ՍԴ վերջին «մոհիկանը»

Սահմանադրական դատարանի (ՍԴ) շուրջ ընթացող գործընթացները կարծես թե նոր փուլ են մտնում, որտեղ գրեթե բոլորը սկսել են պայքարել բաց տեքստով։ Ըստ էության իշխանությունները ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանին բացահայտ հայտարարում են՝ «դիմում գրի, գնա», իսկ Թովմասյանն իր հերթին՝ թոթվում է ուսերն ու պատասխանում՝ «ինձ այստեղ հարմար է, եթե ուզում եք՝ կարող եք դուք գնալ»։

Ի վերջո, որքանով է ՍԴ-ն այդքան կարևոր Փաշինյանի համար, ինչ խնդիր ունի լուծելու, որին խանգարում է Թովմասյանը։

Ըստ էության՝ իշխանության գալուց հետո, որպես գերնպատակ, նոր իշխանությունները նպատակ չունեին ազատվել ՍԴ նախագահից և հատուկ գործընթաց սկսել դատավորների նկատմամբ։ Կարող ենք ամրագրել, որ ՍԴ նկատմամբ իշխանական գրոհը փաստացի տեղի է ունեցել «թավշյա» իրադարձություններից հետո ՍԴ դատավոր բերված Վահե Գրիգորյանի հստակ ուղղորդված տոտալ քաղաքականությունից հետո, երբ նա հայտարարել էր, թե ՍԴ-ում ճգնաժամ կա, և առաջ քաշել հայտնի «ՍԴ դատավոր-անդամ» եզրույթի  արհեստական դիսկուրսը։

Փաստ է, որ Փաշինյանն առաջիկայում ակնհայտ բախվելու է ՍԴ բաստիոնին, քանի որ, ըստ հաշվարկների, առաջիկա ամիսների ընթացքում օրակարգ է բերվելու Ստամբուլյան հայտնի կոնվենցիայի փաստաթուղթը, որին նախ և առաջ պետք է գնահատական տա ՍԴ-ն՝ հավաստելով տվյալ կոնվենցիայի՝ ՀՀ Սահմանադրության հետ համապատասխանությունը։

Մյուս խնդիրը, որն ունենալու է Նիկոլ Փաշինյանը, հնարավոր է՝ կապված է Արցախի խնդրի կարգավորման հետ։  Հայտնի չէ, թե ներկայումս առհասարակ ի՞նչ են բանակցում Մնացականյանն ու Մամեդյարովը Ժնևում (թեև, ինչպես պնդում են իշխանությունները՝ չկա բանակցվող որևէ փաստաթուղթ, բայց այս հանդիպումը, չգիտես ինչու, տևելու է երկու օր)։

Ինչևէ, չի կարելի բացառել, որ որոշակի փուլում ՍԴ դատին հնարավոր է հանձնվի Արցախի հետ կապված, ասենք, ինչ-որ խաղաղության նախապատրաստելու կամ այլ ձևաչափ ունեցող փաստաթուղթ, որին պետք է տալ համապատասխան գնահատականը, իսկ Թովմասյանի ներկայության պարագայում Փաշինյանն իր համար երբեք ցանկալի տեսքով փաստաթուղթ չի ստանա։

Եթե նշված հիպոթեզներին հավելենք նաև, որ ներկա պահին արդեն ամենօրյա ռեժիմով խոսվում է սահմանադրական փոփոխությունների մասին, ապա պարզ է դառնում, թե  որքան կենսական է Հրայրի աթոռը Նիկոլի համար։

Թովմասյանի նկատմամբ տոտալ գրոհը մի քանի փուլից էր կազմված։ Դեռևս նախորդ տարի ԱԺ-ում հատուկ օրենքի փոփոխություն կատարվեց, և ԱԺ կանոնակարգ սահմանադրական օրենքը փոփոխության ենթարկվեց, որպեսզի դեռևս 6-րդ գումարման խորհրդարանի կողմից մեկ անգամ արդեն մերժված Վահե Գրիգորյանի թեկնածության հարցը ևս մեկ անգամ քննարկվի։

Առաջին հայացքից անհասկանալին այն է, որ Փաշինյանը հասավ նրան, որ Վահե Գրիգորյանի կողմից դեռևս մեկ տարի առաջ ոչ լեգիտիմ նախագահ համարվող Արմեն Սարգսյանը (այդ մասին Գրիգորյանը հայտարարել է, գրել է) ևս մեկ անգամ, որպես ՍԴ դատավորի թեկնածու, նրան ներկայացրեց ԱԺ-ին (հավելենք, որ Գրիգորյանը մինչ օրս այն կարծիքին է, որ Արմեն Սարգսյանը ոչ լեգիտիմ նախագահ է, քանի որ ընտրվել է ոչ լեգիտիմ խորհրդարանի կողմից, չգիտես ինչու, մոռանալով իր անմիջական ղեկավար Փաշինյանին, ով ընտրվեց վարչապետի պաշտոնում)։

Հենց այդ ընտրության ժամանակ էլ Գրիգորյանը խորհրդարանի ամբիոնից ինքն իրեն հռչակեց ՍԴ նախագահ։

Ի դեպ՝ գործող իշխանությունները, չգիտես՝ ինչ տրամաբանությամբ են առաջնորդվում, երբ խոսում են այն մասին, որ Հրայր Թովմասյանը ՍԴ նախագահ է ընտրվել կեղծիքով։ Իսկ ամենաաբսուրդայինն այն է, որ այդքան խոսելու փոխարեն՝ իշխանության բանախոսների կողմից ոչ մի փաստարկված ու իրավական հիմնավորումներով ներկայացված թեզեր ու պնդումներ ուղղակի գոյություն չունեն։ Փաշինյանի ու նրա թիմի մոտ արդեն ավանդույթ է դարձել յուրաքանչյուր իրադարձություն և քաղաքական երևույթ մեկնաբանել բացառապես իրենց քաղաքական դիտակետից ու «ռակուրսից», ու էլ ավելի զարմանալի է․ որ մնացած հակառակ տեսակետները դիտարկվում են հետադիմական ու հակահեղափոխական։ Այնուհետև ականատես եղանք, թե ինչպես խորհրդարանի իշխանական խմբակցությունն անհասկանալի մեղադրանքներով և նաիվ ձևակերպումներով հիմնավորված մի անմեղսունակ փաստաթուղթ դրեց շրջանառության մեջ, որին կողմ քվեարկեց 98 պատգամավոր․ ըստ այդ փաստաթղթի՝ ԱԺ իշխանական խմբակցությունը դիմում էր ՍԴ-ին, որպեսզի ՍԴ-ն դադարեցնի Թովմասյանի լիազորությունները․ ավելի ուշ ՍԴ-ն աշխատանքային կարգով անցկացված նիստում մերժեց այն։ Հաջորդիվ գործի դրվեց ավելի, մեղմ ասած՝ կեղտոտ մեթոդիկա․ հատուկ մարմինները սկսեցին ուղղորդվել Հրայր Թովմասյանի բարեկամների ու մերձավորների դեմ։ Այսքանից հետո ակտիվացավ մյուս իշխանական վեկտորը՝ հանձին Արման Բաբաջանյանի, ով, ինչպես շատերն են նկատում՝ դիմեց հին ու փորձված՝ 37 թվականի մեթոդներին:

Փաշինյական իշխանության մեթոդիկան, որը հատում է բոլոր «կարմիր գծերը», այն էր, երբ քաղաքական գործընթացներին ներառում են ընտանիքը, այս պարագայում դա չշրջանցեց նաև Թովմասյանին, չնայած նա այդ երևույթին նույնպես վերաբերվում է իրեն բնորոշ ժպիտով ու այդ ամենի մասին խոսում է առանց էմոցիաների ու գրական բառամթերքով, չնայած, որպես ընտանիքի հայր, կարող էր ավելի կոշտ հռետորաբանությամբ հանդես գալ։ Թերևս, Թովմասյանի այն պնդումը, որ ինքը խրամատ է պահում, ամեն օր ապացուցում է իր արդիականությունն ու առաջնայնությունը, քանի որ ամեն օր ավելի է բարձրանում այն գիտակցությունը, թե որքան կարևոր է պետության ու պետականության համար սուվերեն ու ինքնուրույն իշխանության ճյուղ ունենալը, այլ ոչ թե երկրում ստեղծել «կառավարման աջաբսանդալ»։ Իր վերջին հարցազրույցում Թովմասյանը հայտարարում է, որ «իրեն ոչինչ չի կասեցնելու և չի խանգարելու»։ Թովմասյանը նաև խոսում է այն մասին, որ իշխանությունների ցանկությունն իր համար այդքան էական չէ, թե արդյո՞ք նրանք ցանկանում են, որ ինքը մնա ՍԴ նախագահ կամ ոչ, նրա պնդմամբ՝ ինչպես Փաշինյանն է իշխանության ճյուղերից մեկի ղեկավարը, նույնպես և Թովմասյանն է դատական իշխանության ղեկավարը։

Արմեն Հովասափյան

Տեսանյութեր

Լրահոս