Բրատիսլավայում նախարարական հանդիպումը չունեցավ այն ընթացքը, ինչ ակնկալվում էր գոնե ռուսական կողմից. վերլուծաբան

«Ավելի բարդ է դառնում ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացում երկարաձգել մի իրավիճակ, որում էական պայմանավորվածություններ ձեռք չեն բերվում, որոնք բխում են հակամարտող բոլոր կողմերի ցանկություններից»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց բրիտանացի վերլուծաբան Նեյլ Մաքֆարլեյնը՝ անդրադառնալով Արցախյան հիմնահարցի խաղաղ կարգավորման բանակցային գործընթացի վերջին ռաունդին և դրան հետևած գնահատականներին:

Հիշեցնենք, որ Բրատիսլավայում ԵԱՀԿ Արտգործնախարարների խորհրդի 26-րդ նիստի ժամանակ Սլովակիայի ԱԳ նախարար և ԵԱՀԿ գործող նախագահ Միրոսլավ Լայչակը խոսել էր Լեռնային Ղարաբաղի հակամարտության սրման իրական վտանգի մասին: Նրա խոսքով՝ հակամարտությունների կարգավորման համար երկխոսությունը շարունակվել է ամբողջ տարվա ընթացքում՝ Մինսկի խմբի գործընթացի, ժնևյան քննարկումների և 5+2 ձևաչափով:

«Տարբեր հարթակների միջոցով կազմակերպությունը փորձել է ամրապնդել վստահությունը, վերացնել լարվածությունը և աջակցել երկխոսությանը։ Լեռնային Ղարաբաղի հակամարտության սրման իրական վտանգ կա։ Ես չունեմ կախարդական բանաձև, թե ինչպես կարելի է մեկընդմիշտ լուծել հակամարտությունները։ Բայց ես վստահ եմ, որ նոր երկխոսության համար ուղիների բացմամբ լարվածության վերացմանն ուղղված ԵԱՀԿ ջանքերն անգնահատելի են, և ԵԱՀԿ-ն առաջին կազմակերպությունն է, որն իր աջակցությունն է առաջարկում խաղաղությանն ուղղված կոնկրետ քայլերին»,- ընդգծել է Լայչակը։

Նա նաև ընդգծել էր, որ անգնահատելի են նոր երկխոսության համար ուղիներ գտնելու ԵԱՀԿ ջանքերը, և այս կազմակերպությունն առաջինը կլինի, որը խաղաղությանն ուղղված կոնկրետ քայլեր կառաջարկի:

Նշենք նաև, որ Բրատիսլավայում տեղի էր ունեցել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ։ Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել էին Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ բանակցային գործընթացի առաջմղման հարցերը և պայմանավորվել հանդիպել հաջորդ տարվա սկզբին՝ երկխոսությունը շարունակելու համար: Հանդիպման արդյունքներով կողմերը՝ առանձին-առանձին, ինչպես նաև՝ ԵԱՀԿ ՄԽ համանախագահող երկրների պատվիրակությունների ղեկավարները եռակողմ հայտարարություն էին տարածել:

Նեյլ Մաքֆարլեյնն ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ ակնկալվող հնգակողմ հայտարարություն չհաջողվեց ընդունել, ինչն առնվազն ցույց է տալիս, որ հանդիպումը չի ունեցել այն ընթացքը, ինչ ակնկալվում էր գոնե ռուսական կողմից:

«Նման հայտարարություն ընդունելու հույս էր հայտնել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ ակնկալելով, որ նախորդ տարվա օրինակով կհաջողվի ընդունել հնգակողմ հայտարարություն: Սակայն ժամանակն իր բացասական գործն անում է, և ավելի բարդ է դառնում երկարաձգել մի իրավիճակ, որում էական պայմանավորվածություններ ձեռք չեն բերվում, որոնք բխում են հակամարտող բոլոր կողմերի ցանկություններից: Երբ ինչ-որ գործոնների ազդեցությամբ հաջողվում է որոշակի գործընթաց սկսել, որը մյուս կողմն այդքան էլ չի ողջունում, երկար կյանք չի ունենում սկսված այդ գործընթացը, կարծում եմ, այս դեպքում խոսքը վստահության կառուցմանն ուղղված միջոցառումների մասին է, որոնք, ամենայն հավանականությամբ, երկար կյանք չեն կարող ունենալ: Բայց կոնկրետ մեխանիզմների ներդրման դեպքում սա կարող էր հրադադարը խախտող կողմի դեմ լուրջ քայլ դառնալ, լուրջ զսպող մեխանիզմ, հենց այդ գիտակցումը կրկին արդիականացրել է այդ պայմանավորվածությունների թեման: Կողմերը ռազմական գործողություններ չսկսելու նպատակով ինչ-որ կերպ շարունակում են շփումը:

Դժվար է չհամաձայնել ԵԱՀԿ նախագահող գործչի հետ, քանի որ, երբ կրկին մի երկար ընթացքի հանդիպումները կողմերից ոչ մեկի համար չեն ծառայում իրենց նպատակին, սրում են տրամադրությունները, այս ամենի վրա ազդեցություն ունի նաև միջազգային անցուդարձը, հակամարտող երկրներում ծավալվող իրադարձությունները: Ուստի զգոնությունը շփման գծում պետք է պահպանել բարձր մակարդակի վրա և չկտրել բանակցային թելը՝ որքան էլ որ այն, թվում է, թե չի տալիս արդյունքներ»,- ասաց Մաքֆարլեյնը:

Նա նշեց, որ տարեսկզբին որևէ էական խոսակցություն չի ակնկալում կողմերի միջև: «Բնականաբար, երբ կա լավատեսություն, և այն չի արդարացվում, իսկ այսօր լավատեսություն չկա, չգիտեմ՝ ինչի շուրջ կարող են առաջընթաց ունենալ կողմերը: Ավելի բարդ է, երբ կողմերն ամրագրում են իրենց դիրքորումները և նախապես նշում, որ ավելի շատ փոխզիջում չի կարող լինել, ինչն ինքնին բարդացնում է բանակցային գործընթացը, քանի որ այն պետք է ենթադրի տրամադրվածություն՝ լսելու հակառակ կողմին և պատրաստ լինելու տրամաբանական քայլերի:

Ակնհայտ է, որ միջնորդները պատասխանատվության մեծ չափաբաժինը դրել են ռուսական կողմի վրա և գործում են համաձայնության պայմաններում, ինչը գոնե դրական հանգամանք է»,- ասաց նա:

Տեսանյութեր

Լրահոս