«Բանակցությունների ցանկացած ընթացքի Զինված ուժերը պատրաստ է». Գաբրիել Բալայան
«Կարծում եմ՝ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը մեկնաբանելն արտգործնախարարության իրավասությունն է, ուստի ձեռնպահ եմ մնում ընդհանրապես մեկնաբանություն տալ: Միայն կասեմ, որ արտգործնախարարությունը մշտապես զգում է Պաշտպանության նախարարության և Զինված ուժերի աջակցությունն իր թիկունքում»,- այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց Պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանը՝ անդրադառնալով 168.am-ի այն հարցին, թե ինչպես կգնահատի արտգործնախարարների հանդիպումից հետո երկուստեք արված հայտարարությունները:
Անդդրադառնալով Ավստրիայում, Սլովակիայում ու Սլովենիայում ադրբեջանական դեսպանատան Twitter-ում հրապարակված փաստաթղթին, որտեղ Ադրբեջանը նախկինի պես հանձնառու է կոնֆլիկտը լուծել քաղաքական ճանապարհով ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում՝ Գաբրել Բալայանը նշեց, որ դա մեկնաբանելու կարիք չկա՝ «Ադրբեջանը խելքի է գալիս», որ հարցի լուծումը պետք է լինի բանակցությունների միջոցով:
«Բանակցությունների ցանկացած ընթացքի Զինված ուժերը պատրաստ է, այս առումով կարող եք անհոգ լինել, բանակացությունների ընթացքը որևէ ձևով չի ազդում Զինված ուժերի պատրաստության վրա: Ինչպես մի քանի անգամ մենք հայտարարել ենք, այսօր առաջնագծում իրավիճակի թելադրողը Հայաստանի և Արցախի Զինված ուժերն են, այսքանով այս հարցը կարող ենք փակել:
Որևէ բանակցային գործընթաց չի սահմանափակում մեր պատրաստությունները: Դուք տեսաք, որ այսօր վարչապետն էլ հայտարարեց, որ բավականին լուրջ ձեռբերումներ ունենք Զինված ուժերում, սա փաստ է և դեռ շատ բաներ չենք կարող հրապարակել ձեռքբերումների մասով: Այս առումով խնդրում եմ ի գիտություն ընդունել, որ բանակցային գործընթացը չի խանգարում մեր պատրաստվածությանը, իհարկե, որոշակի առումով օժանադակում է, բայց չի կարող խանգարել»,- շեշտեց Գաբրիել Բալայանը:
Ինչ վերաբերում է սահմանային իրավիճակին, Գաբրիել Բալայանը տեղեկացրեց, որ որոշ ժամանակ առաջ արձանագրվել է սահմանային որոշակի լարվածություն, իսկ վերջին օրերին իրավիճակը սովորականի նման է, կրակոցների կտրուկ ավելացում կամ նվազեցում տեղի չի ունեցել:
Հիշեցնենք, որ ԵԱՀԿ 26-րդ նախարարական խորհրդաժողովի շրջանակներում` դեկտեմբերի 4–ին Բրատիսլավայում տեղի է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը։