«Այս օրինագիծը հակասում է հեղափոխության տրամաբանությանը». Հայկ Սուքիասյան
«ՍԴ-ն լեգիտիմ չէ, և նրանք պետք է վաղուց թոշակի գնացած լինեին, բայց ընտրված ձևը և այս օրինագիծը, ըստ էության, կոռուպցիա է, պետական ինստիտուտների փոխհարաբերությունների էության այլասերում է: Նախ՝ իշխանության բացատրությունները, որ սա արժանապատիվ թոշակի գնալու ձև է, սոփեստություն է»,- 168 TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց քաղաքագետ Հայկ Սուքիասյանը:
Հիշեցնենք, որ այսօր Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ ընդունեց Սահմանադրական դատարանի դատավորներին վաղ կենսաթոշակի ուղարկելու մասին օրենքի նախագիծը: Օրենքի նախագծին կողմ քվեարկեց միայն «Իմ քայլը» խմբակցությունը, ԲՀԿ-ն և ԼՀԿ-ն դեմ քվեարկեցին:
Քաղաքագետի խոսքով՝ ներկայացված օրինագիծը հակասում է հեղափոխության տրամաբանությանը. «Սա տեղավորվում է իշխանության տրամաբանության շրջանակում, որովհետև գործող իշխանությունը տառապում է իրավական ֆետիշով՝ ամեն ինչ բացատրել օրենքի տառով, և-ով, ստորակետով, բայց սա հակասում է հեղափոխության տրամաբանությանը»:
Հարցին՝ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանն ԱԺ-ում հայտարարել է, թե ընտրողներն իրենց տվել են 71 տոկոս ձայն և ասել են՝ գնացեք ու ամեն ինչ փոխեք. սա դասական պոպուլիզմի օրինակ չէ՞, երբ իշխանություններն իրենց գրեթե բոլոր քայլերը որակում են՝ որպես ժողովրդի պահանջ, փորձում համոզել, թե ժողովուրդն է այդպես ուզում, նա պատասխանեց. «Անելու ձևն է պոպուլիստական, իրենց անելու ձևը հեղափոխության տրամաբանությանը հակասում է: Իրենք գնացել են գործող ոչ լեգիտիմ Սահմանադրության հետ գործարքի: Սա կոռուպցիա է, սա կաշառք չէ: Բայց այն, որ պահանջը կա, Ալեն Սիմոնյանը ճիշտ է ասում»:
Դիտարկմանը, թե 2020 թվականի պետբյուջեին կրկին դեմ քվեարկեցին ԱԺ ընդդիմադիր ուժերը, և այն ընդունվեց միայն «Իմ քայլը» խմբակցության անդամների կողմից, արդյո՞ք սա միակուսակցական համակարգի առկայության մասին չի վկայում, Հ. Սուքիասյանը պատասխանեց. «Ըստ էության, կեղծ բազմակուսակցական համակարգ է. ձևական իմաստով կուսակցություններ կան, բայց դրանք դերակատարություն չունեն: Բայց սա ՀՀԿ-ի շրջանի միակուսակցական համակարգը չէ, նրանց ժամանակ սարքած էր իրենց միակուսակցականությունը, իսկ հիմա սա օրինական ընտրված միակուսակցական համակարգ է, բայց դա էլ, մեծ հաշվով, հարցի էությունը չի փոխում: Դա շատ վտանգավոր բան է, երբ դուք ունեք բացարձակ մեծամասնություն և կարող եք անընդհատ օրենքներ դակել, ինչը որ այս օրենքն է: Այս օրենքը բացարձակ սխալ է և ազդում է հեղափոխության հմայքի վրա: Եվ երբ անընդհատ ասում են, որ լեգիտիմ են, ես առաջարկում եմ անընդհատ այդ բառը չօգտագործել: Հետո՞ ինչ, որ լեգիտիմ եք: ՀՀ-ում միակ լեգիտիմ ինստիտուտը հեղափոխությունն է, բոլորը, նաև՝ գործող իշխանությունը, լեգիտիմ չեն: Եթե հեղափոխությունը վարկաբեկվեց, գործող իշխանությունը մնալու շանս չունի, հետևաբար, իրենք պետք է կառչեն հեղափոխության տրամաբանությունից»:
Խոսելով Արցախի շուրջ տեղի ունեցող գործընթացների մասին՝ քաղաքագետն ասաց, որ Արցախի բանակցությունների հարցում որևէ առաջընթաց չի լինելու, եթե մնալու է այն ձևաչափը, որը հիմա կա. «ԵԱՀԿ ՄԽ առաջ քաշած բանաձևերն են՝ տարածքային ամբողջականություն, ազգերի ինքնորոշման իրավունք և կոնֆլիկտի խաղաղ կարգավորում: Սրանք իրար հակասող նորմեր են, հետևաբար՝ սրա շրջանակներում եթե շարունակվելու է կոնֆլիկտի լուծումը, բացառվում է որևէ առաջընթաց: Հիմքը պետք է փոխվի. կեղծ հիմքի վրա գործ են անում: 1968թ. դեկտեմբերի 14-ի ՄԱԿ-ի «Գաղութացված ժողովուրդներին և ազգերին ազատություն և անկախություն տրամադրելու մասին» բանաձևով աշխարհում 70-ից ավելի պետություն անկախացել է: Հիմա հետաքրքիր է՝ ինչո՞ւ մեր իշխանություններն այս բանաձևը չեն ընդունել, այլ ընդունել են այն բանաձևը, որը պարտադրել է ՄԽ-ն, և որը կոնֆլիկտ ստեղծող բանաձև է: Տպավորություն է, թե ՄԽ-ն կոնֆլիկտը լուծելու համար է, բայց իրականում լրիվ հակառակն է՝ ՄԽ-ն կոնֆլիկտ է սարքում, դրել է երկու իրարամերժ բանաձև՝ տարածքային ամբողջականություն և ազգերի ինքնորոշման իրավունք, անընդհատ կոնֆլիկտը կառավարում է: Մենք էլ այդ տրամաբանության մեջ տեղավորվել ենք»:
Մանրամասները՝ 168 TV-ի տեսանյութում