Հրադադարի նման խախտումները կարող են հաճախակիանալ. Ռուս ռազմական փորձագետ

«Բանակցությունները միայն միտված են լինելու երկարաձգել ներկայումս հաստատված ստատուս-քվոն, որին դեմ է Ադրբեջանը»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ռուս ռազմական փորձագետ Ալեքսանդր Խրամչիխինը` անդրադառնալով հայ-ադրբեջանական սահմանին նախօրեին տեղի ունեցած միջադեպին:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 17-ին ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը տեղեկացրել էր, որ ժամը 22:00-22:30-ի սահմաններում Ադրբեջանական ԶՈւ-երը կրակ են բացել Իջևան-Նոյեմբերյան մայրուղու և Կոթի գյուղի ուղղությամբ: «ՀՀ ԶՈւ-երի պատասխան կրակից հետո հակառակորդը դադարեցրել է կրակը: ՀՀ ԶՈւ-երի կողմից կորուստներ չկան»,- նշել էր Արծրուն Հովհաննիսյանը: Վերջինիս փոխանցմամբ՝ ՀՀ ԶՈւ-երի պատասխան կրակից հետո միայն դադարել են գործողությունները, կիրառվել են տարբեր տրամաչափի հրաձգային զենքեր, գնդացիրներ։ Ուշագրավ է, որ հրադադարի այս խախտումը տեղի է ունենում դեկտեմբերի 4-ին Բրատիսլավայում ՀՀ ԱԳ և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Մնացականյանի ու Մամեդյարովի հանդիպումից հետո, երբ նախարարական համաժողովի հակամարտող կողմերի ԱԳ նախարարների ելույթներում արտացոլվեցին միմյանց հակասող դիրքորոշումները, ոմանց գնահատմամբ՝ բանակցային գործընթացը փակուղի մտցնելով:

Ալեքսանդր Խրամչիխինն ասաց, որ հրադադարի խախտումն արդեն սովորական դարձած երևույթ է հայ-ադրբեջանական հարաբերությունների և ԼՂ հակամարտության պարագայում: Սա, ըստ նրա՝ կարող է կապ ունենալ՝ ինչպես հանդիպումների արդյունքների հետ, այնպես էլ կարող է լինել զարգացում՝ անկախ այդ հանդիպումներից:

«Ես այն համոզմանն եմ, որ բանակցային ճանապարհով կարգավորվելու հնարավորություն այս հակամարտությունը չունի: Ո՛չ Ադրբեջանը կարող է համաձայնել զիջումների, ո՛չ էլ Հայաստանը, ուստի բանակցային գործընթացը սովորաբար ուղեկցվում է հրադադարի խախտումներով, բանակցային գործընթացի տապալումներով, ռազմատենչ հայտարարությունների փոխհրաձգությամբ:

Կողմերը, այնուամենայնիվ, հանդիպում են միջազգային հանրությանը՝ ցույց տալու համար, որ կառուցողական են, որ դեմ են պատերազմին, բայց յուրաքանչյուրն իր գիծը շարունակում է և չի պատրաստվում զիջել: Որոշ փուլերում կողմերի քաղաքականությունը կամ դրսևորումները փոխվում են՝ ըստ աշխարհաքաղաքական զարգացումների և կողմերի միջև ուժային հավասարակշռության: Բայց կոնկրետ Ձեր նշած միջադեպը, կարծում եմ, առավելապես կարող է կապ ունենալ վերջին հանդիպման արդյունքների  և այն բանի հետ, որ կողմերն ինչ-որ հարցերում ակնկալված երկխոսությունը չեն ունեցել: Բայց հասկանալի է նաև այն, որ երբեք այդ երկխոսությունը չի եղել և չի լինի միաժամանակ բոլոր կողմերին բավարարող: Հրադադարի խախտումներից կողմերը կարող էին խուսափել՝ համաձայնության գալով վերահսկողական մեխանիզմներ ներդնելու հարցի շուրջ, սակայն այդ հարցի շուրջ քննարկումները որևէ հաջողություն ունենալ չեն կարող, քանի որ կա ընկալում, որ ամեն պահ իրավիճակը բանակցային սեղանի շուրջ կարող է դառնալ անելանելի: Բացի դրանից, եթե դա գործող գործիք լիներ, ապա այն կունենար ազդեցություն 1990-ական թթ., երբ եռակողմ համաձայնագրերով նախատեսվում էր հրադադարի պահպանում և հատուկ միջոցառումներ:

Կողմերի միջև հաստատված ուղիղ կապը ևս փակուղային իրավիճակում պարզապես չի գործելու, քանի որ դա կախված է կողմերի՝ շփվելու կամքից: Կարծում եմ՝  կա վտանգ, որ կհաճախակիանան հրադադարի խախտումները, քանի որ բանակցային գործընթացը չի հաջողվում, իսկ դա չի կարող չուղեկցվել նման խախտումներով, սրանով ազդանշան է ուղարկվում, որ կան վտանգներ հակամարտության գոտում»,- ասաց Խրամչիխինը:

Նրա կարծիքով՝ այն, ինչ ներկայումս քննարկում են կողմերը կամ կարող են նույնիսկ քննարկել ապագայում, մեծ կարևորություն չունի, քանի որ հակամարտությունը ոչ թե նման բանակցությունների միջոցով է լուծվելու, այլ ռազմական ճանապարհով:

«Բանակցությունները միայն միտված են լինելու երկարաձգել ներկայումս հաստատված ստատուս-քվոն, որին դեմ է Ադրբեջանը, բանակցությունները կարող են դառնալ այս փուլը երկարաձգելու և հենց այս փուլում ռազմագործողություններ չսկսելու միջոց, քանի որ կողմերից մեկն ունի գերակայություն, որը կարող է և որոշիչ չլինել վերջնարդյունքում, ուստի կողմերը, տրամաբանությունը հուշում է, որ պետք է շարունակեն ընդլայնել և մեծացնել իրենց ռազմական ներուժը՝ փորձելով փոխել բալանսը: Կարծում եմ՝ իրական գործընթացը սա է, իսկ դիվանագետներն իրականացնում են իրենց դիվանագիտական խնդիրը, որով հարցի լուծում չի ուրվագծվում»,- ասաց Խրամչիխինը:

Տեսանյութեր

Լրահոս