«Բանկերը պարտավոր են յուրաքանչյուր ամիս վարկառուին քաղվածք տրամադրել իր վարկերի ընթացքի մասին». Գայանե Դեմիրչյան
Փաստաբան, բանկային իրավունքի մասնագետ, «Շադյան» փաստաբանական գրասենյակի համահիմնադիր Գայանե Դեմիրչյանի հետ 168.am-ը զրուցել է վարկային պատմությունից, տույժ-տուգանքներից, այսպես կոչված, «սև ցուցակներից» ու քաղաքացի-բանկ իրավահարաբերությունների մասին այլ մանրամասներից։
– Բանկային «սև ցուցակներն» այսօր շահառուների համար ամենամեծ խնդիրն են սոցիալ-տնտեսական արդի պայմաններում: Առհասարակ ինչպե՞ս են դրանք ձևավորվում, ի՞նչ ժամանակահատվածի խախտման մասին է խոսքը, ինչպե՞ս են այնտեղ հայտնվում, ինչպե՞ս կարելի է դուրս գալ այդ ցուցակներից:
– Վարկերից պետք չէ խուսափել: Այն իրենից միջոց ու հնարավորություն է ներկայացնում՝ ունենալ ավելի լավը: Ինչ վերաբերում է «սև ցուցակներին», ապա նշեմ, որ այդպիսի հասկացություն առհասարակ գոյություն չունի բանկերի ու վարկային գործունեության շրջանակում: Քաղաքացիներն են դրան այդ անվանումը տվել: Խոսքը վարկային վատ պատմությունների մասին է, իսկ դրանք էլ ըստ էության ուշացրած վարկերն են, որոնք դասակարգվում են՝ որոշակի չափանիշերից ելնելով: Եթե վարկերը վճարվում են ժամանակին, դրանք ստանդարտ վարկերն են: Եթե մինչև 90 օր ուշացումներ կան, հսկվող վարկերն են, 91-180 օրվա դեպքում գործ ունենք ոչ ստանդարտ վարկերի հետ, ապա՝ կասկածելի վարկեր, և 270 և ավելի օր ուշացրած վարկերը անհուսալի վարկերն են:
– Որքա՞ն պետք է շահառուն ուշացնի նախորդ վարկի մուծումը, որ հաջորդ անգամ վարկ վերցնելիս խնդիր ունենա:
– Թերևս, 270 օր և ավելի ուշացրած անհուսալի վարկերն են, որը այն կարմիր թելն է, ինչը հատելու դեպքում մյուս բանկերը խուսափում են նման վարկառուներին վարկեր տրամադրել: Ամեն դեպքում վարկ վերցնելիս յուրաքանչյուրը կարող է իր վարկային պատմության մասին անվճար զեկույց ստանալ: Տարին մեկ անգամ, անվճար «ACRA» (ԱՔՌԱ) վարկային բյուրոյին գրավոր կամ էլեկտրոնային դիմելու եղանակով կարելի է վերցնել վարկային պատմության վերաբերյալ անվճար զեկույցը վերջին 5 տարվա կտրվածքով: Ի՞նչ վարկեր ունեք, ի՞նչ գումարներով են, ի՞նչ ժամկետներում պետք է մարվեն, ո՞ւմ եք կանգնել երաշխավոր. այս և ձեր վարկերին վերաբերող բոլոր հարցերի պատասխանները կգտնեք այդ զեկույցում:
– Այսօր երբեմն հոգսերի տակ կքած քաղաքացին կարող է մոռանալ ժամանակին վճարել իր վարկը: Բանկերը պարտավորություն չունե՞ն քաղաքացուն ուշացումից մի քանի օր անց տեղեկացնել, որ վերջինս ունի չվճարած վարկ, որ բանը չհասնի դասակարգվելուն:
– Ոչ, բանկերը պարտավորություն չունեն ուշացումների մասին տեղեկացնելու, բայց բանկերը պարտավոր են յուրաքանչյուր ամիսը մեկ ուղարկել քաղվածք վարկառուի նախընտրած եղանակով՝ ձեր վարկի ընթացքի մասին:
– Բայց ըստ էության բանկերը չեն տրամադրում այդ քաղվածքը:
– Եթե չեն ուղարկում, ապա վարկառուն իրավունք ունի բանկից պահանջել իրեն տրամադրել այդ քաղվածքը: Եթե բանկը այդ խախտումը չի վերացնում, քաղաքացին կարող է դիմել ֆինանսական համակարգի հաշտարարին ու բանկին պատասխանատվության ենթարկել: Մինչ վերջերս կար այդ պահանջը, որ բանկերը քաղաքացուն այդ քաղվածքը չտրամադրելու համար նրան 300 000 դրամ գումար էին վճարում, սակայն հետագայում այդ պահանջը փոխվեց, և բանկերին հնարավորություն տրվեց իրենց սխալը ուղղել: Եթե վարկառուն այդ քաղվածքն ամեն ամիս ստանա, ավելի շուտ, քան դասակարգվելը, կտեսնի, որ չմարած վարկային պարտավորություններ ունի: Իհարկե, կա այս խնդիրը: Բանկերը դեռ ամբողջովին չեն կարողանում կառավարել իրենց բազաները, որ բոլորին կարողանան ուղարկել այդ քաղվածքները:
– Ինչո՞ւ է այդ դեպքում, նույնիսկ բանկի թերացման դեպքում, պատասխանատվությունը կրում միայն վարկառուն:
– Եթե կա նաև բանկի մեղքի բաժինը, այդ դեպքում կան նաև պաշտպանության եղանակներ: Քաղաքացին առաջին հերթին կարող է դիմել հենց այն ֆինանսական կառույցին, որը խախտել է իր իրավունքը: Ընդ որում, բանկերը և վարկային կազմակերպությունները պարտավոր են 10 աշխատանքային օրվա ընթացքում պատասխանել քաղաքացու դիմում-բողոքներին: Եթե բանկերը զլանում են պատասխանել, քաղաքացին կարող է դիմել Կենտրոնական բանկ, որը վերահսկում է մյուս բոլոր բանկերի գործունեությունը, դրանից հետո հաջորդ քայլը ֆինանսական համակարգի հաշտարարի ծառայություններից անվճար օգտվելն է, ապա՝ դատարան դիմելը, որն անհամեմատ շատ ժամանակ ու նյարդեր է պահանջում:
– Ինչի՞ն պետք է վարկառուն առաջին հերթին ուշադրություն դարձնի վարկ վերցնելուց առաջ:
– Առաջին հերթին վարկառուն պետք է ուշադրություն դարձնի ոչ թե անվանական, այլ փաստացի տոկոսադրույքին: Ընդ որում, բանկերը պարտավոր են ասել, թե վերջին հաշվով քաղաքացին ինչքան պետք է վճարի իրականում, որովհետև փաստացի տոկոսադրույքն իր մեջ ներառում է նաև սպասարկման վճարները:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում