«Արդյո՞ք կարող ենք թույլ տալ, որ տարեկան 300-350 զոհ ունենանք». Սերգեյ Ղահրամանյանը կողմ է բալային համակարգին

«Վարորդի ընկեր» ՀԿ համահիմնադիր Սերգեյ Ղահրամանյանը 168 TV-ի «Ռեվյու» հաղորդման ժամանակ ասաց, որ կողմ է բալային համակարգին. «Այն երկրներում, որտեղ այս համակարգը ներդրվել է, հիմնականում դրական արդյունք է եղել, և սրա դրական կողմերից մեկն այն է, որ անկախ ֆինանսական դրությունից՝ օրենքը բոլորի վրա հավասարաչափ կիրառվելու է: Մինչև 2020թ. հունվարի 1-ը մարդիկ կարող էին ամեն օր ալկոհոլ օգտագործել, երթևեկել, ոստիկանը կարող էր հայտնաբերել, տուգանել, բայց հաջորդ օրը  նրանք նորից կշարունակեին: Կամ ամբողջ օրվա ընթացքում կարող էին միշտ հանդիպակաց երթևեկել. կտուգանվեին, նորից կշարունակեին: Այդ ամենին որևէ սահմանափակում գոյություն չուներ: Այժմ այդ ամենն անցյալում է»:

Բալային համակարգի արդյունքում, նրա խոսքով, ըստ մոտավոր հաշվարկների՝ տարեկան 7-8 մլրդ դրամ քիչ տուգանք կվճարեն քաղաքացիները պետբյուջե. «Հետևաբար՝ այդ գումարը կմնա քաղաքացիների գրպանում»:

Ըստ նրա՝ մոտավոր հաշվարկներով՝ ՀՀ-ում կա 650-700 հազար տրանսպորտային միջոց, որի մոտ 400 հազարը շահագործվում է կամ գործունեություն է ծավալում Երևան քաղաքում. «Նվազագույն հաշվարկներով՝ դրա կեսը միայն Երևանի կենտրոնում է երթևեկում: Լավագույն հաշվարկներով՝ Երևանի կենտրոնում հնարավոր է կայանատեղի ստեղծել մինչև 10 հազար մեքենայի համար: Ես չեմ պատկերացնում, որ Երևանի կենտրոնում հնարավոր կլինի մինչև 100 հազար մեքենայի համար կայանատեղի ապահովել: Այդ հարցը լուծվում է շատ հեշտ՝ հանրային տրանսպորտի միջոցով: Դրա հետ մեկտեղ՝ մենք տարեկան ունենում ենք շուրջ մեկ գյուղի բնակչության չափով կորուստներ, արդյո՞ք կարող ենք 3-4 տարի սպասել, որպեսզի Երևանում ունենանք քաղաքակիրթ տրանսպորտային համակարգ, նոր ներդնենք բալային համակարգը, արդյո՞ք կարող ենք մինչ այդ թույլ տալ, որ տարեկան 300-350 զոհ ունենանք»:

Ի պատասխան հարցին՝ բալային համակարգի ներդրմամբ չի՞ ստացվում, որ վարորդները կրկնակի են պատժվում կատարած խախտումների համար. և՛ տուգանվում են, և՛ բալեր են կորցնում,  նա ասաց, որ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում հստակ է՝ պատասխանատվությունը կարող է կիրառվել հիմնական պատժով և լրացուցիչ պատժով. «Այս նախագիծը հակասահմանադրական չէ, այն տարբեր փորձագիտական խմբերով է անցել»:

Նա պարզաբանեց, թե ովքեր են երթևեկության ժամանակ պարբերաբար և դիտավորյալ խախտումներ անում. «Մարդիկ, ովքեր պատրաստ են վճարել, և մարդիկ, ովքեր սնանկ են համարվում, ինչքան ուզում՝ խախտում են անում: Այս բալային համակարգը իրենց է վերաբերում: Վարորդների 80-90 %-ը հնարավորինս կարգապահ է: 80 տոկոսը տարվա ընթացքում մինչև 5 խախտում է իրականացնում, 10 տոկոսը՝ մինչև 10 խախտում, և թիրախում հայտնվում է վարորդների շուրջ մեկ տոկոսը, ովքեր իրականացնում են հարյուրավոր խախտումներ»:

Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս