«Հայաստանն արտաքին քաղաքական այլընտրանքներ չունի»․ Լուկիանով

«Հայ-ռուսական համագործակցությունն ընդհանուր առմամբ ընթանում է այնպես, ինչպես կողմերը ցանկանում են»,- այս մասին 168am-ի հետ զրույցում ասաց ռուս քաղաքական վերլուծաբան Ֆյոդոր Լուկիանովը՝ ամփոփելով հայ-ռուսական հարաբերություններն անցնող տարվա ընթացքում։

Նա նշեց, որ 2019թ. ընթացքում հայ-ռուսական հարաբերությունները շարունակեցին տեղավորվել հայաստանյան հեղափոխությունից հետո երկկողմ հարաբերություններում ստեղծված զգուշավորության սահմաններում։ Ըստ նրա՝ դա կարելի է նաև բնական համարել, քանի որ սկսվել է ճանաչողության, միմյանց նկատմամբ վստահություն ձեռք բերելու փուլ։

«Ներկայումս միանշանակորեն չենք կարող պնդել, թե այդ փուլը լիովին հաղթահարվել է։Բայց երկկողմ համագործակցությունն ընդհանուր առմամբ ընթանում է այնպես, ինչպես կողմերը ցանկանում են։ Հայաստանը շարունակում է մնալ ԵԱՏՄ-ում, ՀԱՊԿ-ում, ԱՊՀ-ում, հայտարարություններով փորձում է աջակցել այդ կառույցների կայացման գործընթացին, չի փոխում արտաքին քաղաքական վեկտորները։ Ավելին՝ ես մշտապես շեշտում եմ, որ Հայաստանն արտաքին քաղաքական այլընտրանքներ չունի, քանի որ Ռուսաստանն անվտանգության երաշխավոր է, որին Հայաստանն այլընտրանք չունի՝ շրջապատված լինելով Թուրքիայով և Ադրբեջանով։ Դա հասկանում են նաև ՀՀ իշխանությունները։ Ռուսաստանը հասկանում է իր այս դերը և վախեր չունի, որով էլ պայմանավորված են հայ-ռուսական հարաբերությունները։ Որոշակի զգուշավորություն կա, որը ծայրահեղ չէ»,- ասաց Լուկիանովը։

Նրա խոսքով՝ 2019թ. արդյունավետ է եղել հայ-ռուսական համագործակցությունը պաշտպանության, ռազմատեխնիկական համագործակցության և ինտեգրացիոն կազմակերպությունների ոլորտում։

«Երկար տարաձայնություններից հետո համաձայնություն եղավ նաև ՀԱՊԿ-ում գլխավոր քարտուղարի թեկնածության շուրջ, ԵԱՏՄ նիստ տեղի ունեցավ Հայաստանում Իրանի, Սինգապուրի և Մոլդովայի ղեկավարների մասնակցությամբ, որի ուղղությամբ հայկական կողմն աշխատել էր՝ ցույց տալով իր ակտիվ մասնակցությունն այդ միություններին, 102-րդ բազայի ներուժը ավելացավ, ՀՀ-ում գտնվող կենսալաբորատորիաների հարցում են ակտիվ աշխատում Ռուսաստանն ու Հայաստանը, Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում ևս ներկայումս կա ռուսական համանախագահության ակտիվություն։ Բնականաբար, կա ավելի զարգացնելու տեղ, բայց հարաբերությունները բավարար են։ Որոշ հարցերում կարող են լինել նաև տարաձայնություններ, դրանք եղել են, կլինեն ու կան։ Կան դեռ չլուծված հարցեր, ինչպիսին գազի գինն է, և այլ հարցեր, որոնք, հուսանք, ավելի հստակ կլինեն 2020 թվականին»,- ասաց Լուկիանովը։

Ռուս փորձագետն ասաց, որ ընդհանուր առմամբ աշխարհում տեղի են ունենում գլոբալ աշխարհաքաղաքական փոփոխություններ, և աշխարհը շարժվում է դեպի այդ փոփոխություններ։ «Հիմա կարելի է համարել անցումային փուլ, և այն առկա է բոլոր ուղղություններում»,- ասաց Լուկիանովը։

 

Տեսանյութեր

Լրահոս