Բաժիններ՝

Ավստրիայում կատարել են հիվանդին մահացած սրտի փոխպատվաստման հաջող վիրահատություն

Վիեննայի Քաղաքային կլինիկական հիվանդանոցի բժիշկները կատարել են հիվանդին մահացած սրտի փոխպատվաստման հաջող վիրահատություն: Այդ մասին հայտնել է OFR հեռուստառադիոընկերությունը:

Անհնարին համարվող վիրահատությունն առաջին անգամ տեղի է ունեցել Ավստրիայում: Այն տեւել է ինը ժամ: Սրտաբանները կարողացել են 61-ամյա հիվանդին փոխպատվաստել մահացած մարդու սիրտ: Օրգանը դրա լիակատար կանգից հետո հաջողվել է փոխպատվաստել Donation after Circulatory Death մեթոդի շնորհիվ: Սովորաբար այն օգտագործվում է թոքերի, լյարդի եւ երիկամների փոխպատվաստման դեպքում: Դրա կիրառումը մահացած սրտի վրա համարվում էր անհնարին արյան շրջանառության խանգարման պատճառով:

Այդ մեթոդի հիման վրա սրտի առաջին հաջող փոխպատվաստումը կատարվել է 2014 թվականին Սիդնեյում: Այն հիմք է դարձել Վիեննայում վիրահատության նախապատրաստման համար, որը շարունակվել է գրեթե չորս տարի: Ավստրիայում փոխպատվաստումը հաջողվել է իրականացնել Organ Care Systems օրգանների խնամքի սարքի միջոցով, որը մահացած սրտին հարկադրել է բաբախել:

Քաղաքային հիվանդանոցին կից Վիեննայի բժշկական համալսարանի տեղեկատվության համաձայն՝ հիվանդը փոխպատվաստումից հետո իրեն լավ է զգում: Ստացված արդյունքը կարող է ապագայում մեծացնել սրտի փոխպատվաստումների թիվը, կրճատել հիվանդների սպասման ժամանակը եւ նվազեցնել մահացությունը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս