«Հուսով եմ՝ կկարողանանք կազմակերպել քայլեր, որոնք հնարավորություն կտան մարդասիրական քայլ իրականացնել». Մնացականյանը՝ ՀՀ-Ադրբեջան նոր փոխայցի մասին

«Այդ մարդասիրական նախաձեռնությունն օրակարգային հարց է»,- այս մասին այսօր ՀՀ ԱԳՆ-ում Նիդեռլանդների Թագավորության արտաքին գործերի նախարար Ստեֆ Բլոկի հետ ասուլիսի ընթացքում ասաց ՀՀ ԱԳՆ ղեկավար Զոհրաբ Մնացականյանը` պատասխանելով հարցին, թե ինչ փուլում է գտնվում ԼՂ-ում անազատության մեջ գտնվող ադրբեջանցիների և Ադրբեջանում գերեվարված հայ պատանդների հարազատների փոխադարձ այցերի կազմակերպման ծրագիրը:

Մնացականյանն ասաց, որ իրապես դա մի օրակարգային հարց է, որի շուրջ, նախարարը հուսով է, որ կկարողանան վերջնականացնել այն անհրաժեշտ ձևաչափերը, կազմակերպումը, անհրաժեշտ քայլերը, որոնք հնարավորություն կտան նման մարդասիրական քայլ իրականացնել:

«Սա մարդասիրական նախաձեռնություն է, բացի դրանից, դա, հուսով եմ, որ իր դերն ունի փոխվստահության միջոցների համատեքստում: Միևնույն ժամանակ պետք է հիշեցնեմ՝ Դուք հիշում եք այն զգայունությունը, որը կա այս հարցի հանդեպ, զգայունությունը, որ իրավիճակն այնպիսին է, որ այստեղ ներգրավված է մեկը, որն անմիջականորեն ոճրագործություն կատարած անձ է, մյուս կողմից՝ մեզ համար չափազանց զգայուն է, որ ունենք հայրենակիցներ, որոնք հայտնվել են այդ իրավիճակում: Դա բավական բարդ է»,- ասաց նախարարը՝ շարունակելով, որ հարազատների այցելության ձևաչափը մի բան է, որը կկարողանան վերջնականացնել, ինչը խիստ մարդասիրական քայլ է:

«Շարունակենք մտածել՝ ինչպես գտնենք լուծումը, մեզ համար կարևորագույն հարցերից մեկն է մեր հայրենակիցներին վերադարձնելը Հայաստան»,- ասաց Զոհրաբ Մնացականյանը:

Տեսանյութեր

Լրահոս