Կգտնի՞ արդյոք հանձնաժողովն ավելի լայնածավալ հնագիտական աշխատանքներ, քան «Լիդիանն» է արել
Ըստ մամուլի հրապարակումներից մեկի` հանքարդյունաբերության ոլորտում ներդրումներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի առաջիկա նիստին քննարկվելու են ներդրումներից բացի Ամուլսարում հնագիտական աշխատանքների արդյունքները: Իսկ հանձնաժողովի նախագահը հայտարարել էր, որ Ամուլսարի հանքը չի կարող շահագործվել, քանի որ այնտեղ հայտնաբերվել են պատմամշակութային արժեքներ:
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ԱԺ պատգամավորը չունի համապատասխան տեղեկատվություն և մասնագիտական փորձառություն՝ հակիրճ ներկայացնենք «Լիդիանի» կողմից Ամուլսարի տարածքում տարիներ տևած ելակետային տվյալների հավաքագրման, պեղումների ու պատասխանատու աշխատանքի արդյունքները:
Միևնույն ժամանակ հուսով ենք, որ ԱԺ քննիչ հանձնաժողովը նման ջանասիրությամբ կիրականացնի ուսումնասիրություններ Հայաստանում գործող այլ հանքավայրերում, օրինակ՝ Մղարթում, և հնագիտական աշխատանքների արդյունքները կներկայացնի հանրությանը:
1. Հնագիտական աշխատանքերն Ամուլսարում իրականացվել են տեղական և միջազգային չափանիշներով։ Ավելի քան 8 տարի տևած աշխատանքների ամբողջ արժեքը կազմել է 130 մլն ՀՀ դրամ: 2010-2018 թթ. բարձր լեռնային պայմաններում հետազոտվել է շուրջ 15 000 հա մակերես ընդգրկող տարածք: Համատարած հետազոտման՝ տեղանքի «սանրման» միջոցով ուսումնասիրվել են առկա բոլոր պատմամշակութային բացահայտ և հնարավոր հուշարձանները, արձանագրվել և հավաքվել են վերգետնյա հնագիտական գտածոները: GPS համակարգով նշահարվել են հնարավոր հուշարձանները, վերգետնյա գտածոները և կոթողները: Կազմվել են դրանց քարտեզներ: Պեղվել են 65 պատմամշակութային հուշարձաններ:
2. Արհեստավարժ ճարտարապետների կողմից չափագրվել են պեղված հուշարձաններ: ՀՀ և արտերկրի լաբորատորիաներում կատարվել են գտածոների ռադիոածխածնային, հնակենդանաբանական, հնամարդաբանական, սպեկտրալ և այլ տարրալուծումներ: Կազմվել են հետազոտությունների գիտական հաշվետվությունները և ներկայացվել են ՀՀ մշակույթի նախարարություն:
3. Արտերկրի և Հայաստանի հանրապետության գիտական ամսագրերում հրատարակվել են հոդվածներ: Այս աշխատանքներին ներգրավվել են միջազգային և տեղական փորձառու մասնագետներ՝ Environmental Resource Management-ի և Հայաստանի Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնի կողմից:
4. Արդյունքները ներառվել են ՇՄԱԳ հաշվետվությունում, և կազմում են «Լիդիանին» տրված օրինական թույլտվությունների հիմքի մի մասը, ուստի ոչ մի նոր բան չի բացահայտվել:
5. Համաձայն ՇՄԱԳ հաշվետվության՝ Ծրագրի առաջարկվող տարածքում կամ Ծրագրի տարածքից 50մ շառավղով հայտնաբերվել է 81 հավանական հնագիտական հուշարձան:
6. Հողաշինարարական աշխատանքների ընթացքում պեղումները վերահսկվել են ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի ներկայացուցչի կողմից:
7. «Լիդիանը» միակ հանքարդյունաբերական ընկերությունն է, որը դաշտային հողաշինարարական աշխատանքների ընթացքում կիրառել է միջազգային պրակտիկայում ընդունված պատահական գտածոների ընթացակարգը:
8. Ընկերության տարածքում իրականացված փրկարարական պեղումների ընթացքում հայտնաբերվել են երկու պատմաշակութային արժեք հանդիսացող հնագիտական օբյեկտներ, որոնց համար ընկերությունը սահմանել է պահպանման գոտի և պարտավորվել է որևէ միջոցառում չիրականացնել, որը կարող է վնասել հավանական հուշարձան հանդիսացող օբյեկտը և այդ մասին տեղեկացրել է ՀՀ մշակույթի նախարարությանը: