Ով ուր կգործուղվի և քանի անգամ

2019  թվականին շատ խոսվեց Ազգային ժողովի պատգամավորների տարբեր գործուղումների և դրանց համար բյուջեից ծախսվող հսկայական միջոցների մասին։ 2019 թվականին խորհրդարանականների գործուղումներն այնքան շատ էին, որ տարվա կեսին պարզվեց, որ ծախսվել է բյուջեով այդ նպատակի համար հատկացված ամբողջ գումարը, և կառավարությունը ստիպված էր հավելյալ 892 միլիոն դրամ  հատկացնել, որպեսզի պատգամավորները ետ չընկնեն արտասահմանյան իրենց գործուղումներից, որոնք հետո շատերը որակեցին՝ որպես անարդյունավետ վոյաժներ։

168.am-ը որոշեց պարզել՝ մեկ ամսվա կտրվածքով  քանի՞ գործուղում է նախատեսված խորհրդարանականների համար։

Եվ  այսպես, 2020 թվականի հունվարից մինչև փետրվարի վերջն ընկած ժամանակահատվածն ԱԺ պատգամավորների համար ստորագրվել է արտասահմանյան գործուղման վերաբերյալ ԱԺ նախագահի 6 կարգադրություն. համենայն դեպս, փետրվարի 1-ի դրությամբ դրանք 6-ն են։

Ըստ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի կարգադրության՝ հունվարի 15-18-ը Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ)  մոնիտորինգի հանձնաժողովի և Մարդու իրավունքերի եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի նիստերի աշխատանքներին մասնակցելու համար Փարիզ են գործուղվել ԵԽԽՎ-ում Ազգային ժողովի պատվիրակության ղեկավար, Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը («Իմ քայլ»), Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը («Իմ քայլ») և Էդմոն Մարուքյանը (ԼՀԿ):

Հունվարի 26-30-ը Ռեյկյավիկ (Իսլանդիայի Հանրապետություն) են  գործուղվել  Ազգային ժողովի պատգամավոր Նարեկ Մկրտչյանը («Իմ քայլ») և Ազգային ժողովի աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ Արման Իսրայելյանը։

Հունվարի 26-ից փետրվարի 1-ը Ստրասբուրգ են գործուղվել ԵԽԽՎ-ում Ազգային ժողովի պատվիրակության ղեկավար, Ազգային ժողովի Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը   («Իմ քայլ»), Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը («ԲՀԿ»), Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը  («Իմ քայլ»),  Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Միքայել Մելքումյանը («ԲՀԿ»), Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Հովհաննես Իգիթյանը («Իմ քայլ»),  «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը, Տաթևիկ Հայրապետյանը («Իմ քայլ»),  Սոս Ավետիսյանը («Իմ քայլ»),  և  Աժ աշխատակազմի արտաքին կապերի վարչության միջխորհրդարանական կապերի և եվրաինտեգրման բաժնի պետ Կարինե Շիմշիրյանը։

Փետրվարի 2-5-ը ԵԱՀԿ տարածաշրջանում քաղաքական ներգրավվածությունն ապահովելու համար» խորագրով սեմինարին մասնակցելու համար Վաշինգտոն  կգործուղվեն պատգամավորներ Մերի Գալստյանը («Իմ քայլ») և  Կարեն Սիմոնյանը (ԼՀԿ):

Փետրվարի 19-22-ը ԵԱՀԿ ԽՎ-ում Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի ձմեռային նստաշրջանի աշխատանքներին մասնակցելու համար Վիեննա  (Ավստրիայի Հանրապետություն) կգործուղվի  Ազգային ժողովի պատգամավոր Հայկ  Կոնջորյանը («Իմ քայլ»),  Տիգրան ՈՒրիխանյանը («ԲՀԿ»),  Մարիա Կարապետյանը   («Իմ քայլ»), Համազասպ Դանիելյանը («Իմ քայլ»)  Անի Սամսոնյանը  («ԼՀԿ») և Ազգային ժողովի աշխատակազմի արտաքին կապերի վարչության միջազգային կազմակերպությունների բաժնի պետ Անահիտ Գասպարյանը:

Փետրվարի 16-20-ը Նյու Յորք կգործուղվեն ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Միքայել Մելքումյանը (ԲՀԿ), Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Հովհաննես Հովհաննիսյանը («Իմ քայլ»)։ Նրանք կմասնակցեն Միջխորհրդարանական միության և Միավորված ազգերի կազմակերպության «Կրթությունը՝ որպես խաղաղության և կայուն զարգացման խթանիչ, դեպի կայուն զարգացման նպատակ 4-ի իրականացում» խորագրով լսումներին և Միջխորհրդարանական միության ՄԱԿ-ի հարցերով հանձնաժողովի բյուրոյի նիստի աշխատանքներին։

Համեմատության համար նշենք, որ 2019 թվականի հունվար-փետրվար ամիսներին Ազգային ժողովի պատգամավորները տարբեր երկրներ են գործուղվել  9 անգամ, և, հաշվի առնելով արդեն տրված կարգադրությունների քանակը, կարող ենք ասել, որ այս տարի գործուղումների թիվը, մեկ ամսվա կտրվածքով՝  3-ով  պակասել է։ Կպահպանե՞ն այս տենդենցը պատգամավորները, թե՞ ոչ,  պարզ կդառնա 2020-ի վերջում, իսկ մինչ այդ նկատենք, որ գործուղումների արդյունավետության, դրանց՝  Հայաստանին տված օգուտի մասին, բացի ԱԺ կայքում զետեղված մեկ հաղորդագրությունից,  որևէ  այլ բան հայտնի չէ։

 

Տեսանյութեր

Լրահոս