«Եթե գազի սակագնային փոփոխություն տեղի ունենա, դա մենք կարող ենք դիտարկել՝ որպես Փաշինյանի իշխանության աքիլեսյան գարշապարը». Վահե Դավթյան
Lragir.am-ին Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանն ասել է՝ «չի բացառվում, որ «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը հայտ ներկայացնի հանձնաժողով՝ սպառողի համար գազի սակագինը թանկացնելու համար»:
Հարցին՝ միայն թանկացնելու համա՞ր պետք է լինի հայտը, հանձնաժողովի նախագահը պատասխանել է. «Դե, սահմանին 15 դոլարով գինը բարձրացել է, իսկ հաշվարկային առումով 30 դոլարով է բարձրացել, որովհետև այսօրվա գործող սակագներով շուրջ 15 դոլար «Գազպրոմն» իր վրա է վերցրել: Այսինքն՝ գործող գները պայմանականորեն 135 դոլար սահմանային գնի վրա են հիմնված: Այսինքն՝ այսօր խոսք է գնում այն մասին, որ շուրջ 30 դոլար արդեն հաշվարկային առումով սահմանին գինը բարձրացել է»:
168.am-ի հետ զրույցում «Մեկ Հայաստան» կուսակցության քաղխորհրդի անդամ, քաղաքական գիտությունների դոկտոր Վահե Դավթյանը նշեց, որ սցենարային նման զարգացում կարելի էր ակնկալել, երբ 2019-ի հունվարի 1-ից գազի գինը սահմանին բարձրացավ 15 դոլարով, երկրի ներսում, ըստ էության, քաղաքական որոշում կայացվեց՝ սակագինը պահպանել 2018-ի մակարդակում:
««Գազպրոմ Արմենիան» վերջին տարիներին հաճախակիորեն բողոքում էր այն բանից, թե չի կարողանում գործող սակագնային քաղաքականության պայմաններում ապահովել իր մարժինալությունը և այն բիզնես մոդելը, որը դրված է ընկերության կառավարման հիմքում, և ստիպված է լրացուցիչ բեռ կրել նաև 2019-ի ամբողջ ընթացքում: Ուստի ընկերության ղեկավարությունն անցած տարվա ընթացքում հանդես էր գալիս կոշտ հռետորաբանությամբ առ այն, որ պատրաստվում է շուրջ 1000 միավորով կրճատել հաստիքացուցակը: Ավելին, խոսակցություններ էին գնում ներդրումային ծրագիրն արմատապես վերափոխելու մասին, ինչը, բնականաբար, անվտանգային լուրջ ռիսկեր էր պարունակում: Ամփոփելով այս ամենը, կարող ենք ասել՝ խոշոր հաշվով, այն բանակցությունները, որոնք տևական ժամանակ վարվում էին Մոսկվայի հետ, ձախողվեցին, քանի որ ստեղծված աշխարհատնտեսական իրավիճակում կարելի էր ոչ միայն պահպանել սահմանին գազի գինը 165 դոլարի մակարդակում, այլև ապահովել դրա իջեցումը, ինչպես դա արեց Մոլդովան, որի համար գազի գինն արդեն առաջին փուլով՝ նոյեմբերին, 10 տոկոսով իջեցրեցին, ավելին, ակնկալվում է ևս 30 տոկոսով իջեցում ապահովել: Մինչդեռ մենք ընդամենը սահմանափակվեցինք նույն գինը պահպանելով: Հիշեցնեմ, որ 2019-ին ռուսական գազի գինը միջազգային շուկաներում կտրուկ անկում արձանագրեց, օրինակ, Եվրոպայում հասնելով ռեկորդային 120 դոլարի, ինչից մենք չկարողացանք օգտվել»,- նշեց Դավթյանը:
Ըստ նրա՝ ակնհայտ է, որ սակագնի բարձրացումը բերելու է բավականին լուրջ հետևանքների, ինչը մուլտիպլիկատիվ էֆեկտ է ունենալու ամբողջ տնտեսության համար՝ տրանսպորտային համակարգ, էլեկտրաէներգիայի արտադրություն, ծառայությունների շուկա:
«Եթե սակագնային այս փոփոխությունը տեղի ունենա, դա մենք կարող ենք դիտարկել որպես նոր՝ Փաշինյանի իշխանության աքիլեսյան գարշապարը»,- ընդգծեց «Մեկ Հայաստան» կուսակցության քաղխորհրդի անդամը:
Վահե Դավթյանը միաժամանակ հիշեցրեց՝ սակագնային փոփոխությունը մեկ օրվա ընթացքում չի արվում, այլ ըստ գործող կանոնակարգերի՝ «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը պետք է հայտ ներկայացնի ՀԾԿՀ, որը պիտի դիտարկվի, և որոշման կայացումից միայն 90 օր հետո սակագինը կարող է ուժի մեջ մտնել: Ըստ այդմ՝ առնվազն մոտակա 2-3 ամսվա ընթացքում մեզ քիչ թե շատ կայունություն է սպասվում, սակայն այնուհետև կարող են լինել ոչ այնքան բարենպաստ զարգացումներ: