Մինչ այլոց հակապետական գործունեության մեջ մեղադրելը Գայանե Աբրահամյանը, լավ կլինի՝ տիրապետի իրավիճակին

Այսօր առավոտյան հայաստանյան մամուլում և համացանցում սկսեց ակտիվորեն շրջանառվել ռուսական հեղինակավոր «Ռիա Նովոստի» գործակալության նյութն այն մասին, որ այս տարվա մարտից նախատեսվում են ավիահաղորդակցություններ Սիմֆերոպոլի և Երևանի միջև։

Ռուսական ԶԼՄ-ի փոխանցմամբ, Ղրիմի խորհրդարանի տուրիզմի, հանգստավայրերի և սպորտի հանձնաժողովի ղեկավար Ալեքսեյ Չերնյակը հայտնել էր, որ «Икар» ավիաընկերությունն արդեն ստացել է կանոնավոր չվերթերի համար համապատասխան թույլտվությունն ու համաձայնությունը «Ռոսավիացիայից»:

«Այժմ հարցը գտնվում է նախապատրաստման և հաստատման փուլում՝ ներառյալ թռիչքների ժամանակացույցն ու օդանավակայանների հետ համաձայնագրերը: Չվերթերը նախատեսվում են շաբաթական երկու անգամ: Դրանից հետո արդեն՝ ըստ պահանջարկի, բայց ոչ ավելի, քան շաբաթական 7 անգամ», – ասել էր Չերնյակը:

Ղրիմից քաղաքական գործիչը նաև նշել է, որ Սիմֆերոպոլի և Երևանի միջև թռիչքները կլինեն առաջին կանոնավոր միջազգային չվերթերը՝ Ռուսաստանի հետ Ղրիմի վերամիավորումից հետո: «Սա լավ օրինակ կլինի Չինաստանի և Թուրքիայի, ինչպես նաև այլ երկրների և ավիաընկերությունների համար, և ավելի կամրապնդի Սիմֆերոպոլի օդանավակայանի միջազգային կարգավիճակը»,- ասել էր հանձնաժողովի ղեկավարը:

Հաշվի առնելով տեղեկատվության կարևորությունը, հղումը կոնկրետ գործչին և լրատվամիջոցի հեղինակությունը, հայաստանյան գրեթե բոլոր լրատվամիջոցները տարածեցին «Ռիա Նովոստիի» պատրաստած նյութի թարգմանված տարբերակը, ինչպես դա անում են միշտ, որից հետո դիմում համապատասխան կառույցներին՝ տեղեկատվությունը ճշգրտելու և սեփական նյութը պատրաստելու նպատակով:

Նյութի վրա ուշադրություն հրավիրեցին մի շարք օգտատերեր, ինչպես նաև ՀՀ ԱԺ պատգամավորներից մեկը՝ նշելով, որ ակնկալում է արձագանք ՀՀ Արտաքին գործերի նախարարության (ԱԳՆ) և ՀՀ Քաղավիացիայի կոմիտեի կողմից:

168.am-ի ուշադրությունից ևս դուրս չմնաց շրջանառվող այս տեղեկատվությունը, որի հետքերով դիմեցինք՝ ինչպես ԱԳՆ-ին, այնպես էլ՝ Քաղավիացիայի կոմիտեին՝ ստանալով համապատասխան հերքում երկու կառույցներից:

Ի դեպ, Քաղավիացիայի կոմիտեի ղեկավար Տաթևիկ Ռևազյանն առավոտյան չպատասխանեց մեր բազմաթիվ զանգերին, միայն ժամեր անց հաջողվեց ստանալ հերքում Քաղավիացիայի կոմիտեի կողմից: Միաժամանակ մի շարք այլ լրատվամիջոցներ տարածեցին Infocheck-ում տեղ գտած հերքումը նույն կառույցի կողմից:

Հարկ է հիշեցնել, որ սա առաջին դեպքը չէ, երբ նման տեղեկատվություն է հայտնվում հայկական լրատվադաշտում: Ի դեպ, այս մասին տարբեր ժամանակաշրջաններում առավելապես գրել են ռուսական լրատվամիջոցները, նման տեղեկություններ եղել են ռուսական քարոզչական հարթակներում, ինչը կարելի է նաև որոշակիորեն բնական համարել՝ հաշվի առնելով ռուսական կողմի քաղաքական շահագրգռությունը նման ավիահաղորդակցությունների բացման հարցում: Հայկական ԶԼՄ-ները նման դեպքերում անհրաժեշտ պարզաբանումներ ստանալու համար դիմում են բոլոր պատկան մարմիններին, և տեղեկատվությունը հերքվում է: Սիմֆերոպոլ-Երևան ավիահաղորդակցությունների մասին տեղեկություններ պարբերաբար շրջանառվել են նաև ՀՀ նախկին իշխանությունների պաշտոնավարման ժամանակաշրջանում, ավելին, մի շարք լրատվամիջոցներ նաև փորձագիտական կարծիքներ ներառող նյութեր են նախապատրաստել նման չվերթերի բացման նպատակահարմարության, արտաքին քաղաքական հնարավոր հետևանքների մասին, և սա այն առանձնահատուկ թեման չէ, որը կարող է օգտագործվել ՀՀ ներկայիս իշխանությունների կամ Հայաստան-Ուկրաինա հարաբերությունների դեմ:

Հետաքրքրական է, որ այս մասին չգիտի կամ իրավիճակին բացարձակապես չի տիրապետում «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ԱԺ Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, նախկին լրագրող Գայանե Աբրահամյանը, ով այսօր իր ֆեյսբուքյան էջում տարածելով «Ռիա Նովոստիի» տեղեկատվության հերքումը Քաղավիացիայի կոմիտեի կողմից, տարօրինակորեն ցեխ շպրտեց այդ տեղեկատվությունը տարածողների վրա՝ նրանց մեղադրելով «տականքության», «հակապետական», «հակաազգային գործողություններ» իրականացնելու, «պետական դավաճանության» մեջ: «Պետական դավաճանությունը պոզով-պոչով հո չի լինում, հենց նման քայլերով է լինում»,- նման կերպ էր ավարտել ֆեյսբուքյան իր գրառումը Գայանե Աբրահամյանը:

Հատկանշականն այն է, որ հետաքրքիր քննարկում ծավալվեց գրառման ներքո. օգտատերերից մեկը փորձեց պատգամավորին տեղեկացնել, որ սկզբնաղբյուրը ռուսական լրատվամիջոցն է, որը հղում է անում կոնկրետ գործչի, և հայկական ԶԼՄ-ներում տեղ է գտել «Ռիա Նովոստիի» պատրաստած նյութը: Միայն ծավալված քննարկումներից հետո Գայանե Աբրահամյանը գրեց, որ փորձում է ճշտել, ապա, ամենայն հավանականությամբ, համոզվեց, որ սխալ է նման բառապաշարով մեղադրել ռուսական աղբյուրից նյութը տարածողներին, որի արդյունքում հեռացրեց գրառումը: ՀՀ ԱԺ պատգամավորը, փաստորեն, կարող է տեղեկատվությունը տարածողներին, այդ թվում՝ ԶԼՄ-ներին, մեղադրել պետական դավաճանության, տականքության և այլնի մեջ՝ առանց տիրապետելու թեմային, առանց նախապես ծանոթանալու սկզբնաղբյուրներին, առանց ուսումնասիրելու տվյալ թեմայի շրջանակում լրատվամիջոցների աշխատանքը, լրատվամիջոցներում տեղ գտած նյութերը, և հեռացնել գրառումը:

Գայանե Աբրահամյանը, լինելով նախկին լրագրող և ներկայումս լինելով պատգամավոր, առհասարակ գրառումներ անելիս ավելի պատասխանատու մոտեցում պետք է ցուցաբերի, հատկապես հաշվի առնելով այն հանգամանքը, որ մեղադրանքներով լի իր խոսքն ուղղված էր նաև լրատվամիջոցներին, որոնց գործունեության սկզբունքներին նա խորապես ծանոթ պետք է լիներ: Գայանե Աբրահամյանի գրառումը կարդացին իր մի քանի հազարի հասնող ֆեյսբուքյան ընկերներն ու հետևորդները, սակայն քչերն իմացան, որ ԱԺ պատգամավորի գրառումը հեռացված է, քանի որ դրա ողջ բովանդակությունն անհիմն էր:

Ստորև ներկայացնում ենք ՀՀ ԱԺ պատգամավորի հեռացված գրառման սքրին-շոթը:

Տեսանյութեր

Լրահոս