Իրան-ԱՄՆ ուղղակի կամ անուղղակի պատերազմը բարդացնելու էր Հայաստանի մանևրելու քաղաքականությունը․ Եվսեև
«Ներկայումս կարևոր է, որ Իրան-ԱՄՆ դիմակայությունը չմտավ ակտիվ ռազմական փուլ, պետք է հուսալ, որ ողջամտությունը կողմերը կպահպանեն»,- այս մասին 168․am-ի հետ զրույցում ասաց ռուս ռազմական փորձագետ Վլադիմիր Եվսեևը` անդրադառնալով իրավիճակին տարածաշրջանում:
Վլադիմիր Եվսեևի խոսքով՝ աշխարհի նոր կարգի ձևավորման գործընթացն իր ակտիվ փուլում է, որի շրջանակում միջազգային հարաբերություններն անընդհատ ցնցումների մեջ են։ Ըստ նրա՝ այդ ցնցումները դեռ շարունակվելու են բոլոր այն գոտիներում, որտեղ կայունություն հաստատված չէ, այն բոլոր միջազգային հարաբերություններում, որոնցում ազդեցության գոտիներն ու հարաբերությունների նոր կարգը դեռ փոխակերպումների փուլում են։
«Այս փուլում, կարծում եմ, մենք ականատես ենք լինելու սրացումների մի շարք ուղղություններով: Կարծում եմ՝ Մերձավոր Արևելքում ընդգրկված խաղացողների շահերի բախումը դեռ կշարունակվի, Իրան-ԱՄՆ հարաբերություններում ևս դեռ կլինեն նոր սրացումներ, չեն բացառվում սրացումներ այլ ուղղություններով կոնկրետ այս տարածաշրջանում։ Ինչպես տեսանք, ԱՄՆ-Իրան հարաբերություններում ստեղծված պայթյունավտանգ իրավիճակը վերջին օրերին փոխհամաձայնության մթնոլորտում չեզոքացվեց, քանի որ այդ իրավիճակը ստեղծվեց ոչ այդ երկրների ցանկությամբ, հարակից մի շարք գործոններ սրեցին առճակատումը, և կողմերը ստիպված եղան ընդառաջ քայլերի դիմել, քանի որ ստեղծված իրավիճակը կողմերին տանում էր ուղիղ բախման, որից նրանք խուսափել են և, չնայած վտանգների առկայությանը, խուսափելու են նաև ապագայում։ Հայաստանի համար այդ օրերին ստեղծվեց բարդ իրավիճակ, թեև Հայաստանը փորձեց պահպանել չեզոքությունը։
Մի կողմից՝ կային այն վտանգները, որոնք ռազմական գործողությունների դեպքում կարող էին ստեղծվել Հայաստանի համար, և դրանք բավականին անկանխատեսելի կարող էին լինել, այդ թվում՝ տնտեսական, մյուս կողմից՝ հակամարտող կողմերը Հայաստանի համար առանցքային գործընկերներ են, որոնցից ոչ մեկի հաշվին մյուսի օգտին քայլ Հայաստանն անել չէր կարող»,- ասաց Եվսեևը՝ շարունակելով, որ Իրան-ԱՄՆ առճակատման խորացումը՝ ուղղակի կամ անուղղակի պատերազմը, բարդացնելու էր Հայաստանի մանևրելու և բոլոր կողմերին միտված քաղաքականությունը, քանի որ հակամարտող երկրները նման իրավիճակներում փորձում են նաև դաշնակիցների հետ աշխատել։
Եվսեևը համամիտ է այն փորձագիտական կարծիքներին, որ ԱՄՆ-Իրան առճակատման թեժ փուլի շարունակությունն ուներ ընդլայնման վտանգ, այդ թվում՝ ԼՂ հակամարտության գոտում։
«Այդ վտանգները լինելու էին թե՛ Հայաստանի, թե՛ Ադրբեջանի համար՝ փոխելով հակամարտող երկրների ծրագրերը նաև հակամարտության գոտում։ Այսինքն՝ նման պատերազմը՝ թե պրոքսի, թե ուղիղ, չափազանց մեծ վտանգներ էր իր մեջ պարունակում հարևան տարածաշրջանների և բոլոր երկրների համար, հատկապես այն երկրների, որոնք ունեն հակամարտություններ։ Ներկայումս կարևոր է, որ Իրան-ԱՄՆ դիմակայությունը չմտավ ակտիվ ռազմական փուլ: Պետք է հուսալ, որ ողջամտությունը կողմերը կպահպանեն և խնդիրները կլուծեն բանակցային ճանապարհով»,- ասաց Եվսեևը։