Սուր շնչառական վարակներով հոսպիտալացվել է 649 հիվանդ
«Այս տարի գրիպի առումով նվազում ունենք անցած տարվա համեմատ»,- 168.am-ի հետ զրույցում հայտնեց Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը:
Նրա փոխանցմամբ՝ հունվարի 10-ի ժամը 16:00-ի դրությամբ հանրապետության բժշկական կազմակերպություններում սուր շնչառական վարակներով հոսպիտալացված է 649 հիվանդ (նախորդ տարվա համեմատ՝ նվազում՝ 1,1 անգամ), որի 97,9%-ը կազմում են 0-18 տարեկան երեխաները: Հիվանդների դիմելիության հիմնական բեռը բաժին է ընկել Երևան քաղաքի մանկական ստացիոնարներին:
Բոլոր հիվանդները ստանում են համապատասխան բուժում, ունեն լավացման դրական շարժընթաց: Բժշկական կազմակերպությունների վերակենդանացման բաժանմունքներում բուժում է ստանում 32 հիվանդ (նախորդ տարվա 49-ի փոխարեն), որոնց մեծամասնությունը կազմում են 0-5 տարեկան երեխաները: Հոսպիտալացվածների շրջանում արհեստական շնչառական ապարատի տակ գտնվող՝ հետգրիպային բարդություններով պայմանավորված, հիվանդներ չկան: Իրականացվում է նաև ջերմային ռեժիմի սահմանված ցուցանիշների պահպանման դիտարկում կրթական կազմակերպություններում։ Հունվարի 10-ի դրությամբ շեղումներ արձանագրվել են 153 դպրոցում և 25 մանկապարտեզում: Անհրաժեշտ միջոցառումներ ձեռնարկելու նպատակով Առողջապահության նախարարության կողմից շեղումների մասին օրական կտրվածքով տեղեկացվում է համապատասխան շահագրգիռ կառույցներին:
Ինչ վերաբերում է հանրապետության մի շարք մարզերում «խոզի գրիպի» վիրուսի տարածման մասին մամուլում հաճախ հանդիպող տեղեկություններին՝ ԱՆ մամուլի խոսնակն ասաց, որ դա գրիպի H1N1 տեսակն է, որը սովորական գրիպ է ու տարվա ընթացքում միշտ էլ կա:
Սուր շնչառական վարակներով և գրիպով չհիվանդանալու և հետգրիպային բարդություններից խուսափելու նպատակով՝ Առողջապահության նախարարությունը հորդորում է.
խուսափել գրիպանման երևույթներով հիվանդների հետ շփումից,
մնալ տանը հիվանդ լինելու դեպքում,
հիվանդ լինելու դեպքում հրավիրել տեղամասային մանկաբույժին, թերապևտին կամ ընտանեկան բժշկին և չզբաղվել ինքնաբուժմամբ,
չօգտագործել հակաբիոտիկներ, քանի որ վերջիններս ցուցված չեն գրիպի բուժման համար,
հագնվել եղանակին համահունչ,
պահպանել հազի և փռշտալու վարվելակարգը,
օգտագործել հնարավորինս շատ հեղուկներ,
հաճախակի օդափոխել փակ տարածքները,
հետևել անձնական հիգիենային: