ՀՀԿ-ն ողջունում է Բագրատ սրբազանի առաջնորդած շարժումը. Սամվել Նիկոյան

Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ սրբազանի գլխավորած շարժումը վաղը՝ մայիսի 9-ին, կհասնի Երևան, որտեղ ժամը 16։00-ին նախատեսված է մեծ հանրահավաք։

Սրբազանի առաջնորդած այս շարժումը 5 օրվա ընթացքում արժանացել է հանրության տարբեր շերտերի՝ գրեթե բոլոր հասարակական-քաղաքական, մշակութային գործիչների աջակցությանը և, ամենակարևորը, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի օրհնությանը։

Շարժումը, Հայ Առաքելական եկեղեցին և նրանց սատարողներին թիրախավորել են միայն «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ու նրանց աջակցող մի քանի մարդ-կուսակցություն:

Հիշեցնենք, որ մայիսի 7-ին Գերագույն Հոգևոր խորհուրդը հայտարարություն էր տարածել, որում ասվում էր․ «Եկեղեցին, չունենալով քաղաքական իշխանության հավակնություններ, պիտի շարունակի պատմական պատասխանատվության գիտակցությամբ ջանքեր ներդնել հանուն հայրենիքի և պետականության զորացման»։

Կարդացեք նաև

Այս հայտարարությունը ողջունել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա. Կաթողիկոսը՝ կապ հաստատելով Գարեգին Բ. Ամենայն Հայոց կաթողիկոսի հետ և իր ամբողջական զորակցությունը հայտնելով Գերագույն Հոգևոր Խորհրդի հրապարակած հայտարարությանը։

168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում ՀՀԿ ԳՄ անդամ Սամվել Նիկոյանը կարևորեց Բագրատ Սրբազանի անձը՝ ընդգծելով նրա փայլուն կենսագրությունը, ստացած կրթությունը, որ կարողանում է խոսել հանդուրժողականության և ստի դեմ պայքարի մասին՝ հանրության լայն շերտերի համար հասկանալի լեզվով։ Ըստ Նիկոյանի՝ Սրբազանը կարողանում է անել մի բան, ինչը, գուցե, արդարացիորեն չկարողացան անել քաղաքական կուսակցությունները՝ պայմանավորված նրանց զուտ քաղաքական գործունեություն ծավալելու ունակություններով։

«Նիկոլը սատանա է. բերում է սուտ և կեղծիք, բերում է դավաճանություն և խավար, իսկ դրա դեմ պայքարի միջոցը լույսն է, որն այս օրերին կարողանում է բերել հենց եկեղեցու սպասավորը»,- ասաց Նիկոյանը։

ՀՀԿ-ական գործիչը, որպես փաստ՝ ընդգծեց այն իրողությունը, որ ստեղծված իրավիճակում հայ ժողովրդին պետք է ոչ թե զուտ քաղաքական, այլ վերկուսակցական մի շարժում, որը կլիներ բոլորինը՝ անկախ կուսակցական պատկանելությունից, իսկ եկեղեցին հենց այդպիսին է։

Խոսելով այս շարժմանը՝ ՀՀԿ-ի աջակցել-չաջակցելու հարցի ու դրա շուրջ քննադատությունների մասին, Սամվել Նիկոյանն ընդգծեց, որ աջակցում են այս շարժմանը։

«Մենք փողոցում ենք՝ պայքարի մեջ։ Մեր շարքերում հայ մարդիկ են, որոնք ինքնաբուխ մասնակցում են Բագրատ սրբազանի առաջնորդած շարժմանը։ Մենք ողջունում ենք այդ շարժումը, որը հասարակական շարժում է։ Կարծում եմ՝ դեռ վաղաժամ է այս հասարակական շարժման վերաբերյալ քաղաքական ուժերից քաղաքական գնահատական և դիրքորոշում ակնկալելն այս փուլում։ Մենք ողջունում ենք և մասնակցում բոլոր գործողություններին, տեսնում ենք, որ պայքարելու մեծ դաշտ կա։ Մենք ունենք նպատակ՝ հեռացնել Փաշինյանին և փորձել փրկել Հայաստանը և դրա համար ենք պայքարում, իսկ երբ կլինի Սրբազանի առաջնորդած շարժման քաղաքական դիրքորոշումը, մենք դրան կտանք մեր գնահատականը»,- ասաց Նիկոյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Տեսանյութեր

Լրահոս