Մեղրիի ազատ տնտեսական գոտու գործարկումը կարևոր է հայ-իրանական առևտրատնտեսական հարաբերությունները խորացնելու տեսանկյունից. Իրանցի վերլուծաբան

«Հայաստանն ու Իրանը չունեն լուրջ խնդիրներ, սակայն առևտրատնտեսական հարաբերություններում կա դեռևս չիրացված լուրջ ներուժ»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց իրանցի վերլուծաբան Սալար Սեյֆոդինին` մեկնաբանելով հայ-իրանական հարաբերությունների ներկայիս մակարդակը և կարծիքները, որ այդ հարաբերություններում կա  չիրացված  առևտրատնտեսական ներուժ:

Հիշեցնենք, որ ԵԱՏՄ-ի և Իրանի միջև ազատ առևտրի գոտու ձևավորմանն ուղղված  եռամյա  համաձայնագիրը սկսել է գործել 2019 թ. հոկտեմբերի 27-ից:

Սալար Սեյֆոդինին ասաց, որ Իրանը հարևաններ շատ ունի և այս տեսանկյունից աշխարհում ռեկորդակիր երկիր է: «Մենք մոտավորապես 15 հարևան ունենք  քարտեզի վրա պաշտոնապես և մոտ 24 հարևան էլ ունենք, որոնք քարտեզի վրա չկան, օրինակ՝  Իրաքի Քրդստանը, Արցախը, և այլն: Իրանը մի թեզ ունի, որով առաջնորդվում է՝ որքան շատ հարևան, այդքան շատ հնարավորություններ: Իրանը հետամուտ է լինում այդ բանաձևին, և Հայաստանն էլ այդ համատեքստում տեղավորվում է և մեր եզակի հարևաններից է, որի հետ մենք չունենք ոչ մի խնդիր՝ ո՛չ  անվտանգային խնդիրներ, ո՛չ մարզային, ո՛չ մաքսանենգային, ո՛չ պատերազմ: Ապագայում հնարավոր է, որ բնապահպանական խնդիրներ առաջանան, դրա վրա պետք է աշխատել, իհարկե»,- ասաց Սեյֆոդինին:

Նրա կարծիքով՝ հայ-իրանական քաղաքական հարաբերությունները ներկայումս էլ բարձր մակարդակի վրա են գտնվում, եթե դիտարկենք երկրի ղեկավարների փոխայցելությունների հաճախականությունը՝  ամեն տարի առնվազն մեկ անգամ ղեկավարները հանդիպում են:

«Ինչպես յուրաքանչյուր երկկողմ հարաբերության դեպքում, Հայաստանի և Իրանի դեպքում ևս կան աշխարհաքաղաքական խնդիրներ, սակայն ընդհանուր առմամբ աշխարհագրական և աշխարհաքաղաքական շահերն ու հետաքրքրությունները գրեթե մշտապես համընկնում են: Մյուս կողմից՝ կան նաև պատմությունից եկած  ավանդական  հարաբերություններ: Հայաստանն Իրանի պատմական, բնական հարևանն է, դարերի խորքից եկող հարաբերություններ են սրանք»,- ասաց իրանցի վերլուծաբանը:

Այս ամենի հետ մեկտեղ՝ նա նշեց, որ կան խնդիրներ: Ըստ նրա՝ երբ ասում են, որ ոչ այնքան բարձր մակարդակի վրա են հայ-իրանական հարաբերությունները, նկատի   ունեն առևտրատնտեսական հարաբերություններում առկա չիրականացված ներուժը:  «Իրանի համաձայնագիրը  ԵԱՏՄ-ի հետ  լրացուցիչ հնարավորություններ է ընձեռում նաև հայ-իրանական հարաբերությունների խորացման համար, լրացուցիչ   ներուժ  է  բացվում, և Հայաստանն  այս առումով դարպաս է Իրանի համար դեպի  ԵԱՏՄ շուկա: Իմ կանխատեսումն այն է, ամեն ինչ լավ ընթանալու դեպքում, տնտեսական հարաբերությունները ևս կծաղկեն, ինչպես քաղաքական հարաբերությունները»,- ասաց Սալար Սեյֆոդինին:

Իրանցի վերլուծաբանի կարծիքով՝ հայ-իրանական առևտրատնտեսական հարաբերությունների խորացման համար երկու  երկրներն էլ պետք է լրացուցիչ ջանքեր ներդնեն, անպայմանորեն աճեցնեն համագործակցության ծավալները: «Շատ կարևոր է այս համատեքստում  մասնավոր սեկտորի աշխատանքը: Եթե ներկայումս  էլ դա չարվի, կարծում եմ՝ կրկին կունենանք  այդ խնդիրը, և դա բաց կմնա: Իրանի տնտեսությունը մինչ այժմ էլ շատ կախված է նավթից: Բայց  գնալով այդ կախվածությունը նվազում է, և եթե  այն քչանում է,  տնտեսության մնացած ճյուղերն էլ են սկսում  զարգանալ: Ապագայում երկու  երկրների՝ միմյանց նկատմամբ ճանաչելիությունը պետք է ավելանա, և եթե լուծենք այդ հարցը, կկարողանանք  աճ արձանագրել նաև առևտրատնտեսական հարաբերությունների ոլորտում: Մեղրիի ազատ առևտրի  գոտու գործարկումը չափազանց կարևոր է. կարծում եմ,  որ տնտեսական հարաբերությունները մեկ քայլ առաջ կգնան դրանով»,- ասաց վերլուծաբանը:

Տեսանյութեր

Լրահոս