
«ՀՔԾ-ի ներկայացուցիչները Քաղաքապետարանի շենքում են». Դավիթ Խաժակյանին այս ժամին Քաղաքապետարան է տարել ներքին զգացողությունը

Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը ներքին համոզում ունի, որ ՀՔԾ ներկայացուցիչները հիմա Երևանի քաղաքապետարանի գլխավոր մասնաշենքում են, և, որ այնտեղ այժմ փաստաթղթեր են կեղծվում: Ավագանու անդամը Քաղաքապետարանի շենքից ուղիղ եթեր էր մտել, այս ժամին նրան այնտեղ է տարել «հանկարծ արթնացած ներքին զգայարանը»: Դավիթ Խաժակյանը վաղը հրավիրվել է ՀՔԾ՝ բացատրություն տալու իր ներկայացրած հաղորդման մասով, ըստ որի՝ Երևանի քաղաքապետարանում տեղի է ունեցել պաշտոնեական կեղծիք և պաշտոնեական լիազորությունների անցում:
«Քաղաքապետարան եկա ներքին անհանգստությամբ, որը վերաբերում էր որոշ գործողությունների, որոնք այս պահին այստեղ կատարվում են: Իմ ներքին զգայարանը ուժեղ է: Տեսիլքով հասկացա, որ մի քանի խնդիր կա: Հիմա այս շենքում, ինչպես ես զգում եմ իմ ներքին զգայարաններով, գտնվում են ՀՔԾ-ի ներկայացուցիչները, և որոշակի քննարկում է իրականացվում, թե ինչպես է հնարավոր կարգավորել պաշտոնեական կեղծիքի հարցը»,- պնդում է Դավիթ Խաժակյանը ֆեյսբուքյան իր լայվում:
Լայվի ավարտին Խաժակյանն ասաց, որ բարձրանում է քաղաքապետի խորհրդականի սենյակի հարկ և գուցե այնտեղ տեսնի ՀՔԾ ներկայացուցիչներին: Խաժակյանը կոչ արեց ՀՔԾ-ին ու Քաղաքապետարանի աշխատակիցներին զերծ մնալ փաստաթղթեր կեղծելուց կամ ստեղծելուց, որովհետև երբեք չեն իմանա, թե իր ձեռքի տակ ինչ փաստաթղթեր կան:
https://www.facebook.com/davit.khazhakyan/videos/436847293937392/?__tn__=%2CdkC-R&eid=ARA9rZ_9PTdADRENn9AWajofdkd7LKOiUWbkBc3YFHB_rVTs-P3nbjdb3tcCP-wOKEbnzGmu8bQ4KgEU&hc_ref=ARQOqHBB9vJ-gPviVJAXdO2c05nHCpM68DeW58VL-rLN-Kabc0vGbzlo3FgEQKqfFS4