Սահմանադրականությունից ու բարոյականությունից անդին․ հոկտեմբերի 2-ի սինդրոմը
Մարդու պրակտիկ կյանքում նրա գոյատևման ոչ մի պատմական ամուր ձև և միջոց առանձին անհատների և խմբերի կամային ցանկությամբ չի ձևավորվում: Բոլորը հանդիսանում են ժամանակի մարտահրավերների իրավիճակների և մարդկային կենսագործունեության պայմանների փոփոխությունների ինքնատիպ պատասխաններ:
Այդպես է եղել նաև քաղաքականության հետ, որը ձևավորվել է հասարակության զարգացման մի շարք տենդենցների հատման արդյունքում, որոնք ապահովում էին մարդկային շահերի բավարարումը և հասունացած խնդիրների լուծումը: Ողջ սոցիալական կյանքը հանդիսանում է մարդկանց և նրանց միավորումների մշտական փոխգործակցության գործընթաց, որոնք հետապնդում են իրենց շահերը և նպատակները, ուստի անխուսափելիորեն մրցակցում են միմյանց հետ:
ՀՀ-ում վերջին մեկուկես տարվա ընթացքում տեղի ունեցածից հետո մարդկային հարաբերությունների եզրերը գնալով սրվեցին ու հասան մի փուլի, երբ բարոյական ոչ մի արժեք այլևս գրեթե գոյություն չունի, և ամեն մի գործընթաց չափվում է «հեղափոխական» չափիչով՝ մի գործիք, որն իր կեղծ կատեգորիա լինելը փաստում է երկրաչափական պրոգրեսիայի արագությամբ։ Հենց դրանով պայմանավորված՝ քաղաքականության մեջ գտնվող մարդիկ, իրենց դիմագիծն ու սկզբունքները կորցրած, փորձում են ամեն կերպ «սատարել» ու «հաճոյանալ» «հեղափոխությանը», որն իրականում կլասիկ իշխանափոխություն էր։
Իշխանությունը Նիկոլ Փաշինյանի կողմից «զավթված լինելու» մասին խոսվել է շատ, և բերվել են բազմաթիվ օրինակներ, թե ինչ ընթացակարգով է այն տեղի ունեցել, և ամրագրվել է այն պարզ ճշմարտությունը, որ ՀՀ-ում սահմանադրական կարգը տապալելու համար նա պետք է պատասխանատվության ենթարկվի, իսկ այդ կարգի տապալումը տեղի է ունեցել օրը ցերեկով՝ բոլորիս աչքի առաջ։ Այն, ինչ տեղի ունեցավ 2018-ի հոկտեմբերի 2-ին, բազմաթիվ գնահատականներով՝ ՀՀ-ում սահմանադրական կարգի տապալման երկրորդ փորձն էր, ինչի արդյունքում Փաշինյանի գլխավորությամբ գործադիրի ներկայացուցիչները և հազարավոր մարդիկ բառացիորեն շրջափակել էին խորհրդարանի շենքը՝ փորձելով հանրությանը ցույց տալ, որ «իրենք են ասողը», այնինչ նրանք տապալում էին պետական ինստիտուտի բնական աշխատանքն ու ընտրությունների արդյունքում ընտրված պատգամավորի ազատ տեղաշարժը բլոկադայի ենթարկելով։ Այս փաստին անդրադարձանք, քանի որ նախօրեին «հեղափոխության մարտիկներից» մեկը՝ Ալեն Սիմոնյանը, ԱԺ ճեպազրույցների ժամանակ, հերթական անգամ հանրության ուշադրությունն իր վրա բևեռելու պատրվակով հիշեց այդ օրվա իրադարձությունները՝ իր թիրախում որերորդ անգամ դնելով նախկին իշխանություններին։ Իր խոսքում Սիմոնյանն ասել է․ «Հոկտեմբերի 2-ից մի քանի օր առաջ ԱԺ բակում խորհրդարանի 100-ամյակին նվիրված տոնակատարություն էր տեղի ունենում, և այնտեղ ՀՀԿ-ական այն ժամանակվա պատգամավորներից երկուսն ինձ ասացին, որ՝ ոչինչ, քիչ մնաց, մենք ձեզ թերագնահատեցինք, բայց հիմա դուք եք մեզ թերագնահատում։ Կտեսնեք՝ մի քանի օր անց ինչ կլինի։ Ես նույնիսկ կարող եմ անուններ տալ, բայց չեմ ուզում գովազդել այդ անձնավորություններին։ Այդ ժամանակ չհասկացա, թե ինչի մասին էր խոսքը, բայց տեղի ունեցավ հոկտեմբերի 2-ը»։
Ակնհայտ է, որ ներկայումս երկրի բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը փորձում է պարծենալ Սահմանադրական կարգի տապալման բացահայտ գործընթացով՝ այն ինչ-որ խորհրդապաշտական ու դավադրությունների տեսություն հիշեցնող մութ պատմությունների սոուսով հրամցնելով։
Միանշանակ է, որ տեղի ունեցածի և Սահմանադրությունը խախտելու համար պետք է տեղի ունենա հստակ իրավական գործընթաց, և այն մարդիկ, ովքեր կազմակերպել են այդ գործընթացները, ինչպես նաև նրանք, ովքեր այսօր առանց առիթի այս թեման շրջանառում են, պետք է պատասխանատվության ենթարկվեն։ Թե՛ անցյալում, և թե՛ այսօր շատերն են պնդել և պնդում, որ քաղաքականությունն ու անբարոյականությունն իրարից գրեթե անբաժան են։ Իսկ որոշ քաղաքական գործիչներ՝ թե՛ անցյալում, և թե՛ հատկապես այսօր, իրենց անմեղսունակ ու անբռնազբոս պահվածքով վերահաստատում ու ապացուցում են այս փաստի ճշմարտացիությունը։ Հակառակը պնդողներ, բնականաբար, կան, և բոլորին է հայտնի, որ վերջին տարիներին մեզանում քաղաքականությանը բարոյականություն խառնելու բոլոր անհաջող փորձեր իրականացնողներն այսօր գտնվում են իշխանության բուրգի գագաթին։
Արթուր Գալստյան



