ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հերքում չի համարում ԱԱԾ հերքումը

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանը որոշ ժամանակ առաջ  Factor tv-ի եթերում հայտարարել էր, որ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը պետական հեղաշրջում է նախապատրաստել, որի համար էլ պաշտոնանկ է արվել:

«Պաշտոնանկության պատճառը ոչ թե քարոզչությունն է եղել, այլ պատրաստվում էին պետական հեղաշրջում անել՝ նաև այլ սուտ ինֆորմացիա տարածելով: Պաշտոնանկության պատճառը պետական հեղաշրջման փորձն է եղել, ոչ թե սուտ քարոզչություն անելը»,- ասել էր պատգամավորը:

Երեկ Factor tv-ի եթերում ԱԽ քարտուղարը՝ անդրադառնալով «Հայկական ժամանակ»-ի հոդվածին, թե Միքայել Մինասյանը և Արթուր Վանեցյանը հեղաշրջման համատեղ պլան են մշակել, ասել էր, թե հեղաշրջման փորձեր իսկապես եղել են, և «հեղափոխությունից հետո նախկինները որևէ վայրկյան չեն դադարել հետ գալու հույս փայփայել»:

Այսօր լրագրողների հետ զրույցում ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ասաց, թե հեղաշրջման փորձեր եղել են, ու չնայած խուսափեց անուններ տալ, ասաց, որ իրենց քաղաքական թիմի ներսից նման փորձ չի եղել, եղել են տարբեր մարդիկ, հնարավոր է՝ անգամ բարձր պաշտոնյաներ: Հեղաշրջման փորձերն էլ ունեցել են տարբեր հետևանքներ, եղել են նաև պաշտոնանկություններ:

Politik.am-ը ԱԱԾ-ից փորձել էր  ճշտել, արդյո՞ք իրենք տիրապետում են տեղեկությունների, որ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը պետական հեղաշրջում է նախապատրաստել:

«Հայտնում ենք, որ պետական հեղաշրջման փորձի վերաբերյալ ՀՀ ԱԱԾ-ում տեղեկություններ չեն ստացվել»,- ասված էր պատասխանում: Պատասխանում նշված էր նաև, որ Հրաչյա Հակոբյանի հայտարարությունը չեն դիտարկել՝ որպես հաղորդում հանցագործության մասին։

Անվտանգության խորհրդի քարտուղարի ասածի և լրատվամիջոցի հարցին տված ԱԱԾ պատասխանի մեջ հակասություն է ստացվում: ԱԽ քարտուղարից հետաքրքրվեցին լրագրողները, թե այս հակասության դեպքում հանրությունն ո՞ւմ խոսքին հավատա ու ո՞ւմ խոսքը լուրջ ընկալի:

«Պատասխանը եթե ավելի հստակ կարդաք, այնպես չի, ինչպես դուք այս պահին ասում եք: Եթե այս պահին հնարավորություն ունեք կարդալու այդ պատասխանը, այդտեղ մի քիչ այլ է»,- ասաց Գրիգորյանը:

Ապա նշեց. «Ես այդ հայտարարության մեջ հերքում չեմ տեսել»:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

 

Տեսանյութեր

Լրահոս