին՝ ճի՞շտ են արդյոք տեղեկությունները, որ ինքն ամեն գնով ցանկանում է այդ դպրոցի տնօրենի պաշտոնում տեսնել Մանուշ Գաբրիելյանին, և վերջինս դպրոցի տնօրենի իր թեկնածուն է, Սողոմոնյանն ասաց.
«Մանուշ Գաբրիելյանին ես չեմ ճանաչում, ինչ-որ այլ դպրոցում թեկնածու է եղել, դրա հետ կապված վարկածներ են առաջ քաշում, բայց, կրկնում եմ, նման բան չկա»։
Ճշտող հարցին՝ իսկ ինչո՞ւ է իր ֆեյսբուքյան էջում իր մասին մամուլի հրապարակումը համարել պատվեր, Սողոմոնյանն ասաց, որ այդ հարցին այժմ չի պատասխանի, դա կանի շատ ավելի ուշ։
Հիշեցնենք, որ օրերս մամուլում իր գործունեության վերաբերյալ հրապարակումից հետո Վահրամ Սողոմոնյանն իր ֆեյսբուքյան էջում հոդվածը համարել էր պատվերով ու նշել. «Այսօրվա պատվերով հոդվածից կարելի էր եզրակացնել, որ Աղբալյանի դպրոցը հատուկ պահպանվող օբյեկտ է, իսկ դրանում շրջայց կատարելը հակասում է ոչ միայն կանոնադրությանը, այլ ծանրագույն հանցագործություն է: Ես չէի ուզում արձագանքել էդ թյուրիմացությանը, բայց քանի որ դպրոցի շատ ծնողներ և ուսուցիչներ են սկսել ինձ գրել, առայժմ ասեմ հետևյալը:
Սա վկայում է, որ մարդիկ մինչև օրս չեն հասկացել դպրոցական խորհուրդների ու մասնակցային մշակույթի դերն ու կարող են անգամ հարձակողական տոնով խոսել հեղափոխության արժեքների դեմ: Դպրոցի բոլոր խնդիրները պետք է քննարկվեն դրանց համար ստեղծված խորհրդակցական հարթակներում, և այդ ճանապարհն անշրջելի է»: