«Ի՞նչ գործ ունեն «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ակտիվիստները դպրոցների կառավարման խորհուրդներում». Անի Սամսոնյանը՝ Արայիկ Հարությունյանին
Ես ուսումնասիրել եմ Երևանի հանրակրթական դպրոցների կառավարման խորհուրդների կազմն ու ապշել եմ, որովհետև այս երկու տարվա ընթացքում լուրջ փոփոխություններ են եղել այդ խորհուրդներում և այնտեղ են ներառվել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամներ, Ազգային ժողովի պատգամավորներ և նրանց օգնականներ և Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամներ։ Այս մասին այսօր Ազգային ժողովում՝ դիմելով ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանին՝ ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը։
«Ապշում եմ, պարո՛ն նախարար, որովհետև Դուք նախարար դառնալուց առաջ միշտ խոսում էինք այն մասին, որ դպրոցների կառավարման խորհուրդները քաղաքականացված են, և դա ճիշտ չէ։ Հիմա ինչպե՞ս հասկանանք Ձեր այդ քայլը»,- հարցրեց Անի Սամսոնյանը։
ԼՀԿ-ական պատգամավորն ԱԺ ամբիոնից անուններ թվեց՝ հարցնելով իմքայլական մի քանի պատգամավորների, թե նրանք ի՞նչ գործ ունեն դպրոցների կառավարման խորհուրդներում։
«Ուզում եմ հասկանալ՝ ի՞նչ գործ ունեն «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ակտիվիստները դպրոցների կառավարման խորհուրդներում։ Պարո՛ն Վաղարշակ Հակոբյան, պարոն Պապոյան, տիկին Հովսեփյան, դուք և ձեր օգնականները ի՞նչ գործ ունեք կառավարման խորհուրդներում։ Մենք բուհերի խորհուրդներից դուրս քաշեցինք պատգամավորներին, բայց պարզվում է, որ դուք դպրոցներո՞ւմ եք խորը արմատներ գցել»,- ասաց Սամսոնյանը։
Վերջինս Արայիկ Հարությունյանին հիշեցրեց ավելի վաղ նրա աած հայտարարությունը, թե նախկինների ժամանակ բուհերի կառավարման խորհուրդները ծառայել են տեղի իշխաններին, ապա հարց ուղղեց.
«Հիմա ուզում եմ հասկանալ՝ այդ ո՞ր իշխանիկներին են ծառայում հիմա այդ կառավարման խորհուրդները»։
Մանրամասները՝ տեսանյութում