«ՀՀ քաղաքացին այսօր ավելի բարեկեցիկ վիճակում է, քան նախկինում». ՀՀ վարչապետի խորհրդական

ՀՀ վարչապետի խորհրդական, տնտեսագետ Մեսրոպ Առաքելյանը 168TV«Ռեվյու» հաղորդման ժամանակ ասաց, որ 2019թ. նոր իշխանության գործունեության ընթացքում տնտեսության մեջ տեղի են ունեցել մի շարք դրական իրադարձություններ. «Տնտեսական հեղափոխությունն անընդհատ տեղի ունեցող իրադարձություն է տնտեսության մեջ, քանի որ տնտեսությունը դինամիկ զարգացող գործընթաց է, և այնպես չէ, որ կան որոշակի գործողություններ, որոնք պետք է արվեն, որ արձանագրենք՝ տնտեսական հեղափոխությունն իրականացվե՞լ է, թե՞ ոչ: Հեղափոխությունից հետո տնտեսության կարևորագույն գործոններից մեկը օրենքի գերակայությունն է: Այսինքն՝ եթե մինչ այդ օրենքը մասնակի էր կիրառվում, տնտեսության մեջ կային մասնակիցներ, ովքեր արտոնյալներ էին, կամ խոչընդոտներ, մասնավորապես՝ լուրջ խնդիրներ ունեինք մրցակցային դաշտում, մենաշնորհների հետ, ապա հեղափոխությունից ի վեր տնտեսության բոլոր մասնակիցները լիովին ազատ են զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ»:

Նա նշեց, որ հիմա հասարակությունն ավելի լավ է ապրում, քան մինչև հեղափոխությունը. «2019թ. տեղի ունեցած փոփոխությունների արդյունքում ՀՀ քաղաքացին այսօր ավելի բարեկեցիկ վիճակում է, քան նախկինում»:

Հարցին՝ եթե հասարակությունը հիմա ավելի լավ է ապրում, քան նախկինում, ինչո՞ւ են մարդիկ շարունակում կառավարության դիմաց տարբեր հարցերի վերաբերյալ իրենց բողոքն արտահայտել, նա այսպես պատասխանեց. «Այն, որ այս պահին դեռևս պահպանված են խնդիրներ, իհարկե այդպես է: Կառավարությունը հանձն չէր առել, որ մեկ տարվա ընթացքում ծառացած բոլոր խնդիրները լուծի: Խնդիրների զգալի մասը ձևավորվել է տասնամյակների ընթացքում, և հետևաբար՝ դրանք բազմազան են: Խնդիրների մի մասի ուղղությամբ ակնհայտ աշխատանքներ են տարվում, որևէ բարդույթ չկա, հենց կառավարության առաքելությունը հասարակության բարեկեցությունն է: Այո, կարող են լինել խնդիրներ, որոնց մասին քաղաքացիների բարձրաձայնելու ժամանակ մենք իմանանք, և դա դառնա քննարկման և լուծման առարկա»:

Մեսրոպ Առաքելյանն ասաց, որ կառավարության գերնպատակը ցուցանիշների մրցավազքի մեջ մտնելը չէ. «ՀՀ նորանկախ պատմության ընթացքում մենք արձանագրել ենք նույնիսկ երկնիշ տնտեսական աճեր, սակայն ակնհայտ է, որ նույնիսկ այդ ժամանակահատվածում հասարակության բարեկեցության ակնհայտ փոփոխության արձանագրում, իհարկե, մենք չենք ունեցել: Տնտեսական աճը արդյո՞ք ուղիղ կապ ունի հասարակության բարեկեցության հետ: Տնտեսական աճը մեզ համար ոչ թե նպատակ է, այլ ընդամենը միջոց է»:

Ինչ վերաբերում է գազի գնի հնարավոր բարձրացմանը, նա նշեց. «Սահմանին գազի գնի բարձրացմամբ ասել, թե սպառողների համար բարձրանալու է գազի գինը, դեռևս ակնհայտ չէ, որովհետև ՀԾԿՀ-ն արդեն քննում է «Գազպրոմ Արմենիա»-ի հայտը, որտեղ սահմանին ստացվող գազը կոմպոնենտներից մեկն է: Այդ ոլորտում ուսումնասիրությունները հնարավորություն կտան այդ ռիսկը հնարավորինս նվազեցնել: ՀԾԿՀ-ն հնարավորություն ունի այդ հարցը լիարժեք քննել, և որոշումը միանշանակ արդար կլինի»:

Նա հավելեց, որ հանձնաժողովը հաշվարկներից հետո կներկայացնի պատկերը, և չբացառեց, որ հնարավոր է՝ նաև հնարավոր փոփոխությունից կախված՝ ունենալ սուբսիդավորման ուղղությամբ որոշակի քննարկումներ. «Հնարավոր է՝ որևէ փոփոխություն չկրի սահմանի վրա գազի գնի բարձրացումը սպառողի համար»:

Վարչապետի խորհրդականն ասաց, որ Նիկոլ Փաշինյանին խորհուրդներ տալիս է: Հետաքրքրվեցինք՝ վարչապետն ընդունո՞ւմ է այդ խորհուրդները: «Խորհուրդները ոչ միայն վարչապետի հետ է քննարկվում, այլ նաև թիմով: Այդ խորհուրդները բարեփոխումներին են ուղղված, և ես ինքս մասնակցում եմ բազմաթիվ խորհուրդների, իհարկե ընդունում է: Վերջին աշխատանքը, որ համարում եմ լուրջ ձեռքբերում՝ ընտանեկան նպաստների նոր հայեցակարգի նոր աշխատանքային խումբը ես եմ ղեկավարել, և այս ընթացքում լուրջ հայեցակարգ մենք մշակեցինք: Օրերս այն ներկայացվեց վարչապետին և կառավարության լայն կազմին, որի արդյունքում՝ ընտանեկան նպաստների համակարգը, որը բավականին խոցելի և լուրջ խնդիր էր, քանի որ դա որևիցե ձևով չէր նպաստում աղքատության հաղթահարմանը, և մեր մշակած նոր մոդելն էականորեն աջակցելու է՝ պետության աջակցության շնորհիվ հաղթահարել աղքատությունը»,- ի պատասխան՝ ասաց նա:

Նա նաև հավելեց, որ իրենք ուսումնասիրում և քննարկում են տնտեսագետների կողմից ներկայացվող քննադատությունները. «Կառավարությունը որևէ բարդույթ չունի ընդունել որևիցե լավ քննադատություն, որը կարող է ավելի լավը դարձնել կառավարության գործունեությունը: Հրապարակային քննադատությունները, որոնք մասնագիտական են, և որոնց նպատակը կառավարության գործունեությունն ավելի լավը դարձնելն է, նորմալ ենք ընդունում»:

Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս