«Տեղաբնիկ ժողովուրդները զրկված են տարրական իրավունքներից, նրանք չեն կարողանում իրենց ինքնությունը պահպանել». Վարդան Ոսկանյան

«Կովկաս-Կասպյան տարածաշրջանի տեղաբնիկ ժողովուրդները զրկված են այն տարրական իրավունքներից, որոնց մասին Հայաստանում մենք նույնիսկ չենք էլ մտածում»,- խոսելով «Կովկաս-Կասպյան տարածաշրջանի տեղաբնիկ ժողովուրդները գիտական իրակույթների և զեղծարարությունների լույսի ներքո» գիտաժողովի նպատակների մասին, ասաց ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետի Իրանագիտության ամբիոնի ղեկավար Վարդան Ոսկանյանը:

Տեսակետը, թե մոտ ապագայում հնարավոր է՝ տարածաշրջանի այս ժողովուրդները պետություններ ստեղծեն, Վարդան Ոսկանյանի համար այնքան էլ իրատեսական չէ: Ինչպե՞ս կարելի է խոսել պետություն ստեղծելու մասին, երբ այդ ժողովուրդներն անգամ իրավունքներ չունեն:

Ըստ Ոսկանյանի՝ տեղաբնիկներին թույլ չի տրվում խոսել իրենց լեզվով, չեն կարողանում զարգացնել իրենց մշակույթն ու պահպանել սեփական ինքնությունը: Դրա վառ օրինակը Ոսկանյանի համար Ադրբեջանում տեղաբնիկ ժողովուրդների, զանազան մեքենայությունների միջոցով՝ որպես էթնիկ ադրբեջանցիներ հռչակումն է:

Արևելագետն ասում է, որ Ադրբեջանի խորհրդարանում մարդն անգամ պատգամավոր չի կարող դառնալ, եթե հայտարարի, որ ինքը թալիշ է:

Ըստ Վ. Ոսկանյանի՝ Կովկաս-Կասպյան տարածաշրջանի ժողովուրդների՝ թալիշների, լեզգիների, ավարների, օսերի գիտակից հատվածը Հայաստանը դիտարկում է՝ որպես իրենց համար դաշնակից պետություն, ու այս փաստը, նրա խոսքով, պետք է օգտագործել:

«Ադրբեջանական հասարակությունը Հայաստանի նկատմամբ վարում է բացահայտ թշնամական քաղաքականություն: Մենք պատրաստ ենք խաղաղություն հաստատելու ադրբեջանական հանրապետության տեղաբնիկ ժողովուրդների հետ: Եվ այդ տեղաբնիկ ժողովուրդները Երևան ժամանելով՝ ապացուցում ու հավաստիացնում են, որ պատրաստ են այդ խաղաղության մթնոլորտը մեզ հետ ստեղծել՝ անկախ Բաքվի բռնապետական վարչակարգի հակահայկական քարոզչությունից և հակահայկական բացահայտ թշնամական գործողություններից»,- ասաց Վարդան Ոսկանյանը:

ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետի Իրանագիտության ամբիոնի ղեկավարը վստահեցնում է, որ այսօր հասարակական, գիտական և մշակութային մակարդակով Հայաստանը բացառիկ դերակատարություն ունի այս ժողովուրդների կյանքում: Նա կարծում է, որ այդ դերակատարումն աստիճանաբար պետք է փոխվի քաղաքականի, բայց դա արդեն գիտնականների գործը չէ. «այդ խնդիրների լուծմամբ պետք է զբաղվեն այլ պատկան մարմիններ»:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս