ՌԴ-ում Փաշինյանին ասելու են՝ կա՛մ էստեղ ես՝ ամբողջությամբ, կա՛մ հեռանում ես՝ դարձյալ ամբողջությամբ. Բալասանյան

Տավուշում հայ-ադրբեջանական սահմանին 40 հատ սյուն են տնկել, բայց Ադրբեջանից 40 միլիմետր հող չեն կարողացել ստանալ, հետևաբար՝ ի՞նչ է սա, եթե ոչ՝ Ադրբեջանին արվող միակողմանի զիջումներ։

168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում, խոսելով Հայաստանը ներկայացնող Նիկոլ Փաշինյանի՝ Ալիևի օգտին արվող տարածքային զիջումների մասին, նման տեսակետ հայտնեց միջազգայնագետ Գրիգոր Բալասանյանը և սահմանագծման և սահմանազատման անվան տակ կատարվողը համարեց Հայաստանի իշխանության կողմից Ալիևի դրած պահանջների բավարարում։

«Ի դեպ, ասում են, թե սահմանագծման և սահմանազատման գործընթաց են հիմա իրականացնում, իսկ ոչ ոք չի հարցնում, թե որտե՞ղ են եվրոպացի դիտորդները, կամ ինչի՞ համար են նրանք մտնում հայկական գյուղեր և գյուղացիներին հարցնում, թե արդյո՞ք այդ գյուղերում ապրել են ադրբեջանցիներ։ Դիտորդներն իրենց այդ քայլերով հող են նախապատրաստում, որ վաղն Ալիևն ասի՝ Հայաստանի այս կամ այն տարածքում ադրբեջանցիներ են ապրել, և դա ասում են միջազգային հանրության կողմից Հայաստան ուղարկված դիտորդները, Ալիևը կասի՝ դա ասում են այն մարդիկ, որոնց տեղակայմանը ես դեմ եմ եղել»,- ասաց Բալասանյանը։

Միջազգայնագետի գնահատմամբ՝ աներկբա է մի բան՝ Հայաստանի դեմ պատերազմը կարող է կանխել ոչ թե տնկած սահմանային սյունը, այլ հայ զինվորը, հետևաբար, այն քաղաքականությունը, որը տանում է ՀՀ իշխանությունը՝ տալով Ադրբեջանին լուրջ խաղաքարտեր, Ադրբեջանի համար նպաստավոր պայմաններ է ստեղծելու պատերազմ սկսելու համար՝ դրան զուգահեռ՝ ունենալով վատթարագույն վիճակում գտնվող հայ-ռուսական հարաբերություններ։

Կարդացեք նաև

«Կարծում եմ, որ հայ-ռուսական հարաբերությունները վերբեռնման կարիք ունեն։ Հայաստանը պետք է չդառնա հայ-ռուսական պլացդարմ»,- ասաց Բալասանյանը՝ ընդգծելով, որ հայ-ռուսական հարաբերությունները պայմանավորված չեն, չեն եղել ու չեն լինելու անձերով, բայց Հայաստանի իշխանությունը պետք է վարի այնպիսի քաղաքականություն, որ դատարկ տեղը մեզ համար խնդիրներ չստեղծի։

«Իմ կարծիքով՝ այսօր Մոսկվայում կայացած հանդիպումը հերթական մի հանդիպում չի կարելի համարել՝ հաշվի առնելով ՌԴ նախագահի օգնական Ուշակովի հայտարարությունը, որ կան կուտակված և պարզաբանումների կարիք ունեցող հարցեր։ Մեծ հավանականությամբ, Փաշինյանին ասել են՝ կամ դու այստեղ ես՝ ամբողջությամբ, կամ դուրս ես գալիս՝ դարձյալ ամբողջությամբ։ Ցավոք սրտի, այնտեղ մեզ որևէ անվտանգային խոստում չեն տվել, տվել են զուտ տնտեսական խոստումներ, այն նույն խոստումներից, որոնք տվեցին, օրինակ, Մոլդովային, որն այսօր կանգնած է անկախությունը կորցնելու առաջ և համարվում է աղքատ երկիր»,- ասաց Բալասանյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Տեսանյութեր

Լրահոս