Բաժիններ՝

Երիտասարդը կարող է մեզ մոտ բնակարան ստանալ. Բյուրականի աստղադիտարանի առաջարկն աստղագետներին

ՀՀ ԳԱԱ Վիկտոր Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանի տնօրեն Արեգ Միքայելյանն ամփոփեց տարին և տեղեկացրեց, որ  2019թ. կարևորագույն արդյունքներից մեկը աստղառաջացման նոր տիրույթի հայտնաբերումն է եղել, որը խմբավորում է IRAS 05168+3634, 05184+3635,05177+3636, 05162+3639 և 05156+3643 աղբյուրները:

Օգտագործելով բազմալիքային գույնի ցուցիչներն այդ տիրույթում՝ հայտնաբերվել են 240 երիտասարդ աստղային օբյեկտներ, որոնք կազմում են ենթակառուցվածքներ՝ յուրաքանչյուր IRAS աստղի շուրջ: K լուսատվության ֆունկցիայի գնահատականով ենթակառուցվածքների տարիքը կազմում է 0.1-3 մլն տարի:

Ռենտգենյան գալակտիկաների SDSS սպեկտորների միջոցով առաջին անգամ որոշվել են դրանց ակտիվության դասերը: Հայտնաբերվել են մոտ 50 թաքնված ակտիվ գալակտիկական միջուկներ հանդիսացող օբյեկտների թեկնածուներ, որոնք օպտիկական տիրույթում չունենալով ակտիվության դրսևորումներ՝ հզոր ռենտգենյան աղբյուրներ են: Հայտնաբերվել են 149 աստղառաջացման բռնկումով, 42 ակտիվ միջուկներով և 28 բաղադրյալ սպեկտորներով գալակտիկաներ:

Հրապարակվել են գրքեր, տպագրվել հոդվածներ, կազմակերպվել են գիտաժողովներ և միջոցառումներ:

«2.6մ աստղադիտակում խնդիրներ կան, բայց էական փոփոխություններ են կատարվել այս տարիների ընթացքում: Փոքր աստղադիտակներից նորությունն այն է, որ ԱՄՆ-ից նոր ֆոտոմետր ենք ստացել, Լենինգրադի կայանի 3 աստղադիտակ արդեն Բյուրականին է պատկանում: Ճկուն դիվանագիտության արդյունքում այդ աստղադիտակները մեզ նվիրեցին, մեկն էլ կա՝ մտնում է առանձնահատուկ թանկարժեք սարքերի մեջ, որը երևի շուտով կկարողանանք ձեռք բերել:

Այսինքն, կարճ ժամանակ անց 4 աշխատանքային դիտակ կունենանք: Սա նաև ուղերձ է երիտասարդներին, որ ներգրավվեն դիտողական աշխատանքների մեջ: Դիտող կամ դիտելու ցանկություն ունեցող երիտասարդներ քիչ ունենք»,- ասաց Արեգ Միքայելյանը:

Նրա փոխանցմամբ՝ Բյուրականի աստղադիտարանի գիտական խորհրդի նիստերից մեկում կարևոր հարց է բարձրացվել՝ ինչպե՞ս ներգրավել երիտասարդ կադրերին:

«Ստեղծվեց հանձնաժողով, պետք է մշակենք գրավիչ կետեր, թե ինչո՞ւ արժե գալ և աշխատել Աստղադիտարանում: Այո՛, կարևոր գիտություն է աստղագիտությունը, բայց փաստ է, որ չեն գալիս երիտասարդները, դրա համար հստակ պետք է ցույց տալ, թե եթե գան այստեղ՝ ինչ առավելութուններ կստանան»,- ասաց նա:

168.am-ի հարցին՝ որո՞նք են երիտասարդ աստղագետներին գրավելու առավելությունները, Բյուրականի աստղադիտարանի տնօրենը պատասխանեց.

«Առաջիկա ամիսներին այնպես ենք անելու, որպեսզի բուհերի հաջորդ տարվա շրջանավարտները հասկանան, որ Բյուրականում աշխատելը ձեռնտու է: Կետերից մեկն այն է, որ երիտասարդը կարող է մեզ մոտ ժամանակավոր բնակարան ստանալ. ամեն կազմակերպություն չէ, որ նման հնարավորություն է տալիս. ասենք՝ մարզից եկած երիտասարդն ի՞նչ պետք է անի, վարձով է ապրելու, և մտածում է՝ այնքան աշխատավարձ ունենալ, որ վարձի 1/3-ը կազմի»:

Մեր մյուս հարցին, թե ո՞րն է դիտումներին չմասնակցելու կամ քիչ մասնակցելու պատճառը, Արեգ Միքայելյանը պատասխանեց.

«Դիտումները նախկինում ծանր աշխատանք էին: Առաջ մեզ  պարտադրում էին. երիտասարդը որ գալիս էր՝ պարտադրում էին նստել և գիշերային դիտումներ կատարել, իսկ հիմա երիտասարդները կուզեն նստել համակարգչի առջև, տվյալները վերցնել, արագ մշակելով՝ արդյունքներ ստանալ: Հասկանում եմ, որ ցանկանում են քիչ բան անել, բայց շատ արդյունք ստանալ, սակայն ես չեմ ափսոսում, որ երիտասարդ տարիներին 4-5 տարի անընդհատ դիտումներ եմ կատարել, հետագա գործունեության համար դա ինձ շատ բան տվեց»:

Աստղագետների հաշվետու ժողովի ընթացքում հանձնվեցին նաև նորարարական մեթոդներով աստղագիտության դասավանդման, ակտիվ գործունեության և գիտական լրագրության մրցանակներ:

Բյուրականի աստղադիտարանի կրտսեր գիտաշխատողներ Գոռ Միքայելյանը և Արուս Հարությունյանն արժանացան Գալիլեյյան ուսուցիչների վերապատրաստման ծրագրի (GTTP) միջազգային հավաստագրերի։ Այս ծրագիրն ուղղված է նորարարական մեթոդներով աստղագիտության դասավանդմանը։

2019 թվականի մայիսին Հայկական պետական մանկավարժական համալսարանում ֆիզիկայի և աստղագիտության ուսանողների համար կազմակերպվել են NASE (Network of Astronomy School Education) միջազգային ծրագրի դասընթացներ՝ Ռոզա Մարիա Ռոսի (Իսպանիա) և Ալան Պիկվիկի (Մեծ Բրիտանիա) ղեկավարությամբ։ Հայաստանից ծրագիրն իրականացրել է Մարիետա Գյուլզադյանի ղեկավարած երիտասարդների թիմը՝ Գոռ Միքայելյան, Արուս Հարությունյան և Արմինե Փաթաթանյան։

Հավելենք, որ Մարիետա Գյուլզադյանն ու Արմինե Փաթաթանյանն այլ ծրագրերի իրականացման շնորհիվ արդեն  Գալիլեյյան ուսուցիչներ էին։

Հայկական աստղագիտական ընկերության (ՀԱԸ) 2019թ․ տարեկան մրցանակը հանձնվեց ՀՀ ԳԱԱ Վիկտոր Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանի կրտսեր գիտաշխատող Նաիրա Ազատյանին՝ ակտիվ գործունեության և փայլուն աշխատանքի համար։ Սա արդեն նրա երկրորդ նման մրցանակն է․ առաջինին Նաիրա Ազատյանն արժանացել էր 2017 թվականին։

ՀԱԸ հասարակական կազմակերպություն է, որը ստեղծվել է 1999թ. և պաշտոնապես գրանցվել 2001թ.: Նպատակն է՝ Հայաստանում զարգացնել աստղագիտությունը,  խթանել Հայաստանի և արտասահմանյան աստղագիտական կառույցների միջև համագործակցությունը, ամրապնդել հայ և օտարազգի աստղագետների միջև  կապերը, նպաստել աստղագիտական կրթության զարգացմանն ու գիտության հանրայնացմանը: 2004 թվականից ՀԱԸ-ն սահմանել է տարեկան մրցանակ երիտասարդ աստղագետների համար, որն այժմ կրում է հայ մեծանուն աստղագետ Երվանդ Թերզյանի անունը։

Բյուրականի աստղադիտարանում հանձնվեցին նաև գիտական (աստղագիտական) լրագրության 2019թ․ մրցանակները։
Լավագույն հեղինակային տպագիր կամ առցանց հոդված կամ հոդվածաշար անվանակարգում հաղթող ճանաչվեց Գրիգոր Էմին-Տերյանը («Պոիսկ» Մոսկվա), լավագույն հեղինակային ձայնա/տեսանյութ անվանակարգում՝ Ելենա Չոբանյանը (Araratonline ամսագիր, SoCal Armenian ռադիո), իսկ ամբողջ տարվա կտրվածքով առավել ակտիվ լրագրողի մրցանակին արժանացան Անի Կարապետյանը (168.am) և Մարի Թարյանը («Մեդիամաքս» մեդիա ընկերություն):

Ընդգծենք, որ դիտարկվել են միայն հեղինակային աշխատանքները։

ՀՀ ԳԱԱ Վ. Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանը  գիտական լրագրության նախաձեռնողն ու ջատագովն է և գիտական լրագրության ոլորտում պարբերաբար մրցույթներ է անցկացնում: Նպատակը   Հայաստանում գիտական լրագրությունը զարգացնելն ու լրագրողներին  խրախուսելն է:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս