Բաժիններ՝

«Պետական տուրքի հարցով դիմել ենք ՀՀ նախագահին, որ փաթեթը չստորագրի և ուղարկի Սահմանադրական դատարան». «Վարորդի ընկեր» հ/կ

Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ դեկտեմբերի 9-ին ընդունեց «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը:

«Մի շարք առաջարկներ արել էինք, որոնք չեն ներառվել նախագծում, բայց պետական տուրքի մասին մի օրենք ընդունեցին՝ հետը գնաց: Դատարան դիմելու համար ֆիզիկական անձանց նկատմամբ պետական տուրք սահմանեցին: Դա շատ վատ է, այդ դրույթը չի քննարկվել  Ազգային ժողովում, առանձին, հանձնաժողովի նիստի ժամանակ են քննարկել, բայց վերջին պահին ներառեցին՝ գնաց»,- 168.am-ի հետ զրույցում ասել էր «Վարորդի ընկեր» հասարակական կազմակերպության համահիմնադիր Տիգրան Քեյանը:

«Վարորդի ընկեր» հ/կ-ն դիմել է ՀՀ նախագահին, որ վերջինը դիմի ՀՀ Սահմանադրական դատարան, որպեսզի  պարզեն՝  ընդունված օրենքը համապատասխանո՞ւմ է Սահմանադրությանը, թե՞ ոչ:

«Օրենսդիր և գործադիր մարմինը հաշվի չի առել Սահմանադրական դատարանի այն որոշումը, որ պետական տուրքի արտոնության կիրառումը նպատակահարմար չէ: Դրա համար մենք դիմել ենք ՀՀ նախագահին, որ այդ փաթեթը չստորագրի և ուղարկի ՍԴ: Այս օրենքի փոփոխությամբ քաղաքացիները Ճանապարհային ոստիկանության աշխատակցի կողմից տուգանքը վիճարկելու համար Առաջին ատյանի դատարանին պետք է վճարեն 4000 դրամ պետական տուրք, ու, եթե  արդյունքի չհասնեն՝ մյուս երկու ատյաններում վիճարկելու համար, համապատասխանաբար՝ 10.000 և 20.000 դրամ են վճարելու:

Օրենքը ներկայացնողները մատի փաթաթան են սարքել այն, որ, երբ վարորդը հաղթի դատը՝  գումարը նրան հետ է վերադարձվում: Խնդիրն այստեղ այլ է: Բազմաթիվ դեպքերում հենց վարորդն է ուզում իր իրավացիությունը ստուգել դատարանի միջոցով, որն այս պահին անհասանելի է դառնում, հենց ֆինանսական  բեռով սահմանափակում են այդ իրավունքը»,- 168.am-ի հետ զրույցում ասաց «Վարորդի ընկեր» հ/կ համահիմնադիր Դավիթ Պեդանյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս