Կարելի՞ է արդյոք սանձել կապերը բաց թողած երեխային
Ցանկացած իրավիճակ կարելի է հարթել:
«Բարի առավոտ», «թույլ տվեք», «շնորհակալություն», «խնդրեմ», «կներեք»… ակնհայտորեն շատ երեխաներ ու դեռահասներ երբեք չեն էլ իմացել այս բառերի նշանակության մասին, քանի որ մենք հազվադեպ ենք դրանք լսում նրանց շուրթերից: Դա կարող է լինել անհարգալից վերաբերմունքի կամ անդաստիարակության նշան:
Ծնողները պետք է իրենց վրա պատասխանատվություն վերցնեն, որ երեխաներին սովորեցնեն հարգալից լինել յուրաքանչյուրի հանդեպ, ով էլ որ դա լինի: Այնուամենայնիվ, միամտություն է պարզապես նստել ու սպասել, որ երեխան ինչ-որ բան սովորի: Երբ երեխային կամ դեռահասին պատում է զայրույթը, սթրեսը կամ հիասթափությունը, նրանց ուղեղի ռացիոնալ հատվածն անջատվում է, և դրա համար էլ անօգուտ է ինչ-որ բան նրանց բացատրելը:
Մենք չենք կարող երեխաներին ինչ-որ բան սովորեցնել, քանի դեռ էմոցիոնալ մակարդակում կապված չենք նրանց հետ: Այդպիսի դեպքերում սպառնալիքները նույնպես չեն աշխատում, քանի որ կատաղության պահին նրանք կհիշեն միայն սպառնալիքը, այլ ոչ իրենց սովորեցրածը: էլ չենք խոսում ֆիզիկական պատժի մասին: Դրանք ոչ միայն ոչինչ չեն սովորեցնում, այլև վիրավորանք են ծնում:
Դեռահասն առհասարակ երբեք չի համաձայնի իշխանության հետ, այն բանի հետ, որ կան կանոններ, ու պետք է դրանց հետևել: Դեռահասը ձգտում է սահմաններից դուրս գալ, հաղթահարել սահմանափակումներն ու գործել այնպես, ինչպես ուզում է: Դեռահասներն անվճռական են, և նրանք շատ հարցեր ունեն, որոնց հետ հաճախ չգիտեն՝ ինչ անեն: Դա այն պահն է, երբ նրանք ամենաշատն իրենց ծնողների կարիքն ունեն:
Երեխաների մոտ հարգանք ունենալու կարողության դաստիարակումը չի կարող ուղեկցվել հենց իրենց հանդեպ անհարգալից վերաբերմունքի դրսևորմամբ: Սպառնալիքները, պատիժները, բռնությունը, բարոյական նվաստացումը, շանտաժը ոչ թե իշխանության ցուցադրություն են, այլ ավտորիտարիզմի: Եվ այդպես դուք ոչ մի բանի չեք հասնի:
Ուշադրություն դարձրեք՝
- Երեխայի կամ դեռահասի կողմից դրսևորած անհարգալից վերաբերմունքի հարցը պետք է լուծվի հնարավորինս արագ, որ չխորանա:
- Հիմնավորեք ձեր երեխայի վատ վերաբերմունքը՝ ասելով, որ «բոլոր երեխաները հավասար են»:
- Հարգալից փոխգործակցության ուսուցանումը նրանց կօգնի զարգացնել շրջակա միջավայրի հետ նրանց ունեցած այլ կապերը:
- Անհարգալից երեխային օգնություն է պետք, որ նա կարողանա իր զայրույթն ու հիասթափությունն այլ անհրաժեշտ հուն ուղղել:
Ինչպե՞ս ենք մենք ուղղում այդ վերաբերմունքը:
1. Ուսուցանում առաջին իսկ րոպեից
Սխալ է մտածել, որ, եթե երեխան փոքր է, ուրեմն նա չի կարող հասկանալ կանոնները կամ ինչ-որ բան, որ իրեն բացատրում են: Երեխաներն անընդհատ են սովորում: Երբեք մի մոռացեք դա:
2. Ընդունեք հիասթափությունը
Ուզում եք՝ հավատացեք, ուզում եք՝ ոչ, բայց երեխաների չափից առավել պաշտպանությունը կոպտության ձև է: Մանկական տառապանքներից խուսափելու մեր ձգտման մեջ մենք սխալներ ենք գործում՝ նրանց թույլ չտալով պատրաստվել ոչ բարենպաստ իրավիճակների հաղթահարմանը:
Մենք չենք ուզում, որ նրանք լաց լինեն, ապա անում ենք նրանց խնդրանքը: Մենք չենք ուզում, որ նրանք զայրանան, ապա թույլ ենք տալիս անպատշաճ վարքագիծ:
3. Սահմանափակումներ մտցրեք
Երբեմն մեր երեխաների բացասական վերաբերմունքը կապված է այն բանի հետ, որ նրանք շատ լավ գիտեն, թե որքան հեռու կարելի է գնալ, և որքան՝ ոչ: Դա կապված է չպարզեցված սահմանների հետ:
Եթե մենք կանոն ենք սահմանում, որին պետք է հետևել, մենք պետք է սկզբունքորեն օրինակ ծառայենք ու բացատրենք, թե որոնք են այդ կանոնների ընդունման դրական հետևանքները:
4. Համաձայնեցվածություն ու համառություն
Այնպիսի պատիժներ, ինչպիսիք են «մի ամիս առանց հեռուստացույցի» կամ «երկու ամիս առանց ընկերոջ հետ զբոսանքի գնալու», բացարձակապես անօգուտ են: Սկզբունքորեն են անօգուտ, քանի որ մեզ դժվար թե հաջողվի դրանք պահպանել, իսկ հետո պատժի էությունը կորչում է:
5. Կարողանալ տարբերել
Որպես ծնողներ՝ մենք պետք է հստակ հասկանանք, թե ինչն է անթույլատրելի, և ինչը՝ ոչ էական: Երբեմն մենք չափազանց շատ ուշադրություն ենք հատկացնում մանրուքներին, բայց միևնույն ժամանակ՝ թույլ ենք տալիս վիրավորել:
Որպես եզրափակում՝ ևս մեկ անգամ նշենք, որ պետք է խոսել, բացատրել, հարցնել մեր երեխաներին: Եկեք իմանանք, թե ինչ է տեղի ունենում, և թող մեր երեխաներն իմանան, որ վատ վերաբերմունքը, վատ կրթությունը և անհարգալից վերաբերմունքը միայն խնդիրներ կբերեն, և, որ ավելի հեշտ է բարեկիրթ լինելը:
Հրապարակման պատրաստեց Սոֆա Պետրոսյանը