Երևանի քաղաքապետի հետ փոխկապակցված ընկերությունների հարկային ոդիսականը

Ամանորից առաջ մամուլում քննարկվեց կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի՝ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի կողմից պաշտոնի անհամատեղելիության պահանջների առերևույթ խախտման հիմքով վարույթի հարուցման որոշումը։

Քաղաքապետ Մարությանն արձագանքեց այդ տեղեկությանը` պնդելով, որ ինքը սահմանված ժամանակահատվածում հրաժարվել է այդ կազմակերպության տնօրենի պաշտոնից և չի խախտել անհամատեղելիության պահանջը։

168.am-ն ուսումնասիրեց Հայկ Մարությանի հետ փոխկապակցված կազմակերպությունները և նկատեց մի ուշագրավ հանգամանք։ Բանն այն է, որ Երևանի քաղաքապետն իր պաշտոնը ստանձնելու հայտարարագրում ներկայացրել է 3 կազմակերպությունների բաժնեմասեր՝ 25․000 դրամ, 5․000 դրամ և 7․500 դրամ արժեքներով։

Իրավաբանական անձանց պետական ռեգիստրից ստացված քաղվածքների համաձայն՝ այս երեք բաժնեմասերը համապատասխանում են Մարությանի եղբոր տնօրինած երկու կազմակերպությունների («ՀԱՅԿՈ ԸՆԴ ՄԿՈ «ԿԱՐԳԻՆ»» ՍՊԸ, «ԿԱՐԳԻՆ ԹԻՎԻ» ՍՊԸ) և Մկրտիչ Արզումանյանի տնօրինած կազմակերպության («ԿԱՐԳԻՆ ՍՏՈՒԴԻԱ» ՍՊԸ) բաժնեմասերին։

Նկատեցինք նաև, որ պետական ռեգիստրում առկա է նաև մեկ այլ կազմակերպություն՝ «ՍՈԼՈ» ՍՊԸ-ն, որը լուծարված չէ, և որտեղ 30% բաժնեմաս ունի Հայկ Մարությանը՝ 15․000 դրամ բաժնեմասի արժեքով։ Այս հանգամանքն ուշագրավ է, քանի որ Մարությանը չի հայտարարագրել իր բաժնեմասը «ՍՈԼՈ» ՍՊԸ-ում, ինչը կարող է դառնալ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի վարույթի առարկա։

Հետաքրքրական է նաև այս կազմակերպության մյուս, 30% բաժնեմասը, որը պատկանում է Վահան Քերոբյանին, ով հանդիսանում է Menu.am-ի հիմնադիրը: Վերջինս Հայկ Մարությանի դասընկերն է և, թերևս, հասկանալի պատճառներով վերջին շրջանում հրապարակային հարթակներում ու  հարցազրույցներով պաշտպանում է քաղաքապետարանի գործունեությունը։

Պետական ռեգիստրի՝ «ՍՈԼՈ» ՍՊԸ-ի քաղվածքից երևում է, որ թեպետ կազմակերպությունը լուծարված չէ, այդուհանդերձ 2015թ․ սեպտեմբերին առկա է սահմանափակումների վերաբերյալ գրառում։ Ուսումնասիրելով՝ հայտնաբերեցինք, որ դրա պատճառն է հանդիսացել ԵԱՔԴ/0062/04/15 դատական գործը, որի վճռով՝ տվյալ կազմակերպությունը ճանաչվել է սնանկ։ Դատական գործի առիթ է հանդիսացել Արաբկիրի հարկային տեսչության հայցը, որով վերջինս հիմնավորել է «ՍՈԼՈ» ՍՊԸ-ի կողմից 2015թ․ մարտ ամսվա դրությամբ 1․014․887 դրամի չափով հարկային պարտավորությունների չկատարումը։

Դատարանի մեկ այլ վճռում նշված է, որ սնանկության գործով կառավարչի միջնորդության հիման վրա դատարանի 27.07.2015թ. որոշմամբ պարտապանի տնօրենի, գույքի, հաշվապահական և այլ փաստաթղթերի նկատմամբ հայտարարվել է հետախուզում: ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ապահովող ծառայությունում հարուցված թիվ 01344400 կատարողական վարույթով պարտապանի գույքը, տնօրենը, փաստաթղթերը չեն հայտնաբերվել, ինչի արդյունքում դատարանը վճռում է «ՍՈԼՈ» ՍՊԸ-ի սնանկության վերաբերյալ գործն ավարտել՝ ազատելով չկատարված հարկային պարտավորություններից, և հանձնարարել սնանկության գործով կառավարչին դադարեցնել ՍՊԸ-ի պետական գրանցումը։

Թե ինչո՞ւ առ այսօր պետական ռեգիստրում այս կազմակերպությունը չի նշվում՝ որպես լուծարված, կարող են պարզել պատկան մարմինները՝ գնահատելով նաև քաղաքապետ Հայկ Մարությանի բաժնեմասի կարգավիճակը և դրա հայտարարագրման անհրաժեշտությունը։ Մարությանն էլ, թերևս, պետք է պարզաբանի, թե իր հետ փոխկապակցված այս կազմակերպությունը, որում ինքն ունի 30% բաժնեմաս, ինչո՞ւ չի կատարել հարկային պարտավորությունները և դատարանի վճռով դարձել է սնանկ։

Այս հանգամանքն ուշագրավ է նաև այն պատճառով, որ Փաշինյանի կառավարությունը կոչ է անում արտիստներին հայտարարագրել իրենց եկամուտները և պատշաճ կերպով կատարել հարկային պարտավորությունները, մինչդեռ իր թիմի քաղաքապետի հետ փոխկապակցված կազմակերպությունը վերոնշյալ հանգամանքներով ճանաչվել է սնանկ՝ այդպես էլ չկատարելով պետության առջև հարկային պարտավորությունը։

Տեսանյութեր

Լրահոս