«Բակո Սահակյանը հեռանում է, և այս պայմաններում Ադրբեջանը գուցե փորձի իրականացնել ռազմական օպերացիա»․ Եվսեև
«ԼՂ հակամարտության գոտում պատերազմի վերսկսման վտանգ կա»,- այս մասին 168․am-ի հետ զրույցում ասաց ռուս ռազմական փորձագետ Վլադիմիր Եվսեևը՝ անդրադառնալով Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացին և Ռուսաստանի՝ հակամարտող կողմերին զենքի վաճառքի քաղաքականությանը։
Նա նշեց, որ Ադրբեջանը բարենպաստ փուլ է փնտրում՝ կրկին ռազմական օպերացիայի փորձն իրականացնելու համար։ «Ենթադրում եմ, որ Ադրբեջանը սպասում է հաջորդ տարվա գարնանը, քանի որ ԼՂՀ-ում ընտրություններ են նախատեսվում, և ընտրությունների փաստն ինքնին անհանգստացնում է այն տեսանկյունից, թե ինչպես է իշխանությունը փոխանցվելու մեկ նախագահից մյուսին։ Բակո Սահակյանը հեռանում է, և այս պայմաններում Ադրբեջանը գուցե փորձի իրականացնել ռազմական օպերացիա, ուստի անհանգստություն կա։ Մեկ այլ վտանգ է նաև այն, որ առաջնագծից ծանր սպառազինությունը հեռացված չէ, դա ևս հակամարտության բռնկման համար վտանգավոր է»,- ասաց Եվսեևը՝ շարունակելով, որ միջազգային մեխանիզմ չկա հրադադարի վերահսկողության համար, իսկ դիտորդների քանակը բավարար չէ։ Սակայն գլխավորը, ըստ վերլուծաբանի՝ այն է, որպեսզի ընտրություններն անցնեն առանց միջադեպերի, որպեսզի ոչ միայն ամենաուժեղը հաղթի, այլև Ղարաբաղի ներսում որևէ դժգոհություն չլինի։ Նրա խոսքով, եթե այդպես լինի, Ադրբեջանը նման քայլի չի դիմի։
«Իշխանության հանգիստ փոխանցումը երաշխիք է, որ Ադրբեջանը չի իրականացնի ռազմական օպերացիա։ Բայց չեմ բացառում 2016 թվականի ապրիլյան իրադարձությունների կրկնություն, քանի որ Ադրբեջանը գուցե զգա, որ օպտիմալ ժամանակաշրջան նման գործողության համար, այսպես թե այնպես, չի լինելու։ Ուստի գուցե փորձի»,- ասաց Եվսեևը։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում