«Այսօրվա բառապաշարը, հռետորաբանությունը, որը կարծես թե դարձել է նոր իշխանության առանձնահատկությունը, նախկինում չի եղել». Լարիսա Ալավերդյան

Այսօր ԱԺ  Մարդու իրավունքների պաշտպանության մշտական հանձնաժողովում քննարկվեց և ընդունվեց ատելության խոսքի դեմ պայքարին ուղղված ՀՀ օրենսդրության բարեփոխման շուրջ քննարկումների նպատակով աշխատանքային խմբի ստեղծման հարցը: Նախատեսված է, որ աշխատանքային խումբը կգործի վեց ամիս, որից հետո կամփոփի աշխատանքի արդյունքները և կներկայացնի հանձնաժողովին։

Հարցի քննարկումից հետո հիմնական զեկուցող, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սարգիս Խանդանյանը լրագրողների հետ զրույցում անդրադառնալով հարցին, թե վարչապետի հնչեցրած «ասֆալտին փռել» արտահայտությունը ատելության խո՞սք է, թե՞ ոչ, պատասխանեց, որ ատելության խոսք չէ, քանի որ արտահայտությունը թիրախավորված չէ և պարբերական բնույթ չի կրում:

Հայաստանում մարդու իրավունքների առաջին պաշտպան, «Ընդդեմ իրավական կամայականությունների» հ/կ ղեկավար Լարիսա Ալավերդյանն անդրադառնալով Հայաստանում ատելության խոսքին և առհասարակ վարչապետի արտահայտությանն ու պատգամավորի մեկնաբանությանը՝ նախ նշեց՝ որտեղի՞ց այդ տարածական մեկնաբանությունը, որ վարչապետի «ասֆալտին փռելը» ատելության խոսք չէ։

«Կներեք, այդ քանի՞ անգամ պետք է վարչապետն այդ հայտարարությունն անի, որ լինի ատելության խոսք։ Օրենսդրության այդ նախագիծն ընդհանուր առմամբ ունի թերություն՝ իրավաբանական անորոշության առումով, ըստ այդմ էլ՝ քանի՞ անգամ պետք է արտահայտությունն անես, որ լինի ատելության խոսք։ Եթե այսպես շարունակվի, ապա այդ օրենքը լինելու է ոչ մի բանի մասին, ցանկացած դեպքում այն կմեկնաբանեն կամայական ձևով: Այսինքն՝ կողքի մարդկանց խոսքը կարող են մեկնաբանել՝ որպես ատելության խոսք, իսկ յուրայիների խոսքն այդ մեկնաբանության տակ չի ընկնելու։ Ցանկալի է, որ այդ օրենքում այնպիսի բնութագրեր ընդգրկվեն, որոնք թույլ չեն տա հետագայում կամայական այդպիսի մեկնաբանությունների, մասնավորապես՝ դրանց կիրառման համար»,- շեշտեց Լարիսա Ալավերդյանը։

Նրա խոսքով՝ ատելության խոսքի առումով՝ ներկայիս իրավիճակը, որը ստեղծվել է, իսկապես աննախադեպ է։

Ըստ նրա՝ տարբեր օրենքների վերաբերյալ եղել են կամայական մեկնաբանություններ, հաճախ նաև մարդու իրավունքների զանգվածային ոտնահարումներ, սակայն նախկինում երբևէ նման բարձր մակադակով չի եղել ատելության խոսք։

«Ինքս հիշում եմ մեկ-երկու դեպք, երբ տեղի է ունեցել այնպիսի արտահայտություն, որոնք կարելի է մեկնաբանել՝ որպես ոչ կոռեկտ խոսք։ Սակայն այսօրվա բառապաշարը, հռետորաբանությունը, որը կարծես թե դարձել է նոր իշխանության առանձնահատկությունը, նախկինում չի եղել։ Կարծեք թե վարչապետի օրինակին հետևում են որոշ պատգամավորներ։

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տիգրան Կարապետյանն օգտագործել է ամբողջովին մերժելի ու դատապարտելի նախադասություն, այն է՝ «պարտիզանական խմբերին կխեղդեն իրենց բներում»։ Կներեք, էլի, բայց սա այնքան հեռու է մարդու իրավունքների ոլորտի պառապաշարից, էլ չեմ ասում, որ պատգամավորին ոչ հարիր բառապաշար է։ Չեմ ճանաչում այդ պատգամավորին, բայց պարտքս եմ համարում ասելու, որ դա ոչ թե մեկ պատգամավորին է բնութագրում, դա դառնում է մեր Ազգային ժողովի բնութագիրը՝ անկախ այն հանգամանքից, թե ով է դրա կողմնակիցը կամ դրան դեմ։ Որպես ՀՀ քաղաքացի՝ հորդորում եմ, պահանջում՝ վերջ տալ նման բառապաշարի օգտագործմանը, քանի որ դա ուղղակի վիրավորում է ամբողջ հայ ազգին, նաև խոսում է այն մասին, որ այդ անձինք չեն տիրապետում հարուստ հայերենին»,- եզրափակեց Լարիսա Ալավերդյանը։

Տեսանյութեր

Լրահոս