ԱՆ-ն հորդորում է ուղևորություններ ծրագրելիս հաշվի առնել տվյալ երկրի համաճարակային իրավիճակը

Նոր կորոնավիրուսի (2019-nCoV) ի հայտ գալու հետ կապված համաճարակային իրավիճակը Չինաստանում լարված է:

Չինաստանում արձանագրվել է շուրջ 900 դեպք՝ 26 մահվան ելքով: 34 դեպքում հիվանդները բուժվել են: Դեպքեր են արձանագրվել նաև Ճապոնիայում,  Թայլանդում, Հարավային Կորեայում, ԱՄՆ-ում. բոլորը Չինաստանից բերովի:

Հունվարի 23-ի դրությամբ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը չի հայտարարել «հանրային առողջապահության ոլորտում միջազգային նշանակության արտակարգ իրավիճակ», քանի որ դեպքերն ըստ կլինիկական բնորոշման «մեղմ» են, տեղայնացման աշխատանքներն արդյունավետ են, և արտակարգ իրավիճակը դիտվում է միայն Չինաստանում։ Նոր մոտեցում է ցուցաբերվել վարակի փոխանցմանը՝ գիտականորեն ապացուցվել է, որ փոխանցման գործոն հիմնականում դարձել են թեթև նախուտեստները, մասնավորապես՝ ծովամթերքից և օձից պատրաստված։

Առողջապահության համաշարհային կազմակերպությունը հիվանդությունն անվանվել է «2019թ. նոր կորոնավիրուս» (2019-nCoV):

 

Չհիվանդանալու և դեպքերի ներկրումը Հայաստանի Հանրապետություն կանխելու համար՝ առողջապահության նախարարությունը հորդորում է.

  • միջազգային ուղևորություններ ծրագրելիս` հաշվի առնել տվյալ երկրի համաճարակային իրավիճակը,
  • եթե գտնվում եք Չինաստանում, հատկապես՝ Ուհան կամ հարակից քաղաքներում, ապա
  • խուսափե´ք կամ բացառե՛ք կենդանական (հատկապես՝ ծովամթերքի) շուկաներ այցելելուց,
  • օգտագործե´ք միայն լավ եփված սնունդ, շշալցված ջուր,
  • խուսափե´ք շնչառական վարակներով հիվանդների հետ սերտ շփումից,
  • մի այցելե´ք կենդանաբանական այգիներ կամ մի մասնակցե´ք մշակութային միջոցառումների, որտեղ ներգրավված են կենդանիներ,
  • օգտագործե´ք անհատական պաշտպանիչ միջոցներ (դիմակներ),
  • լվացե´ք ձեռքերը դրսից տուն գալիս և սնունդ ընդունելուց առաջ,
  • գրիպանման երևույթների առկայության դեպքում դիմե´ք բժշկի, մի´ զբաղվեք ինքնաբուժմամբ,
  • եթե վերադարձել եք Չինաստանից և ձեզ մոտ առկա են գրիպանման հիվանդություններին բնորոշ ախտանշաններ, ապա դիմե´ք բժշկական օգնության՝ նշելով ճամփորդության մասին:

Տեսանյութեր

Լրահոս